Արցախցիները 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան համար կստանան 300,000, 3-րդի և 4-րդի համար` 1մլն դրամ․ փոխնախարար

  • 18:42 15.12.2023

news.am

Մայրության նպաստ նշանակվում և վճարվում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, ովքեր ԼՂ-ից տեղահանվել են հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի, այսինքն՝ 140 օրվա կամ երեխայի ծննդյան օրվանից հետո՝ 70 օրվա ընթացքում և մայրության նպաստ նշանակելու համար դիմել են 2023 թվականի դեկտեմբերի 1-ից հետո 140 օրվա ընթացքում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, մամուլի ասուլիսում նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:

Նրա խոսքով, մայրության նպաստ նշանակվում եւ վճարվում է նաեւ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստական շահառուին, եթե նա փախստականի կարգավիճակ ձեռք է բերել հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի՝ 140 օրվա կամ երեխայի ծննդյան օրվանից հետո՝ 70 օրվա ընթացքում և մայրության նպաստ նշանակելու համար դիմել է 2023 թ. դեկտեմբերի 1-ից հետո 140 օրվա ընթացքում:

Դավիթ Խաչատրյանը նաև պատասխանել է հաճախ հնչող այն հարցին, թե արդյոք ԼՂ-ում գործող սոցիալական երաշխիքների չափերը նույնական են ՀՀ-ում իրենց համար նախատեսված սոցիալական երաշխիքների չափերին և տեղեկացրել, որ Հայաստանում մեր հայրենակիցներին սոցիալական երաշխիքներ նշանակվում և վճարվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափով և կարգով:

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի հետ կապված՝ փոխնախարարն ընդգծել է, որ այս դեպքում նույնպես նպաստը տրամադրվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափով և կարգով: Ըստ այդմ՝ 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան դեպքում տրամադրվում է 300 000 դրամ միանվագ նպաստ, 3-րդ և 4-րդ երեխայի ծննդյան դեպքում տրամադրվում է 1 000 000 մլն դրամ միանվագ նպաստ, 5-րդ և հաջորդող երեխայի ծննդյան դեպքում տրամադրվում է 1 500 000 դրամ միանվագ նպաստ:

Ինչ վերաբերում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար նախատեսված նպաստին, Դավիթ Խաչատրյանը նշել է, որ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած փախստականին օրենքով նշանակվում և վճարվում է 2023 թ. հոկտեմբերի 1-ից ոչ շուտ: Այս դեպքում նույնպես գործում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգն ու չափը, այսինքն՝ 37 500 դրամ ամենամսյա չափով մինչև երեխայի 2 տարեկան լրանալը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալն անդրադարձել է նաև այն հարցին, թե ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք որ դեպքում կարող են օգտվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ 2022 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երրորդ և հաջորդ երեխայի դեպքում մինչև երեխայի 6 տարին լրանալը 50 000 դրամ աջակցությունից: Դավիթ Խաչատրյանի ներկայացմամբ՝ այդ աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է ՀՀ քաղաքացիություն ունենալ, այսինքն՝ երեխան և դիմող ծնողը պետք է հանդիսանան ՀՀ քաղաքացի: Դավիթ Խաչատրյանի պարզաբանմամբ՝ դա նպաստի տեսակ չէ, այլ ՀՀ կառավարության կողմից ընդունված ծրագիր, որով աջակցություն է ցուցաբերվում այն ընտանիքներին, ովքեր ունեն 2022 թվականից հետո ծնված երրորդ և հաջորդող երեխաներ:

f