«Ռուսական զորքերի խմբավորումները շարունակում են մնալ Սիրիայում և Ղարաբաղում խաղաղության պահպանման հիմնական երաշխավորները»,- ասել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Կյուժուգեթ-օղլու Շոյգուն նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում։
Կյուժուգեթ-օղլուն խոստովանում է Արցախում ռուսական զորքի իրական գործառույթը (տես նաեւ այստեղ)․ ռուսական զորքը Ղարաբաղում հասել է խաղաղության հաստատման ու հիմա դրա երաշխավորն է։ Այսինքն, խաղաղության սպառնալիքը հայերն էին, եւ այդ հարցը լուծվեց Արցախի օկուպացիայով ու բնիկ մեծամասնության վտարմամբ։
Պատահական չէ, որ սեպտեմբերի 19-ից հետո պաշտոնական Բաքվում այլեւս չեն խոսում ռուսական զորքի դուրսբերման մասին՝ ձեւականությունների կարիքն այլեւս չկա։
Ըստ այդմ, ռուսական «խաղաղապահ» զորքը շարունակում է մնալ եւ իր իրական գործառույթներն իրականացնել օկուպացված Արցախում՝ ապահովելով եւ երաշխավորելով «Ղարաբաղը ազերբայդժանի տարածք է, Ղարաբաղի հարցը փակված է» Կրեմլի քաղաքական ուղեգիծը։ Ռուսական զորքը երաշխավորում է հայկական հնարավոր գործողությունների, մարզի ազատագրման բացառումը, այսինքն՝ խաղաղությունը, եւ ըստ այդմ՝ Ալիեւի հայտարարած՝ Արցախում 140 հազար ցապարներ բնակեցնելու գործընթացը։
Ռուսական զորքը ներկայում ապահովելու է ազերբայդժանի նախագահի «ընտրությունը» օկուպացված Արցախում։
Ռուսները դուրս են գալու այն ժամանակ, երբ Նիկոլի միջոցով Ալիեւը կստանա դեկտեմբերի 6-ին իր նշած բոլոր երաշխիքները «խաղաղության հաստատման» համար, ռուսական «խաղաղարարության» սխեման շարունակելով ՀՀ մնացած տարածքում։
Կյուժուգեթ-օղլուն առաջին անգամ չէ, որ խոստովանում է Կրեմլի քաղաքական նպատակները։ Նախորդ խոստովանությունն այն էր, որ Արցախում ռազմական արշավը պլանավորել եւ իրականացրել է Մոսկվան՝ թուրքերի հետ համատեղ։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: