«1991 թվականից ոչ մի վայրկյան Ադրբեջանը պատրաստ չի եղել զիջել». Փաշինյանի արդարացումը

  • 22:12 17.01.2024

«Չնայած նախընտրական խոստումներին, «անջատում՝ հանուն փրկության» թեզի կիրառմանը, բանակցություններում այս կառավարությունը որդեգրել էր հետեւյալ ռազմավարությունը՝ հանձնենք Արցախը, ստանանք կադաստրի վկայական, ապահովենք 29 800-ը։ Զոհաբերեցիք Արցախը, բայց ադրբեջանական զինված ուժերը շարունակում են կանգնած մնալ Ջերմուկում, Ներքին Հանդում եւ մնացած օկուպացված հատվածներում»,- Ազգային ժողովի նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նա նշեց, որ ԱԳՆ-ում ծանոթացել է այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» նախագծին։

«Արցախի ժողովրդի իրավունքների մասին որեւէ հիշատակում այս փաստաթղթում գոյություն չունի։ Սահմանազատման հետ կապված որեւէ սկզբունքի շուրջ համաձայնություն չկա, ապաշրջափակման մասին խոսք չկա։ Դուք տարբեր լեզուներով չեք խոսում, դուք տարբեր քաղաքականություն եք իրականացնում, դուք զիջում եք ամեն ինչ, Ալիեւը չի զիջում ոչինչ։ Ցույց տվեք մի կետ, որտեղ դուք պատրաստ եք կանգնել ու չզիջել եւ ցույց տվեք մի կետ, որտեղ Ալիեւը պատրաստ է գնալ զիջման»,- Նիկոլ Փաշինյանին դիմեց Աննա Գրիգորյանը։

Նա հիշեցրեց, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղությունը շատ մոտ է։ «Եվ ասում էիք, որ երեք սկզբունքների շուրջ ձեռք եք բերել պայմանավորվածություն՝ տարածքային ամբողջականության ճանաչում, սահմանազատման մասին սկզբունքներ եւ կոմունիկացիաների ապաշրջափակում։ Բայց մենք հիմա ի՞նչ ենք լսում, որ Ալիեւն ասում է՝ սահմանազատման հանձնաժողովն ստեղծված է, այնտեղ կորոշեն, թե ընդհանրապես Հայաստանի տարածքները որտեղ են սկսում, որտեղ ավարտվում։ 1974 թվականի քարտեզը, որը դուք առաջարկում եք, որեւէ կերպ հիմք չի ընդունում Ալիեւը ու ասում է՝ որտեղ եկել, կանգնել եմ, այնտեղից ընդհանրապես չեմ պատրաստվում դուրս գալ։ Մինչեւ այսօր հնչեցրած բոլոր կետերից զիջման եք գնացել՝ Արցախի ժողովրդի իրավունքից մինչեւ Ջերմուկից ադրբեջանական զորքերի դուրս գալ»,- հավելեց պատգամավորը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատգամավորի հայտարարություններն ակնհայտորեն իրականությանը չեն համապատասխանում։ «1991 թվականից ոչ մի վայրկյան Ադրբեջանը պատրաստ չի եղել զիջել։ Ասել է՝ ուզում եք բարձրագույն ինքնավարություն` կտամ։ Եվ այդ ինքնավարությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել «Մադրիդյան սկզբունքներով», որ կլինի հայ-ադրբեջանական ինքնավարություն»,- ասաց Փաշինյանը։

f