Արցախցիների` տարիների ընթացքում կուտակված հոգեբանական տրավմաները հատուկ մոտեցում են պահանջում

  • 12:02 23.01.2024

Այս կարծիքին է Մասիսի Սոցիալական և հոգեբանական աջակցության կենտրոնի ղեկավար Զարինե Պետրոսյանը։

Նա ասաց, որ կենտրոնի աշխատակիցները վերջին մեկուկես ամսվա ընթացքում այցելել են արցախյան շուրջ 400 ընտանիքներ և փորձել կապ հաստատել հոգեբանական վերականգնման համատեքստում։ «Յուրաքանչյուր մարդ շփման և փոխըմբռնման կարիք ունի: Իսկ արցախցիներն ունեն տարիների ընթացքում կուտակված հոգեբանական տրավմաներ, որոնք հատուկ մոտեցում են պահանջում»։

Պետրոսյանն ասաց, որ վերջին տարիներին Ստեփանակերտում և Արցախի մարզային բնակավայրերում ստեղծվել են սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոններ։ Ինքը՝ Զարինե Պետրոսյանը, եղել է Մարտունու կենտրոնի պատասխանատուն։

«Տեղահանումից հետո մենք և մյուս կենտրոնների աշխատողները որոշեցինք շարունակել աշխատանքը Հայաստանում։ Մարդիկ հոգեբանական աջակցության մեծ կարիք ունեն. Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի աջակցությամբ մեզ հաջողվեց Հայաստանի տարբեր, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերում ստեղծել սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոններ, որտեղ աշխատում են մասնագետներ Արցախից։ Գրանցված ենք դեկտեմբերի կեսերից։ Ավելի քան հազար ներքին տեղահանված ընտանիքներ արդեն ընդգրկված են մեր ծրագրերում»։

Ալվարդ Գրիգորյան

f