«Մենք չենք մոռանում, որ Ադրբեջանի նախագահն ուղղակի ցուցում էր տալիս վերացնել եկեղեցիների վրայից հայկական արձանագրությունները»․ Միրզոյան

  • 17:33 23.01.2024

Այսօր, ցավոք սրտի, մենք չունենք գործիքակազմ՝ հետեւելու կամ հավաստի կերպով տեղեկանալու, թե ինչ է տեղի ունենում հայկական մշակութային ժառանգության հետ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, որ Ադրբեջանը վերացնում է Արցախի պատմամշակութային հուշարձանները։

Ի՞նչ քայլեր է ձեռնարկում հայկական կողմը այս բարբարոսության դեմն առնելու համար, եւ արդյոք միջազգային դատարաններ դիմումներ լինելո՞ւ են, հարցին Միրզոյանը պատասխանեց․ «Մեր մտահոգությունները եւ հրապարակավ ենք բարձրաձայնել, եւ նաեւ ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ ենք աշխատում այս ուղղությամբ։ Մեծ հույս ունեմ, որ հնարավոր կլինի այս ուղղությամբ գործուն քայլեր ունենալ եւ կանխել մշակութային ժառանգության վերացումը։ Սա այն դեպքն է, որ իսկապես պետք է ասենք, որ այստեղ շոշափելի ու էական անելիք ունի նաեւ միջազգային հանրությունը, առնվազն այն պատճառով, որ հայկական մշակութային ժառանգությունը համաշխարհային մշակութային ժառանգության շատ կարեւոր բաղկացուցիչ է»։

Միրզոյանը նաեւ ասաց, որ նախորդիվ ականատես ենք եղել Ադրբեջանից ամենաբարձր մակարդակով հնչած հայտարարությունների հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին․ «Մենք չենք մոռանում, որ Ադրբեջանի նախագահն ուղղակի ցուցում էր տալիս վերացնել եկեղեցիների վրայից հայկական արձանագրությունները կամ վիմագրությունները՝ պնդում անելով, որ այդ հուշարձանները հայկական ժառանգություն չեն»

f