Վերջին շրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցի, Լեռնային Ղարաբաղի խնդրի և, ընդհանուր առմամբ, Հայաստանի նկատմամբ ուշադրությունը միջազգային ասպարեզում ոչ միայն չի մարել, այլ ավելի է աճել։ Օրինակ, ԱՄՆ Սենատում տեղի ունեցան «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով լսումներ, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը կայացրեց միջանկյալ որոշում, որով, ըստ էության, առնվազն մասամբ բավարարվեցին ՀՀ-ի պահանջները, Երևանում տեղի ունեցավ ԵԱՀԿ ԽՎ-ի աշնանային նիստը, որին, ի դեպ, չմասնակցեցին միայն Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը։
Իհարկե, այս բոլոր իրադարձությունների մեկը մյուսի հետևից իրականանալը նաև պատահական համընկնումների արդյունք է, բայց այն, որ Հայաստանի նկատմամբ ուշադրությունը աննախադեպ մեծ է՝ կասկածից դուրս է։ Կարծում եմ, որ այս ամենը հիմնականում պայմանավորված է երեք փոխկապակցված եւ միմյանց փոխլրացնող հանգամանքներով։
Նախ, պաշտոնական Երևանն ինքն է դիմել միջազգային հանրությանը, իսկ ավելի կոնկրետ` Եվրոպական Միությանը, հայտարարելով, որ «պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի»: Այսինքն՝ կարող ենք ենթադրել, որ Հայաստանի նկատմամբ աճող ուշադրությունը որոշակիորեն նաև արձագանք է Հայաստանի եվրաինտեգրման մտադրություններին։
Երկրորդ հանգամանքը պայմանավորված է նրանով, որ Արևմուտքն այսօր տեսնում է հնարավորություն ուժեղացնելու սեփական դիրքերը մեր տարածաշրջանում ՝ այդ թվում, Ռուսաստանի ներկայությունը առնվազն թուլացնելու միջոցով, և Հայաստանը բնական դաշնակից է դառնում այս առումով։
Եվ, վերջապես, երրորդ հանգամանքը՝ Արևմուտքը, որը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ, տեսնելով, թե ինչպես է Հայաստանը հիբրիդային հարձակումների ենթարկվում Կրեմլի կողմից, ինչպես նաև, անհանգստանալով, որ բանակցային գործընթացը դանդաղ եւ չափից ավելի անկանխատեսելի ընթացք է ունենում, հավելյալ ջանքեր է գործադրում Հայաստանի դիրքերը ուժեղացնելուն նպաստելու և Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու առումով։
Առանձին ուշադրության են արժանի վերջերս ԱՄՆ Սենատում «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագիրը կրող լսումները, որոնց ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Օ՝Բրայենը, մասնավորապես, հայտարարել էր․ «Մենք հստակ ասել ենք, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները սեպտեմբերի 19-ից հետո նորմալ չեն լինի, քանի դեռ առաջընթաց չենք տեսել խաղաղության շուրջ բանակցություններում։ Այդ պատճառով չեղարկել ենք մի քանի բարձրաստիճան այցեր, դատապարտել ենք Բաքվի գործողությունները։ Ադրբեջանին ռազմական աջակցությունն արգելող 907-րդ լրացումն էլ կմնա ուժի մեջ, քանի դեռ իրավիճակը չի բարելավվել․․․Մենք փորձում ենք ճանապարհ հարթել, որը հստակ ցույց է տալիս՝ ինչ առավելություններ կլինեն խաղաղության գնալիս, և թե ինչ գին պետք կլինի վճարել դրանից խուսափելու դեպքում»։ Այսինքն, ստացվում է, որ ԱՄՆ-ն թեև պատժամիջոցներ չի կիրառել Ադրբեջանի նկատմամբ, սակայն խիստ բացասական, քննադատական վերաբերմունք ունի վերջինիս հանդեպ և հրապարակայնորեն խոսում է դրա մասին ու, ըստ էության, ճնշում գործադրում նրա վրա, հասկացնելով, որ եթե Բաքվի ոչ կառուցողական վարքագիծը շարունակական լինի, ապա Ադրբեջանը թանկ կվճարի դրա համար։
Ընդհանրապես նկատվել է նաև, որ խորանում է մի միտում, երբ Արևմուտքը գոհունակությամբ նշում է, որ Հայաստանը կառուցողական մոտեցում ունի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում, իսկ Ադրբեջանը Արևմուտքի կողմից քննադատվում է ոչ կառուցողականության համար։ Մինչդեռ պաշտոնապես Հայաստանի դաշնակիցը համարվող Ռուսաստանը, հակառակը, դրական է արտահայտվում Ադրբեջանի քայլերի նկատմամբ և, միևնույն ժամանակ, առնվազն անհասկանալի է համարում Հայատանի դիրքորոշումը։ Կրեմլը նշել է, որ հայկական կողմին մի քանի անգամ հրավեր են ուղարկել Մոսկվայում և տարբեր միջոցառումների շրջանակներում բանակցություններ անցկացնելու համար, սակայն մինչ այժմ չեն ստացել «ըմբռնելի պատասխաններ»:
Մինչդեռ Ադրբեջանն արդեն մի քանի անգամ հրաժարվել է մասնակցել արևմտյան հարթակներում նախապես հայտարարված եւ համաձայնեցված բանակցություններին: Գրանադայի հանդիպմանը Ալիևը չմասնակցեց, պատճառաբանելով, որ Ֆրանսիան պատրաստվում է զենք վաճառել Հայաստանին, չի կարող անկողմնակալ միջնորդ լինել։ Իսկ Վաշինգտոնյան հանդիպումը չկայացավ, քանի որ հիմա էլ Բաքուն հայտարարեց, որ ԱՄՆ-ն է կողմնակալ դիրքորոշում որդեգրել։ Որպես այդ թեզի հիմնավորում Բաքուն պատճառ բերեց արդեն հիշատակված լսումների ժամանակ հնչած հայտարարությունները։ Սակայն, հատուկ ուշադրության արժանի փաստ է այն, որ բրյուսելյան հանդիպումից Բաքուն պաշտոնապես չի հրաժարվել, Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը պարզաբանել էր, որ հանդիպումը չի կայացել «ժամանակի սղության պատճառով»:
Սակայն, օրինակ, Տոյվո Կլաարի մեկ այլ, ավելի ուշ արված այն հայտարարությունը, որ «գնդակը Ադրբեջանի դաշտում է», և որ «մենք չենք հասկանում՝ ինչու կարգավորման գործընթացն ավելի արագ առաջ չի գնում», թույլ է տալիս մեզ ենթադրել, որ Բաքուն խուսափել է և դեռ խուսափում է բրյուսելյան հարթակից։
Ընդհանրապես, տպավորությունս այն է, որ Ադրբեջանը արևմտյան հարթակներում կաշկանդված է զգում իրեն։ Սակայն, այն փաստը, որ Բաքուն պաշտոնապես չի հրաժարվել բրյուսելյան հարթակից, իսկ Եվրամիությունն էլ մեծ ջանքեր է գործադրում հանդիպում կազմակերպելու համար, թույլ է տալիս ենթադրել, որ որոշակի պայմանների առկայության պարագայում Ալիևը, ի վերջո, կարող է գնալ Բրյուսել՝ Փաշինյանի հետ հանդիպման։
Ի դեպ, Վաշինգտոնը նույնպես ցուցաբերում է մեծ շահագրգռվածություն, որ կայանան բանակցություններ, որոնց արդյունքը կարող է լինել խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Կարծես թե ԱՄՆ-ն դրական է վերաբերվում նաև առանց անմիջական միջնորդի կամ այլ միջնորդների ներգրավմամբ բանակցությունների անցկացմանը։ Համենայնդեպս, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի այս խոսքերը հենց դրա մասին են վկայում. «Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ուղիղ քննարկեն և կարգավորեն հարցերը՝ ի շահ տարածաշրջանի։ Մենք կողջունենք ցանկացած դերակատարում այդ բանակցությունները դյուրացնելու համար։ Մենք տեսել ենք, որ այլ երկրներ ևս առաջարկել են նպաստել այդ բանակցություններին։ Կարծում ենք, որ կարևոր է, որպեսզի երկու երկրները դեմ առ դեմ խոսեն տևական համաձայնության հասնելու համար»։
Կարևոր ենք համարում նշել նաև, որ, չնայած մի քանի հանդիպումների չկայացմանը, կողմերը շարունակել են հեռակա ձևաչափով փոխանակվել խաղաղության պայմանագրի հետ կապված իրենց առաջարկներով։ Առաջարկների 6-րդ փաթեթը պաշտոնական Երևանն ուղարկեց օրեր առաջ և պատասխանելով սահմանին հանդիպում կազմակերպելու պաշտոնական Բաքվի առաջարկին՝ Երևանն էլ իր հերթին առաջարկեց սահմանին կազմակերպել սահմանազատման հանձնաժողովի նիստ, որին Բաքուն դրական արձագանքեց։ Այս ամենը ցույց է տալիս, որ բարձր մակարդակի հանդիպումների բացակայությունը դեռևս հիմք չէ պնդելու, որ բանակցությունները փակուղում են գտնվում։ Սակայն, ակնհայտ է նաև, որ որոշ հարցերի վերաբերյալ կողմերը դեռևս շարունակում են ունենալ լուրջ տարաձայնություններ, ինչի պատճառով էլ ձգձգվում է բանակցային գործընթացը։
Պետք է նկատել նաև, որ Հայաստանի առաջարկած «խաղաղության խաչմերուկի» գաղափարը հատկապես Արևմուտքում դրական արձագանքի է արժանացել։ Օրինակ, Օ՝Բրայանի այս խոսքերը հենց դրա մասին են վկայում՝ «Կենտրոնական Ասիայի երկրներն այժմ նոր ուղի են փնտրում իրենց ապրանքները շուկա հասցնելու համար։ Այդ ճանապարհը կարող է անցնել Ադրբեջանից Վրաստան, կամ Հայաստանով՝ Թուրքիա։ Մենք ասել ենք՝ Հայաստանի համաձայնությամբ ու մասնակցությամբ կառուցված տարանցիկ ուղին կարող է ահռելի թափ հաղորդել տարածաշրջանի երկրներին ու համաշխարհային շուկաներին»։
Կարծում եմ, որ այս հանգամանքը հավելյալ խթան է, որպեսզի խոշոր խաղացողներն ավելի մեծ շահագրգռվածություն ցուցաբերեն խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների նոր փուլի կազմակերպմանը նպաստելու առումով։
Չպետք է անտեսել նաև այն հանգամանքը, որ Արևմուտքը, մասնավորապես՝ ԱՄՆ-ն և Եվրամիությունը, խաղաղության պայմանագրի կնքումը կարևորում են նաև այն տեսանկյունից, որ դրա արդյունքում, ըստ իրենց, կթուլանան Ռուսաստանի եւ Իրանի դիրքերը տարածաշրջանում, իսկ սա նշանակում է, որ Արևմուտքի դիրքորոշումը այն է, որ Ռուսաստանը, որը լուրջ ներկայություն ունի տարածաշրջանում, խոչընդոտում է կայուն և համապարփակ խաղաղության հաստատմանը։ Նույն Օ՝Բրայանը, մասնավորապես, նշել է․ «Հիմա նրանք պետք է ընտրություն անեն՝ ուզո՞ւմ են ապագա, որը խարսխված է Ռուսաստան–Իրան բևեռի վրա՝ որպես տարածաշրջանի անվտանգության հիմնական երաշխավոր։ Նրանք նաև ա՛յլ տարբերակ ընտրելու հնարավորություն ունեն»։ Հետաքրքրիր է նաև այն, որ Վաշինգտոնը զգուշացնում է Բաքվին, որ շատ կոշտ արձագանք կլինի, եթե վերջինս որոշի ուժով տարանցիկ ճանապարհ բացել, կամ եթե այդ ճանապարհը Ադրբեջանը որոշի անցկացնել Իրանով։
Էդգար ՎԱՐԴԱՆՅԱՆ
Քաղաքագետ, անկախ հետազոտող
Երևան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: