Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, առանց ծնողական խնամքի մնացած 10 երեխա այս պահին գտնվում են ՀՀ խնամքի հաստատության հոգածության ներքո։ Հումանիտար կենտրոնում տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Բացի այդ, խնամքի հաստատություններում են նաև գտնվում ԼՂ–ից բռնի տեղահանված ավելի քան 90 միայնակ տարեցներ, որոնք, նախարարի վստահեցմամբ, ստանում են բոլոր այն ծառայությունները, որոնք հասանելի է ՀՀ քաղաքացիների համար։
Ինչ վերաբերում է ԼՂ–ից բռնի տեղահանված, հաշմանդամություն ունեցող անձանց, ապա, ըստ Մկրտչյանի, նրանք, ովքեր առաջին անգամ կդիմեն փորձաքննություն անցնելու համար, կանցնեն ՀՀ–ում գործող նոր ընթացակարգով, այն է` ֆունկցիոնալության գնահատմամբ։
«Նրանք, ովքեր առաջին անգամ չեն դիմում, կրկին սահմանված կարգով` գոյություն ունեցող փորձաքննության ընթացակարգի միջոցով, կանցնեն այդ փորձաքննությունը, կստանան համապատասխան ցուցում, որից հետո նախարարությունում հավաստագրված կազմակերպությունների միջոցով կստանան համապատասխան աջակցող միջոցներ` սայլակներ, քայլակներ, օրթեզներ, պրոթեզներ և այլն»,– ընդգծեց նախարարը։