Ստեփանակերտի «Բարդակը» Երևանում էլ է «Բարդակ»

  • 12:09 09.12.2023

Դեկտեմբերի 8-ին Երևանի Խանջյան 8/1 հասցեում վերաբացվեց Ստեփանակերտի Bardak Pub-ը: Ներկաների մեծամասնությունն Արցախից էին : Փաբի հիմնադիր Ազատ Ադամյանի խոսքով` այն ևս արցախցիներին միավորելու մի հարազատ վայր է: Ազատ Ադամյանը կարողացել է իր հետ բերել փաբի իրերը` հուշանվերներ, դիզայներական տարբեր աշխատանքներ, նկարներ:

Հիմնական կրթությամբ և մասնագիտությամբ Ազատ Ադամյանը երաժիշտ է`ջութակահար: Խոստովանում է, որ էությամբ անհամապատասխան է նստակյաց կյանքին: Անընդհատ գնում է այնտեղ, որտեղ տարերքն է կանչում: Երկար տարիներ զբաղվում էր զբոսաշրջությամբ: Բնության հադեպ սերն է ստիպել հիմնել   «Ֆրիստեպ» արշավների ակումբը:

Բարդակ Փաբի հիմնադրման հիմքում ընկած էր համակարգչային խաղերի ակումբ-սրճարանի բացումը: Փաբի ստեղծման համար նախնական ներդրումը ընդամենը երկու շիշ վիսկին էր: Հետագայում ընկերների օգնությամբ ձեռք բերեց անհրաժեշտ փայտյա կահույքն ու կահավորումը:

Ազատ Ադամյանը Փաբի և’ տնօրենն էր, և’ միակ աշխատակիցը: Այցելուների մեջ մեծ թիվ էին կազմում զբոսաշրջիկները: «Ըստ իմ նամակի` ընկերությունն իր զբոսաշրջային քարտեզներում ՓԱԲ-ի գտնվելու վայրը նշում էր Ստեփանակերտ-Հայաստան (նախկին`Ադրբեջան տեղանշման փոխարեն)»,-ժպիտով վերհիշում է Ազատը:

Իր գլխավոր ձեռքբերումներից է համարում նաև «Ադամյանս» ապրանքանիշով արցախյան խորհրդանիշներով հագուստի արտադրությունը: «Սա նոր փուլ է բոլորիս կյանքում: Մենք բոլորս կարոտում ենք հայրենիքում անցկացրած օրերը, տիրող մթնոլորտը: Հավատում եմ, որ Բարդակը կլինի յուրօրինակ, չկրկնվող` ինչպիսին Ստեփանակերտում էր»,- ասում է Ազատը:

Տաթև Ազիզյան

f