«Արցախի Հանրապետությունը չի կարող փաստաթղթով լուծարվել, դա ինչ-որ կազմակերպություն չէ, որն ունի սեփականատեր, որ այդ տերն այդ կազմակերպությունը լուծարի»։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց արցախցի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահի հայտնի հրամանագրին։ Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի «մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը պետք է լուծարվեն Արցախի բոլոր պետական հիմնարկներն ու կազմակերպությունները, իսկ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ»։
Իր հրամանագիրը մեկնաբանելով՝ Սամվել Շահրամանյանն ասել էր, որ Արցախի Հանրապետությունը չի լուծարվելու։ «Այդ փաստաթղթի հետ կապված ահագին հարցեր կան, որը ես այստեղ չեմ կարող ասել։ Ոչ մի փաստաթղթով չեն կարող լուծարել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը»,- ասել էր Շահրամանյանը։
Փաստաբան Դավիթ Հովհաննիսյանի խոսքով՝ այդ հրամանագիրն հակաօրինական է։ «Նման հարցերի լուծումը պետք է հանրաքվեի միջոցով լինի, եթե նման հարցի անհրաժեշտություն լինի։ Բայց իմ կարծիքով նման հարցի անհրաժեշտություն չկա, ինձ թվում է, դա պահի թելադրանքով կատարված գործողություն էր։ Կգա հունվարի 1-ը, անկախ նրանից, որեւէ փաստաթուղթ գործածության մեջ կդնեն, թե չեն դնի, Արցախի լուծարման հասկացություն չի կարող գոյություն ունենալ։ Մեկը ես Արցախից եմ, ես չեմ կարող դիտարկել, որ Արցախի Հանրապետության նախագահը կամ Ազգային ժողովը կարող են Արցախի Հանրապետություն լուծարել։ Այդ նախագահը կամ Ազգային ժողովն ընտրվելիս նման լիազորություն, իրավազորություն չեն ունեցել՝ ո՛չ Սահմանադրությամբ, ո՛չ էլ օրենսդրությամբ։ Դա նույնն է, որ մի հովիվ որոշի, որ հանրապետությունը լուծարում է ցանկացած ոք։ Ոչ մի անհատ չունի նման լիազորություն»,- հավելեց նա։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: