Հայաստանում 2023 թվականի դեկտեմբերը եղել է անոմալ տաք։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է 5-6 աստիճանով։ «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ գրանցվել են կլիմայական ռեկորդներ։
«Դեկտեմբերի 3-րդ տասնօրյակում Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը հասավ 16-17,5 աստիճանի։ Եթե նայում ենք վերջին 100 տարվա վիճակագրական վերլուծությունը, ապա տեսնում ենք, որ և՛ միջին ամսական ջերմաստիճանով, և՛ ցերեկային ժամերին դիտված առավելագույն ջերմաստիճանով այս տարվա դեկտեմբերն ամենատաքն է եղել»,-ասաց Գագիկ Սուրենյանը։
Հայաստանը շարունակում է գտնվել արևադարձային տաք հոսանքների ազդեցության գոտում։ Հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը շարունակում է կլիմայական նորմայից բարձր մնալ 6-8 աստիճանով։
«Առաջիկա 5 օրերին այդ տաք օդային հոսանքները չեն նահանջելու։ Մինչև հունվարի 6-ը հանրապետությունը գտնվելու է տաք օդային ալիքի ազդեցության գոտում, անոմալ բարձր ջերմային ֆոնը պահպանվելու է, և ամբողջ տարածքում հաստատվելու է առանց տեղումների եղանակ»,-ասաց Գագիկ Սուրենյանը։
Ուժեղ քամիներ առաջիկա 5 օրերին հանրապետության տարածքում չեն սպասվում։
Հունվարին ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կանխատեսվում է կլիմայական նորմայից բարձր 3-5 աստիճանով, տեղումների քանակը լինելու է նորմային մոտ։ Դա նշանակում է լինելու է անոմալ տաք ու բավարար տեղումներով հունվար։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: