Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնը մասամբ վերսկսել է աշխատանքը Հայաստանում

  • 09:31 04.12.2023

1992 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ դեկտեմբերի 3-ը ճանաչվել է սահմանափակ հնարավորություններով մարդկանց Միջազգային օր։ Այդ մարդկանց թիվը տարեցտարի ավելանում է ամբողջ աշխարհում, և Արցախն ու Հայաստանը, ցավոք, բացառություն չեն։

Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնը 25 տարի շարունակ Արցախի բնակչությանը մատուցել է վերականգնողական ոլորտում ծառայությունների լայն շրջանակ։ Կենտրոնի մասնագետները զբաղվել են ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց վերականգնմամբ։ Մասնավորապես, կենտրոնում վերականգնողական կուրսեր են անցել Արցախյան 3 պատերազմների ժամանակ վիրավորված հարյուրավոր մարդիկ։

2023 թվականի սեպտեմբերին կենտրոնը դադարեցրեց իր գործունեությունը։

Այժմ, տեղահանությունից որոշ ժամանակ անց, Քերոլայն Քոքսի անվան Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնը մասամբ վերսկսում է իր գործունեությունը Հայաստանի տարածքում։ Կենտրոնի մասնագետները տնային պայմաններում վերականգնողական ծառայություններ կտրամադրեն Արցախի և Հայաստանի հիվանդներին։ Նրանք նաև կաշխատեն ընտանիքի անդամների հետ՝ նրանց ծանոթացնելու վերականգնողական գործընթացին և հիվանդի առօրյա կյանքի կազմակերպման առանձնահատկություններին։

Բացի այդ, կտրամադրվեն տնային պայմաններում բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցներ և պարագաներ։

Ուզում եմ հուսալ, որ ապագայում կապահովեն բոլոր անհրաժեշտ պայմանները Կենտրոնի՝ նախկին ձևաչափով աշխատելու համար։

Արսեն Աղաջանյան

f