
Օրեր առաջ «Գլոբալ Բրիջ» կրթահամալիրում կայացավ «Մանկավարժական մտքի փառատոն 4»-ը, որի խորհուրդը մանկավարժների ու կրթությամբ մտահոգ մարդկանց մեկտեղումն է, նոր փորձի ու վառ գաղափարների տարածումը:
Ըստ փառատոնի կազմակերպիչների, մասնակցությունը փառատոնին աննախադեպ էր՝ 67 տաղավար ավելի քան 200 խոսնակներով և 500-ից ավելի մասնակիցներ:
Փառատոնն իր շուրջն էր հավաքել ուսուցիչների հանրապետության բոլոր անկյուններից՝ Մեղրիից մինչև Վանաձոր, Սիսիանից մինչև Դիլիջան, Վայքից մինչև Աբովյան, այդ թվում մասնակիցների մեջ էին նաև արցախցի մանկավարժները, ովքեր այժմ իրենց մասնագիտական գործունեությունը շարունակում են ՀՀ-ի կրթօջախներում:
Կարևոր էր նաև մասնագետների բազմազանությունը, գնալով աճում է տարրական դպրոցի ուսուցիչների, պատմության, լեզուների, բնագիտական առարկաների ուսուցիչների թիվը՝ փառատոնը դարձնելով ավելի հետաքրքիր ու գրավիչ:
Մանկավարժական մտքի 5-րդ փառատոնը հոբելյանական է, կայանալու է հունիսին:
Հավելենք նաև, որ փառատոնի մասնակիցների հանգանակած գումարի օգնությամբ դեկտեմբերի 22-ին արցախցի 30 երեխա կհյուրընկալեն «Գլոբալ Բրիջ» կրթահամալիրում և կմասնակցեն ամանորյա միջոցառմանը:
Քրիստինե Ալավերդյան