Ամանորին ձյուն չի լինի

  • 15:09 28.12.2023

Ամանորի գիշերը՝ դեկտեմբերի 31-ին, Հայաստանում ձյուն չի տեղա. Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերեւութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։
«Ո՛չ Ամանորին, ո՛չ ցերեկը ձյուն չի լինի. Առաջիկա 5-6 օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ, քանի որ գտնվում ենք անտիցիկլոնային դաշտի ազդեցության գոտում»,- ասաց Սուրենյանը։
Նա նշեց, որ երեկ Արարատյան դաշտում +17,5 աստիճան է գրանցվել, որն աննախադեպ ցուցանիշ է դեկտեմբերի երրորդ տասնօրյակում Հայաստանի օդերեւութաբանական պատմության մեջ։
Ըստ Սուրենյանի՝ առաջիկա 5 օրերին Հայաստանը կլինի տաք արեւադարձային հոսքերի ազդեցության գոտում՝ Սյունիքի հովտում կդիտվի մինչեւ 20 աստիճան տաքություն, Տավուշի ցածրադիր գոտիներում՝ մինչեւ +15-+16։
Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը կկազմի 15-16 աստիճան տաքություն։ Դեկտեմբերի 29-ի գիշերը սպասվում է ջերմաստիճանի 3-4 աստիճանով նվազում, ցերեկը եղանակը չի փոխվի։
Այս պահին Հայաստանում ջերմաստիճանը նորմայից բարձր է 10-12 աստիճանով։ Սուրենյանը դա բացատրում է երկու գործոնով՝ գլոբալ տաքացումով և տաք ցիկլոնով։

f