Ստեփանակերտի Մաշտոցի 4-ում նախկինում գործող “Мелодия Вкуса”, իսկ հիմա՝ “Delice Cake” հրուշակեղենի խանութը վերաբացվեց 1 ամիս առաջ Երևանի Մաշտոցի 36-ում:
Բլոկադայի ժամանակ “Мелодия Вкуса”-ն միակ գործող հրուշակեղենի խանութն էր և աշխատեց մինչև սեպտեմբերի 10-ը։ Խանութի տնօրինությանը դա հաջողվեց, քանի որ բավականին մեծ քանակությամբ մթերք էին ձեռք բերել Նոր Տարվա տոներին ընդառաջ։ Տոներից հետո խանութի աշխատակազմը բախվեց շրջափակման հետևանքով առաջացած մի շարք դժվարությունների. հրուշակեղենի պատրաստման համար անհրաժեշտ մթերքներ գտնելը գրեթե անհնար դարձավ։
Լույսերի հովհարային անջատումների պատճառով հրուշակագործները ստիպված էին աշխատել գիշերային ժամերին, անհրաժեշտ մթերքները փորձում էին հայթայթել գյուղերից, ինչի շնորհիվ կարողացան աշխատել մինչև մայիս։
Ամռանը տարբեր խոշոր միջոցառումների համար պատվիրվող տորթերի համար մթերքները բերում էին պատվիրատուները։ “Բոլորը հարցնում են, թե ինչպես կարողացանք այդքան երկար աշխատել։ Կարողացանք մեր ժողովրդի շնորհիվ։ Մեկն ուներ 5 հատ ձու, բայց չուներ ալյուր, մյուսն ուներ ալյուր, բայց չուներ ձու, երրորդն ուներ խտացրած կաթ… Այդպես համատեղում էինք մարդկանց ունեցածը և բոլորին բավարարում”,- պատմում է Գայանեն` Delice-ի հրուշակագործ-դիզայները։
Հումքի մնացորդներով էլ բլիթներ էին պատրաստում, երբեմն վաճառում, երբեմն էլ բաժանում երեխաներին։ Ամբողջ Ստեփանակերտը գիտեր, որ ժամը 15:00-ին կսկսի բլիթների վաճառքը։
Այսօր “Delice Cake”-ը գտնվում է Երևան քաղաքի Մաշտոցի 36 հասցեում։ Կապ հաստատելու համար կարող եք զանգահարել (093) 29-29-39 հեռախոսահամարով։
Հայկ Հարությունյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: