Արցախից բռնի տեղահանված անձանց համար օժանդակության ծրագրեր են իրականացվել՝ 47,3 մլրդ դրամի չափով

  • 11:07 06.12.2023

Արցախից բռնի տեղահանված անձանց համար օժանդակության ծրագրեր են  իրականացվել՝ 47,3 մլրդ դրամի չափով, որից կրթության ոլորտի գծով՝ 1,2 մլրդ դրամի չափով, իսկ կենսաթոշակների գծով հատկացվել է 22,5 մլրդ դրամ։ Այս մասին ԱԺ նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Սա բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու ամբողջ ծավալը չէ, ներկայումս քննարկումներ են գնում բնակարանային ծրագրերի, վերապատրաստումների, աշխատանքի տեղավորման եւ բնականոն կյանքին վերադառնալու այլ անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ։ Պահուստային ֆոնդը 2024 թվականին նախատեսվել է աննախադեպ՝ 156 մլրդ դրամի մակարդակում։ Վստահ ենք, որ այս միջոցները բավարար են ֆիսկալ ռիսկերն ապահովելու եւ Լեռնային Ղարաբաից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հավելյալ կարիքները հոգալու համար»,- ասաց նախարարը։

Նա նշեց, որ նաեւ ակտիվ աշխատանքներ են տարվում միջազգային գործընկերների հետ՝ Արցախից տեղահանված անձանց կարիքները հոգալու համար ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով։ «Այս պահին ունենք հայտարարված բյուջետային աջակցության միջոցներ Եվրամիությունից, Ֆրանսիայից, Չինաստանից եւ բանակցություններ են վարվում մի շարք այլ գործընկերների հետ։ Այս միջոցներն ստանալուն պես մենք հնարավորություն կունենանք կա՛մ նվազեցնել բյուջեի պլանավորված դեֆիցիտը, կա՛մ նախատեսել հավելյալ հրատապ ծախսեր»,- հավելեց նա։

f