Գրիգորյանների ընտանիքը Ստեփանակերտից հեռացել է սեպտեմբերի 28-ին՝ Արցախ ադրբեջանական ներխուժումից 9 օր անց։ «Արդեն թուրքը Ստեփանակերտի մատույցներում էր, կրակոցները պարզ լսվում էին, պահը կրիտիկական էր։ Ստեփանակերտից հեռացանք ամսի 28-ին, մնացել էինք էդքան էն հույսով, որ կարող ա բան փոխվի։ Բայց հասկացա, որ չէ, ոչ մի բան էլ չի փոխվի», -Forrights.am-ի հետ զրույցում ներկայացնում է ադրբեջանական հարձակման հետևանքով բռնի տեղահանված Կարեն Գրիգորյանը։
Երկու ընտանիքով Ստեփանակերտից Հայաստան բռնի տեղահանված Գրիգորյանները այնտեղ թողել են փոքր բիզնեսը, խանութն ու հարազատ միջավայրը։ Այստեղ ապրում են Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում, հարազատի տանը, որը շուտով ստիպված են ազատել։
«Երբ գազի պայթյունը տեղի ունեցավ, բժիշկները չէին կարողանում գալ, հասկացանք, որ վերջ, վախտն ա, որ մենք էլ գնանք։ Շատ դժվար էր, քո ձեռով տունը փակես, դուրս գաս։ Մաման վերջում տունը լվաց, ուբոռկա արեց, դուռը փակել ենք, դուրս եկել», -հիշում է Կարենը։ Տան բանալիները, ասում է, իրենց մոտ են․ դրանք անպայման վերադառնալու հույս են տալիս։
39-ամյա Կարեն Գրիգորյանը արցախյան առաջին պատերազմում կորցրել է հորը, հետո ինքն է մասնակցել Արցախում ծավալված բոլոր ռազմական գործողություններին, զինվորական թոշակառու է, ունի 3-րդ կարգի հաշմանդամություն։ Ասում է՝ իր հետ կարողացել է Հակարիով անցկացնել բոլոր շքանշաններն ու ռազմական գործողություններին մասնակցությունը վկայող փաստաթղթերը։
«Արցախում թողեցինք ամեն ինչ, ամեն ինչ, բայց ամենակարևորը՝ մեր տեսակն ենք թողել Ստեփանակերտում, մեր էությունը։ Ճիշտը որ ասեմ ստեղ օդը չի հերիքում, դուրս եմ գալիս տնից, ուզում եմ մաքուր օդ շնչեմ, բայց չեմ կարում, օդի պակաս եմ զգում», -ասում է Կարեն Գրիգորյանը։
Երկու անչափահաս երեխան, կինը և մայրն են Կարենի ընտանիքի անդամները։ Եղբայրն իր ընտանիքի հետ հաստատվել է Երևանում։ Փոքր Վեդիի տունը մոտ ժամանակներում ազատելու պայման է դրված ու առայժմ չեն կարողանում հարմար գնով մի բնակարան էլ իրենք գտնեն մայրաքաղաքում։ Կարենն ու իր ընտանիքը մի ամբողջ կյանք ապրել են Ստեփանակերտում և գյուղական բնակավայրին սովոր չեն։ Ասում է՝ չի կարող զբաղվել հողագործությամբ, անասնապահությամբ ու այժմ անորոշության մեջ է՝ ինչ անել, ինչպես ապրել․ «Գնաս ո՞ւմ ասես՝ ես ով եմ։ Էս տարիքում նորից զրոյից պիտի սկսեմ, չեմ էլ պատկերացնում՝ ինչ անեմ։ Շատ դժվար ա»։
Պետության պահանջը` հաշվառվել Հայաստանում, ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր և հետո միայն օգտվել դրանից բխող իրավունքներից ու ֆինանսական հնարավորություններից, ներքին ընդվզում է առաջացրել Կարեն Գրիգորյանի մոտ․ «Ես ո՞նց գնամ երկու կոպեկի համար անձնագրով հրաժարվեմ Արցախից։ Պետությունն ինձ ասում ա՝ տալիս եմ ժամանակավոր հաշվառում, ու եթե ես վաղը Արտաշատից գնամ ուրիշ տեղ, ընդեղ էլ պետք ա ստանամ ժամանակավոր հաշվառում։ Այսպես ժամանակավոր ինչքա՞ն»։
Կարենին այս օրերին հետաքրքրող միակ հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս է պետությունը պատկերացնում արցախցիների ապագան․«Եթե մեր ապագան չի տեսնում, ավելի ճիշտ կլինի ազնիվ լինեն ու հայտարարեն՝ ժողովու’րդ, ձեր գլխի ճարը տեսեք, որ իմանանք՝ ինչ անել։ Շատերը կան, որ արտագաղթել են, շատերս էլ անորոշության մեջ ենք, մտածում ենք՝ գնա՞լ, թե մնալ։ Ի՞նչ է մեզ սպասվում»։
Հասմիկ Համբարձումյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: