Ալեն Սիմոնյան․ «արցախցիները փախել են՝ վախենալով ադրբեջանցիների կողմից հնարավոր վտանգներից»

  • 13:19 07.12.2023

«Առաջին անգամ չէ, ամեն ճեպազրույցի ժամանակ մենք հայտարարել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը տարածքային պահանջներ չունի հարեւանների նկատմամբ։ Ի դեպ, սա նաեւ հայտարարել են բոլոր իշխանությունները։ Երբեւիցե որեւէ իշխանություն չի ասել, որ ինքը տարածքային պահանջ ունի Ադրբեջանի նկատմամբ։ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի իշխանությունները չեն խոսել դրա մասին։ Մենք դրա մասին բարձր ասել ենք, որ տարածքային պահանջ չունենք եւ հավակնություններ չունենք հարեւան որեւէ երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարությանը։

Ալիեւը երեկ հայտարարել էր, որ Հայաստանը չպետք է ռեւանշի դիմի, ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից կրկնել էր Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու իր թեզերը։

Ալեն Սիմոնյանն ասաց, որ ՀՀ իշխանությունը տարածքային որեւէ պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ։ Անդրադառնալով հարցին, թե արցախցիների վերադարձն ինչպե՞ս են պատկերացնում, Ալեն Սիմոնյանն ասաց, որ անվտանգային խնդիրներից ելնելով՝ դեռ պետք է ժամանակ անցնի։ «Բայց դա չի նշանակում, որ քննարկումներ չկան կամ դրա հետ կապված որոշում կա, բայց ես անկեղծ չեմ պատկերացնում, թե ինչպես հայերը կարող են վերադառնալ այսօր Լեռնային Ղարաբաղ այն պարագայում, երբ երկու-երեք օրվա ընթացքում 100 հազարից ավելի հայ իրենց տներն ուղղակի թողել ու արտագաղթել են, փախել են՝ վախենալով ադրբեջանցիների կողմից հնարավոր վտանգներից։ Այո՛, իհարկե, ուզում ենք, որ բոլորը վերադառնան իրենց տները, դա չի բացառում այն փաստը, որ մենք մեր հայրենակիցներին ՀՀ-ում փորձում ենք ամեն ինչով ապահովել։ Եվ ի հեճուկս շատ ու շատ կանխատեսումների՝ կարելի է ասել, որ մաքսիմումն արել ենք եւ շարունակելու ենք անել։ Բայց կվերադառնան, չեն վերադառնա, իմ կարծիքով ժամանակ է պետք»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

f