Հայաստանի իշխանությունը Արցախի ժողովրդի կրած վնասի փոխհատուցողը չէ։ Բայց եթե իսկապես արցախցիների բնակարանային խնդիրները լուծելու ծրագիր է նախապատրաստվում՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի փոխհատուցման տեսքով, ապա դա ճիշտ մոտեցում է։ Այս մասին ասել է Արցախի բնակարանային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Մանգասարյանը։
«Նախ ուզում եմ նշել, որ եթե ծրագիրը մեկնարկի, ապա դա կլինի ոչ թե փոխհատուցում, այլ կարիքների բավարարում։ Նման ծրագիր սկսվել էր 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմից հետո, և դրա խնդիրն էր լուծել բնակարանային խնդիրները, այլ ոչ թե փոխհատուցել գույքի ամբողջ ծավալը։ Օրինակ, եթե մարդն ուներ 10 բնակարան, ապա, բնականաբար, նրա տները գույքագրված են և գտնվում են կադաստրային բազայում, բայց փոխհատուցում կտրվի մեկ շնչի համար։
Արցախցիների ունեցվածքի գույքագրման և վնասի գնահատման վերաբերյալ պետք է ասեմ, որ շատ քիչ ընտանիքներ կան, որոնց տները գրանցված չեն։ Հողի, բիզնեսի, տնային տնտեսությունների հետ կապված խնդիրներ կարող են լինել, բայց ոչ բնակելի տների հետ կապված։ Դրանց վերաբերյալ տվյալները գտնվում են Արցախի կադաստրում, և դրանք կարող են փոխանցվել ըստ պահանջի»,- ասաց Արմեն Մանգասարյանը։
Ալվարդ Գրիգորյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: