Forrights. «Մարդկային կորուստն էր մեծ․ ամուսինս է զոհվել, եղբայրս, հորեղբորս տղան, քրոջս ամուսինը…»

  • 17:06 08.12.2023

Forrights

«Տունը, տեղը դեռ ոչինչ: Մարդկային կորուստն էր մեծ: Ամուսինս է զոհվել, եղբայրս է զոհվել, հորեղբորս տղան է զոհվել, քրոջս ամուսինը պայթյունից է մահացել, տեգրն էլ` 15 տարեկան նույնպես մահացել է…»,- պատմում է Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղից տեղահանված 30-ամյա կինը:

Կարինեի ամուսինը  Արցախի Փրկարար ծառայության աշխատակից Վալերի Գասպարյանն է, ով սպանվել է հենց դիրքերում: Նա երեք անչափահաս երեխաների հայր էր, մասնակցել էր և՛ 4-օրյա, և՛ 44-օրյա պատերազմներին:

«Ամուսինս զոհվել է 19-ին, երբ պատերազվը սկսվեց, իջավ դիրքեր ու կապը կորավ: Ոչ մի կապ չկար, հնարավոր չէր պարզել, թե ինչ է կատարվում, ամուսինս որտեղ է, ինչ վիճակում է: Մենք անտառներով փախել գնացել էինք այլ գյուղ, 10 կմ կանանցով, երեխաներով անցել էինք, մինչեւ գիշերվա ժամը երեքը մնացինք այդտեղ, հետո մեզ տեղափոխեցին ռուսների մոտ: Հետո երբ մեր գյուղապետը գնաց, զանգեցի նրան, հարցրի թե ինչ լուր կա ամուսնուցս, ասեց` չենք կարողացել կապվել: Երկու օրից զանգեցին, ասեցին որ Կարմիր խաչը ռուսների հետ պետք է գնա մեր գյուղ` դիեր հանելու: Զանգեցին, ասացին` դե ինչ ասեմ, բերում են… մահացած է»,- պատմում է կինը:

Նրա խոսքով, ավելի ուշ իրեն փոխանցել են, որ դեպքը եղել է այն ժամանակ, երբ Վալերին փորձել է օգնել ընկերոջը. «Ընկերը գոռացել է` օգնեք, օգնեք, ինքը իջել է, որ ընկերոջը փրկի, իրան խփել են: Ընկերն էլ է մահացել, ինքն էլ` կրծքավանդակի հրազենային վնասվածքից»։

Զոհված փրկարարի կինը պատմում է, որ նախ խոսակցություն էր գնում, թե ամուսնու դին պետք է Արցախում թողնեն, սակայն ավելի ուշ ասել են` կարող է տեղափոխվել Հայաստան.

«Մի պահ ասացին, որ պետք է Արցախում հուղարկավորենք, չենք կարող մեզ հետ բերել, հետո ասացին, որ արդեն տարբերակ կա, որ կարող ենք տեղափոխել Երեւան` Եռաբլուր: Ես էլ համաձայնեցի, հիմա ամուսինս Եռաբլուրում է»:

Կարինեն այժմ ապրում է Արագածոտնի մարզի Օշական գյուղում` ընտանիքի 9 կին անդամների ու երեխաների հետ: Ասում է` երեխաները գիտեն, թե ինչ է տեղի ունեցել իրենց հոր հետ. «Փոքր երեխաս 8 տարեկան է, մեծս 12, միջնեկս 10»:

Վալերիի մայրը եւս այստեղ է ապրում: Կինը խոսել չի սիրում: Պատշգամբում, մտքերով ընկած, ժենգյալով հաց է թխում:

Անի Գևորգյան

f