Արցախի շունչը Երևանի սրտում. «Էլ որ լեզվով ասենք, որ մենք կանք ու լինելու ենք»

  • 21:04 13.12.2023

Դեկտեմբերի 10-ին Ալ․Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպության առաջին նախաձեռնությունը՝ «Մենք կանք» բարեգործական համերգը։ Համերգի գլխավոր նպատակն էր իրատեսական քայլեր ձեռարկել` Արցախի երաժշտարվեստի և պարարվեստի խմբերի ու համույթների պահպանման ու շարունակական գործունեության համար։

Կազմակերպիչների խոսքով` կարևոր էր նաև զգալ Արցախի շունչը Երևանի սրտում:

«Մենք կանք» բարեգործական համերգի հյուրերը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն էին եկել՝ իրենց աջակցությունը հայտնելու բռնի տեղահանված  հայրենակիցներին ու վայելելու արցախցի տաղանդաշատ արտիստների կատարումները: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն այս նախաձեռության կողքին է կանգնել՝ կյանքի կոչելու ու իրականություն դարձնելու այս բացառիկ խորհրդով համերգը:

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի խոսքով` չափազանց պարտավորեցնող է լինել այս հիասքանչ նախաձեռնության կողքին: «Մենք կանք» բարեգործական համերգի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը նշեց, որ այսուհետ տարվելու են շատ աշխատանքներ, որպեսզի այս խմբերը պահպանվեն: «Արցախի մշակույթը պահում են այս թատերախմբերը, երաժշտախմբերը, պարախմբերը»,-ասաց նա:

Համերգի ընթացքում հանդես եկան մշակութային բոլոր օջախները` Արցախի ազգային նվագարանների պետական և Արցախի պետական ջազ նվագախմբերը, Պարի պետական համույթը, Արցախի պետական և «Մռակած» երգչախմբերը, «Ղարաբաղ» պետական էստրադային համույթը, «Արցախի ձայներ» համույթը, «ՆովաԲենդ Արցախ» (NovaBand Artsakh) խումբը, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները,Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները,  ինչպես նաև անհատ կատարողներ՝ Վիտալի Ղազարյանը, Վարդան Բադալյանը, Արտեմ Վալտերը և այլք։

«Էլ որ լեզվով ասենք, որ մենք կանք ու լինելու ենք», -համերգի ավարտին ասաց Ռուբեն Հովհաննիսյանը:

Տաթև Ազիզյան

 

f