«Հայաստանի կառավարիչը խոստովանեց, որ ինքը Լեռնային Ղարաբաղը զոհաբերել է գիտակցաբար»․ Սերժ Սարգսյան

  • 14:34 28.12.2023

«Հայաստանի կառավարիչը խոստովանեց, որ ինքը Լեռնային Ղարաբաղը զոհաբերել է գիտակցաբար»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

«Երբ որ նա խոսում էր ինչ-որ մահակների մասին, այսինքն՝ իր համար ԼՂ հարցը մահակ էր Հայաստանի գլխին, ուղղակի ես չհասկացա, թե ո՞ր մահակների մասին էր խոսում կամ ովքե՞ր էին այդ մահակները պարզել Հայաստանի գլխին։ Համանախագահնե՞րը, ովքեր 5 անգամ գրավոր հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին, որ այն պետք է որոշվի ազատ կամարտահայտությամբ։ Մենք բոլորս գոնե հասկացանք իր խոստովանությունը, միակ ճիշտ բանը, որն ասաց՝ ինքը գիտակացաբար է զոհել Ղարաբաղը»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Նա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը ստում է, թող ցույց տա որեւէ փաստաթուղթ, որով փակվել է Լեռնային Ղարաբաղի հարցը։ «Գոյություն ունեն փաստաթղթեր, համաձայն որոնց՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվում է ազատ կամարտահայտությամբ։ Թող ասի, որ այդպիսի բան չի եղել ու հրապարակի որեւէ փաստաթուղթ։ Մենք ինչ ասում ենք, դա փաստարկում ենք եղած փաստաթղթերով։ Կան բոլոր փաստաթղթերը առ այն, որ Կազանից հետո որեւէ էական բան չի փոխվել բանակցային պրոցեսում, որ Կազանից հետո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվում էր վերջնական կամարատահայտությամբ»,- ասաց նա։

Միջանկյալ կարգավիճակի փոփոխության մասին հայտարարությանն անդրադառնալով՝ Սարգսյանն ասաց․ «Փոփոխություններն էական բան չէին փոխում՝ ԼՂ-ն հնարավորություն էր ունենում իր ընտրված մարմիններով, իր նշանակված կառույցներով կառավարել կյանքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում»։

f