Երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները Գյումրիում մեկնարկեցին պատարագով. դեկտեմբերի 7-ին թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ պատարագ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ 1988 թվականի ավերիչ երկրաշարժից 35 տարի անց, Գյումրիում, առաջին անգամ անմեղ զոհերի հիշատակի պատարագը մատուցվեց Սբ Ամենափրկիչ եկեղեցում` ձեռամբ պատարագիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արսեն ավագ քահանա Սիմոնյանի։
Սբ Ամենափրկիչ եկեղեցու կառուցման պատմությունը սկսվում է 1858-1872 թվականներից։ Ալեքպոլցի վարպետները եկեղեցին կառուցել են Անիի Մայր Տաճարի ճարտարապետական նմանությամբ։ Ամենափրկիչը հայկական մանրանկարչությանն ու որմնանկարչությանը բնորոշ զարդանախշերով եկեղեցի էր մինչև խորհրդային տարիները։ Մինչև 1988-ի երկրաշարժը եկեղեցին ծառայել է որպես թանգարան, ապա ֆիլհարմոնիա։ 1988 թվականին ավերիչ երկրաշարժի հետևանքով եկեղեցին մասամբ ավերվել էր:
Եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսվել էին նախ հանգանակություններով՝ 1998 թվականին, ապա շարունակվել «Ամենափրկիչ» հիմնադրամի միջոցներով: Հաջորդող տարիներին եկեղեցու վերականգնման նպատակով պետբյուջեից հատկացվել է 70 մլն դրամ։ Դրանից հետո եկեղեցու վերակառուցումն ամբողջացնելու համար Գյումրիի նախկին քաղաքապետի ընտանիքի բարերարությամբ իրականացվել են մնացած վերականգնողական աշխատանքները։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: