Սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 25 տոկոսից ավելին, իսկ որոշ տվյալներով, նույնիսկ մինչեւ 30 տոկոսը համարում են, որ Արցախը հանձնվել է Հայաստանի կառավարիչների դավաճանության հետեւանքով։ Այս մասին այսօր հրավիրած տարեվերջյան ասուլիսում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Ես չգիտեմ մի երկիր, որտեղ քաղաքացիների ամեն չորրորդը կառավարությունում նստածներին համարում է դավաճան։ Ընդ որում, նրանք այն մարդիկ են, որոնք ոչ թե մտածում են այդպես, այլ ասում են այդ մասին։ Իսկ բռնաճնշումների ու ստատուսի համար մարդկանց բանտեր նետելու մթնոլորտում սա շատ լուրջ թիվ է»,- ասաց նա։
«Եթե տարին ամփոփենք մեկ նախադասությամբ, պետք է ասենք, որ Արցախը հանձնվեց, եւ վերջակետ։ Բայց վերջակետ այդտեղ ուզում են դնել բացառապես փաշինյանանման էակները։ Այստեղ ավելի սազական է երեւի բազմակետը՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչ ենք անելու ապագայի համար»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
Նա հիշեցրեց, որ Ստեփանակերտում նոյեմբերի 9-ի զորահանդեսի ժամանակ Ալիեւի հայտարարություններից մեկն առնչվում էր նրան, որ ռեւանշ չի լինելու։
«Ալիեւն ասաց, որ 2020 թվականի պատերազմից հետո մի քանի անգամ իրենք վտանգ էին տեսնում, որ Հայաստանում իշխանության կգան, իր բնորոշմամբ, ռեւանշիստները։ Հիշեցնեմ, որ ադրբեջանցիները, թուրքերը եւ Փաշինյանը ռեւանշիստներ անվանում են ազգային ուժերին։ Ուստի, եկեք ֆիքսենք մի փաստ՝ Հայաստանում Ալիեւի սրտի իշխանություն է։ Այդ հայտարարության մեջ Ալիեւը ֆիքսում էր, որ յուրաքանչյուր անգամ, երբ հնարավորություն էր նկատում, որ Հայաստանում իշխանության կգան ազգային ուժերը, ինքն ագրեսիա էր կազմակերպում, այս կամ այն կերպ հարձակվում էր Արցախի կամ Հայաստանի վրա, որպեսզի դա կանխեր։ Ես կարծում եմ, որ սա լավագույն բնորոշումն է Փաշինյանի իշխանությանը, Փաշինյանի տերերը շատ են, բայց ֆիքսենք, որ իր տերերից մեկն Ալիեւն է»,- հայտարարեց նա։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: