ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ հանրապետությունում արդեն աշխատանքի է տեղավորվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 5351 անձ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ մանրամասնելով, որ նրանք հիմնականում աշխատանքի են տեղավորվել հիմնականում մշակող արդյունաբերության ոլորտում՝ 674 անձ, կրթության՝ 947, սպասարկման և ծառայության՝ 731, շինարարության ոլորտում 420 անձ և այլն:
«Դեկտեմբերի 4-ի դրությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության 49 կենտրոններում որպես աշխատանք փնտրող հաշվառվել է շուրջ 3929 անձ, որից 3737-ը ստացել է գործազուրկի կարգավիճակ։ Աշխատանքի տեղավորման նպատակով ուղեգիր է ստացել 1608 անձ, ինչի արդյունքում այս պահի դրությամբ 438-ն արդեն իսկ տեղավորվել է աշխատանքի»,-հավելել փոխնախարարը։
Անդրադառնալով զբաղվածության ծրագրերին, նա նշել է, որ վերջնական փուլում է գտնվում նախարարության կողմից մշակվող երկու ծրագիր և հաստատման պարագայում կգործեն արդեն 2024 թվականի սկզբից։
«Զուգահեռաբար՝ Առողջապահության, ԿԳՄՍ նախարարությունները հատուկ միջոցառումներ են իրականացրել համապատասխան ոլորտների մասնագետների զբաղվածության աջակցության նպատակով։ Իրականացվում են և նախատեսում ենք իրականացնել զբաղվածության տարբեր ծրագրեր միջազգային գործընկերների հետ»,-ավելացրել է Սարգսյանը՝ համոզմունք հայտնելով, որ աշխատանք փնտրելու դեպքում, վստահաբար,այն կարող է գտնել, քանի որ տարբեր ոլորտներում առկա է մոտ 5000 թափուր աշխատատեղ, որոնց մասին հնարավոր է տեղեկություն ստանալ այցելելով Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ կամ համապատասխան էլեկտրոնային հարթակի միջոցով։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: