Armenpress. Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է տարվա հինգ տաղավար տոներից առաջինը՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը։ Այս տոնը Հիսուսի Ծննդյան և մկրտության հիշատակումն է: Եթե Քրիստոս մարմնակերպ չծնվեր, ապա չէր մկրտվի, ուրեմն չէր լինի Աստվածհայտնության տոնը։ Նույն օրը նշվող Մկրտության տոնը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը, որը մեղքի մահն է և հոգու վերածնունդը։
Հենց մկրտության ժամանակ է, որ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը», և Սուրբ Հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Տեղի է ունենում երկրորդ աստվածահայտնությունը: Քրիստոս իր մկրտությամբ օրինակ տվեց. Ինչպես ինքը մկրտվեց, այնպես էլ բոլոր նրա հետևորդները պետք է մկրտվեն: Նա իր մկրտությամբ սրբագործեց և օրհնեց այն ջուրը, որ պետք է ծառայեր մարդու փրկչական մկրտության համար: Այդ նույն մկրտությամբ Հիսուս բացեց երկնային հավիտենականության դռները, քանի որ մկրտությունը «մեղքի մահն է և հոգու վերածնունդը» (Սբ. Կյուրեղ Երուսաղեմացի):
Այսպիսով, Քրիստոսի Ծննդյան և Մկրտության միջոցով հաստատված երկու Հայտնությունները Հայ Առաքելական եկեղեցում տոնում են միասին` հունվարի 6-ին:
Սուրբ Ծնունդը մեծ շուքով նշում են աշխարհի բոլոր քրիստոնյաները դեկտեմբերի վերջին: Հայ Առաքելական եկեղեցին, մնալով իր ավանդությանը հավատարիմ, տոնը սկսում է հունվարի 5-ին Ճրագալույցի սուրբ պատարագով։
Բոլոր եկեղեցիներում երեկոյան մատուցվում է Ճրագալույցի սուրբ պատարագ: «Ճրագալույցի պատարագ տարվա ընթացքում մատուցվում է երկու անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին։ Ճրագալույց նշանակում է ճրագ՝ մոմ, վառել: Պատարագի ժամանակ քահանան ավետում է Քրիստոսի ծննդյան ավետիսը՝ արտասանելով․ Քրիստոս ծնավ և հայտնեցավ․․․․․»
Ճրագալույցի պատարագից հետո մարդիկ եկեղեցում վառած կանթեղներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի մանուկ Հիսուսի ծննդավայր։
Սուրբ Ծննդյան տոնը, սկսվելով հունվարի 5-ին, շարունակվում է նաև հաջորդ օրը: Հունվարի 6-ին Պատարագից հետո կատարվում էր Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը խորհրդանշող արարողությունը, որ հայտնի է «Խաչը ջուրը գցել» կամ «Ջրօրհնեք» անուններով։ Խաչով և մյուռոնով օրհնյալ ջուրը հավատացյալները տուն են տանում՝ որպես օրհնություն և բուժիչ դեղ հիվանդների համար:
Մի գեղեցիկ ավանդույթ էլ կա, տոնից հետո քահանաներն այցելում են հավատացյալների տներ` ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի կարգը:
Սբ. Ծննդյան երջանկության զգացողությամբ, եթե մենք էլ բացենք մեր սրտի դուռը, ապա Քրիստոսի խոստման համաձայն, նա կծնվի և կհայտնվի մեր սրտերում: Եվ այդ սերը մեր մեջ կրելով՝ մեկս մյուսին կփոխանցենք ողջ աշխարհն ու մեր ներաշխարհը լուսավորող փրկության ավետիսը. Քրիստոս ծնավ և հայտնեցավ, ձեզ և մեզ մեծ ավետիս, օրհնյալ է ծնունդը Քրիստոսի:
Տաթև Զաքարյան
Հովհաննես Մկրտչյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: