Իր զորացրման օրը կորած զինծառայողի դին հայտնաբերել են ձնահյուսի տակից

  • 08:04 15.01.2024

Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Ցղունի գյուղի վարչական տարածքում hունվարի 14-ին, ժամը 14։20-ի սահմաններում ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառայող Բենիամին Մանուչարյանի դին (ծնված 2003 թ․), որի հետ կապը կորել էր հունվարի 13-ին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

«Հունվարի 13-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ:

Փրկարարները համագործակցելով ՊՆ և ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ սաստիկ բքի և մառախուղի պայմաններում, լեռնային դժվարանցանելի գոտում ձեռնարկել են որոնողափրկարարական ծավալուն աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ձնահյուսի տակ մնացած 20-ամյա զինծառայող Բենիամին Մանուչարյանը Արարատի մարզի Այնթափ գյուղից էր, դժբախտ դեպքը նրա զորացրման օրն է տեղի ունեցել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Այնթափի վարչական շրջանի ղեկավար Գեղամ Հովհաննիսյանը:

f