Մեկնարկում է վիզաների ազատականացման հարցով ԵՄ-ՀՀ պաշտոնական երկխոսությունը

Ազատություն

Եվրամիությունը Հայաստանի հետ սկսում է պաշտոնական երկխոսությունը՝ վիզաների ազատականացման հարցով։ Այդ նպատակով այսօր Երևան է ժամանել Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարությունում նշվում է, որ գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով վիզաների պահանջի ավտոմատ չեղարկում:

Այս ճանապարհը որոշ երկրների համար երկար է եղել՝ Մոլդովայի դեպքում 3-4 տարի, Վրաստանից 5 տարի պահանջվեց, Ուկրաինայից՝ 9, իսկ Թուրքիայի հետ բանակցությունները 10 տարուց ավելի է շարունակվում են:

Հենց այս փորձը վկայակոչելով՝ Եվրահանձնաժողովը շեշտում է, որ Հայաստանի հետ այս երկխոսությունը տարիներ է տևելու, այդ ընթացքում վերահսկվելու են բարեփոխումները։

Հանձնաժողովը մասնավորապես ընդգծում է, որ հայաստանցիների համար Եվրամիության վիզան կվերացվի, եթե Երևանը զգալի բարեփոխումներ անի ճամփորդական փաստաթղթերի անվտանգության, սահմանի, միգրացիայի, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։

Եվրահանձնաժողովի փոխնախագահը Երևանում հայտարարել է, թե վիզաների ազատականացման բանակցությունների մեկնարկը վկայում է, որ Եվրամիությունը գնահատում է Հայաստանի ջանքերը՝ ամրապնդել դաշինքի հետ կապերը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել է, որ սա կարևոր որոշում է՝ հիմնված Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների վրա:

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր Երևանում ընդունելով Լյուքսեմբուրգի պաշտոնակցին՝ հատուկ հայտարարեց վիզաների ազատականացման մասին:

«Մենք հենց այսօր, ըստ էության, ունենք Հայաստան- Եվրամիություն վիզաների ազատականացման երկխոսության պաշտոնական արդեն մեկնարկ, մենք ունենք մինչ այդ այս մասին դրական ուղերձը Եվրամիությունից, մենք ունենք Խաղաղության աջակցության գործիքի ներքո Եվրոպական միության աջակցության մասին որոշումը, մենք մեր սահմանին ունենք Եվրոպական միության դիտորդական առաքելություն և պետք է ևս մեկ անգամ փաստենք, որ իր տեղակայման վայրից այս գործիքը, այս առաքելությունը բավականին արդյունավետ է եղել», – ասաց Միրզոյանը:

Լյուքսեմբուրգի արտգործնախարար Քսավյե Բետելը ևս շատ կարևոր որակեց այս իրադարձությունը:

«Ասել, թե վիզաների ազատականացումը կփոխի ամեն ինչ, սխալ կլինի, բայց դա նաև խորհրդանշական է: Այն կդյուրացնի մի երկրից դեպի մյուս երկիր մարդկանց շփումը, դա ավելի էժան կլինի, որովհետև մարդիկ էլ չեն վճարի վիզայի համար: Սա ավելի սերտ հարաբերություններին ուղղված ևս մեկ քայլ է՝ ամենակարևոր քայլերից մեկը, որ մարդկանց համար է: Տնտեսությունը կարևոր է, բիզնեսը կարևոր է, բայց առավել քան կարևոր է, որ ձեր քաղաքացիները կարող են առավել մոտենալ Եվրամիությանը: Եվրամիությունը միայն թվեր չեն՝ այն մարդկանց մասին է, և վիզաների ազատականացման միջոցով մենք միացնում ենք մարդկանց», – հայտարարեց Բետելը:

Վիզաների ազատականացման հարցով Երևան ժամանած Եվրահանձնաժողովի փոխնախագահին այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ընդունել՝ պաշտոնյային տեղեկացնելով, որ Հայաստանում քննարկումներ են Եվրամիությանն անդամակցելու հնարավորության մասին:

Վարչապետը, սակայն, ասել է, որ այդ հարցում կարևոր կլինի լսել Եվրամիության գործընկերների դիտարկումները և խորհուրդները:

418-րդ հոդվածը վերաբերում է պետական դավաճանությանը. ինչ է կատարվել Տավուշում

«Մենք ունենք Քրեական օրենսգիրք, որով սահմանվում են բոլոր այն հանցատեսակները, որոնք ուղղված են սահմանադրական կարգի հիմունքների եւ պետության անվտանգության դեմ։ Այդ հանցագործությունների մեջ 418-րդ հոդվածը վերաբերում է պետական դավաճանությանը։ Պետական դավաճանությունը սահմանվում է որպես թշնամու կողմն անցնելը ՀՀ քաղաքացիների կողմից՝ ի վնաս ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը եւ անվտանգությանը։ Մենք ունենք մի հանցակազմ, որի հատկանիշը Փաշինյանն ու իր կառավարությունը լիուլի բավարարել են, երբ Տավուշից սկսած սկսել է հանձնել այն տարածքները, որոնք Հայաստանի Հանրապետության դե յուրե տարածքներ են։ Եվ դա արել է Հայաստանի Սահմանադրության ու համապատասխան օրենքների կոպիտ ոտնահարմամբ»,- այսօր Սրբազան շարժման հավաքի ժամանակ ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։

Նա հիշեցրեց, որ Քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածը վերաբերում է երկրի տարածքային ամբողջականությանը։ Տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած գործողություն, որն ուղեկցվում է բռնությամբ կամ բռնության սպառնալիքով, նույնպես ենթակա է քրեական պատժի։ Նման հանցագործություն կատարողների համար Քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածը նախատեսում է ազատազարկում 10-15 տարի ժամանակով։ «Հիմա եկեք մենք տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ Տավուշում, երբ այսպես կոչված սահմանազատման գործընթացի շղարշի ներքո ՀՀ տարածքները հանձնվեցին Ադրբեջանին»

Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը, երբ դարձել է անկախ պետություն, երբեւէ չի ասել, որ իր սահմանները պետք է անպայման լինեն Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության սահմանները։ Եվ Ալմա-Աթայի հռչակագրում որեւէ խոսք չի ասվում այն մասին, թե որոնք են Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի սահմանները։

«Հարց է առաջանում, թե ինչո՞ւ է Փաշինյանը, այդքան առաջ վազելով, թմբկահարում Ալմա-Աթայի հռչակագիրը։ Ակնհայտ է, որ այդ հռչակագրին հղում կատարելն արվել է ադրբեջանական պահանջով։ Ընդ որում, այդ ժամանակ Ադրբեջանի խնդիրն էր ֆիքելով Ալմա-Աթայի հռչակագիրը՝ հասնել իբր այն իրավական դրույթին, թե Արցախը Ադրբեջանի մաս է։ Բայց հետագայում Ադրբեջանը կլանեց Արցախը՝ Փաշինյանի ձեռամբ, եւ հիմա Ադրբեջանը նաեւ փորձում է ցույց տալ, որ 1991 թվականի սահմաններն էլ կարեւոր չեն։ Սահմանազատման կանոնակարգի նախաբանում փակագծերում նշվում է, որ եթե կողմերը այսպես կոչված խաղաղության եւ պետական հարաբերությունների հաստատման մասին ապագա պայմանագրում համաձայնության գան այլ կարգավորումների վերաբերյալ, ապա այդ կարգավորումները պետք է ամրագրվեն եւ հիմք դառնան սահմանազատման համար։ Բոլորիս համար ակնհատ է, որ այդ դրույթը հնարավորություն է տալու Ադրբեջանին, եւ Ադրբեջանը ստիպելու է, որպեսզի 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն էլ չլինի հիմք եւ գնան ավելի հին ժամանակներին՝ Ադրբեջանի երազանքներով 1918 թվականին, երբ Ադրբեջանն ուներ հավակնություններ ՀՀ տարածքի գերագույն մասի նկատմամբ։ Մեր իշխանությունները ոչ միչայն դավաճան են, այլ նաեւ ապիկար են ու տգետ են»,- ասաց Վարդան Պողոսյանը։

Ռոզա Հովհաննիսյան

Բաքուն նյարդայնանում է. Ալիևը չի կարող սպասել մինչև հոկտեմբեր

Թեեւ մինչ այժմ համաձայնեցվել են Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի բազմաթիվ դրույթներ, այսինքն՝ մոտ 80%, որոշ դրույթների շուրջ համաձայնությունը դեռ հնարավոր չէ։ Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Սակայն դա չի նշանակում, որ համաձայնագիրը պետք է ստորագրվի, ինչպես առաջարկում է հայկական կողմը, նախագծից չհամաձայնեցված դրույթները հանելով։ Սա չի կարելի ընդունելի համարել»,- նշված է հայտարարության մեջ։

Ադրբեջանը կրկին մեղադրել է Հայաստանին «Մինսկի խմբի աշխատանքը վերականգնելու» փորձի մեջ և կրկին պահանջել փոխել Սահմանադրությունը։

Միաժամանակ հայտնի դարձավ, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը զանգահարել է Ալիևին և հայտարարել, որ Աստանան պատրաստ է խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հարթակի դեր խաղալ։

Ալիևը միանգամից նշել է, որ Աստանայում երկու երկրների միջև այս բանակցություններն անցկացնելու առաջարկն ընդունելի է Ադրբեջանի համար։

Այսինքն՝ պայմանագիրը չի համաձայնեցվել, բայց Ալիեւը համաձայնում է հանդիպմանը։ Ինչո՞վ է պայմանավորված Ալիևի նյարդայնությունը, և ինչպե՞ս է դա կապված Պուտինի Բաքու կատարած վերջին այցի և Մեղրիի ճանապարհի հարցում Հայաստանի վրա ճնշումների ավելացման հետ։

Այս այցից հետո Իրանը իրեն ոչ բնորոշ անկեղծությամբ մեղադրեց Ռուսաստանին հայ-իրանական սահմանին հակամարտություն հրահրելու և Հայաստանի տարածքը բռնակցելու փորձի մեջ։ Պաշտոնական Երևանը, որն արդեն համաձայնել էր հայ-իրանական սահմանի վերահսկողությունը փոխանցել «երրորդ երկրների մասնավոր ընկերություններին», արդեն մի քանի օր է ստիպված է օրական մի քանի անգամ Իրանին հավաստիացնել, որ կպահպանվի հայկական իրավասությունը Սյունիքում։ Իրանը չի հավատում դրան, ուստի սպառնում է, որ թույլ չի տա սահմանների փոփոխություն ցանկացած ձեւով։

Սյունիքի «խաղաղ» հանձնման ծրագիրը կանգ է առել Իրանի կոշտ դիրքորոշման պատճառով։ Այժմ Մոսկվան և Բաքուն ստիպված կլինեն ռազմական գործողության դիմել, որն այս անգամ կարող է բացասական արձագանք առաջացնել Արևմուտքում։

Իրավիճակը լիցքաթափելու համար Աստանան առաջարկում է Ալիևին և Փաշինյանին հանդիպել, և, դատելով Բաքվի ԱԳՆ հայտարարությունից, այս անգամ Փաշինյանին “կառաջարկեն” փոխել Սահմանադրությունը, «չեղարկել» Մինսկի խումբը, սահմանափակել հայկական զինված ուժերը, դուրս բերել եվրոպացի դիտորդներին և հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից։

Փաշինյանն ու Ալիևը կարող են հանդիպել հոկտեմբերին Կազանում՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում, բայց Բաքվի նյարդայնությունը, ըստ երևույթին, թույլ չի տալիս սպասել մինչև հոկտեմբեր։ Ով գիտի, թե ինչ կարող է լինել մի ամսվա մեջ:

Օկամպոն արցախցիներին առաջարկել է խոսել իրենց իրավունքների մասին

Միջազգային իրավունքի առաջատար փորձագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն «Artsakh Union» կազմակերպության նախաձեռնությամբ Երեւանում հանդիպել է արցախցիների հետ։

Պատասխանելով ներկաների հարցերին՝ Օկամպոն անմիջապես նշել է, որ առաջարկում է միայն խորհրդատվություն՝ նշելով, որ Արցախի խնդիրը բարդ է, քանի որ այն չի ճանաչվել որպես պետություն։ Փաստաբանը միաժամանակ նշեց, որ ոչ ոք չի կարող Արցախի ժողովրդին զրկել իր իրավունքների պաշտպանության համար շարժում նախաձեռնելու հնարավորությունից և ստիպելու, որ Ադրբեջանը պատասխան տա Արցախի քաղաքացիների նկատմամբ իր բոլոր գործողությունների համար։

«Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿ  բնակարանաշինության ծրագրի վերաբերյալ առաջարկներ կներկայացնի կառավարությանը

«Կանանց կենտրոն․ Շուշի» հասարակական կազմակերպությունը սեպտեմբերի 9-ին անցկացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարանով ապահովելու պետական աջակցության ծրագրի փոփոխության նախագծի քննարկում։

Կազմակերպության նախագահ Գայանե Համբարձումյանի խոսքով, սա այս թեմայով առաջին քննարկումը չէ. «Մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարանաշինության պետական աջակցության ծրագրի փոփոխությունները։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աշխատանքի տեղավորման հարցը։ Լսվել ու ձայնագրվել են առաջարկներ, որոնք կներկայացվեն կառավարություն»։

Համբարձումյանն ընդգծեց, որ «Կանանց կենտրոն․ Շուշի»-ն այս նախաձեռնությունն իրականացնում է Շվեդիայի միջազգային զարգացման և համագործակցության գործակալության (SIDA) և Կանանց ռեսուրսային կենտրոնի Հայաստանի (WRCA) աջակցությամբ՝ «Աջակցություն կայուն քաղաքացիական հասարակության կազմակերպմանը» ծրագրի շրջանակներում»։

Ալվարդ Գրիգորյան

Քաշաթաղի 12-րդ դարի խաչքարը․ որպես սեղան է օգտագործվել եւ պահպանվել

«Ես՝ Իւա|նէ, կան|գնե[ցի] | զխաչ|ս ի բար|եխոս եղ|բաւր իմո|յ Վարհա|մայ, ով զմ|եզ կրոնա|վորեալ կա|տարեցա|վ ի ճանա|պահր | յԵրո(ւ)սաղ|եմի, յիշ|եցայք | ի Ք(րիստո)ս: | Ա(ստուա)ծ ողո(ր)մ[ի] | կազ(մ)ողին»:

Իվանեն յուր եղբոր՝ Վարհամի հիշատակը հավերժացնող սույն գիրը թողել է 1197 թվականին կերտված մի գեղաքանդակ խաչքարի վրա, նաև որպես բարեխոսություն ու պատգամ, որ հետագա սերունդները հիշեն ու ողորմի տան։ Խաչքարն էլ պետք է հաղթահարեր ժամանակի փորձությունները ու ասելիքը հասցներ 21-րդ դար։

Այս ինքնատիպ խաչքարը հայտնաբերվել է Քարվաճառի շրջանում, 1993 թվականի ազատագրումից հետո վեր հառնած, Շահումյանի շրջանի Բրաջուր անունը ժառանգած, Նոր Բրաջուր գյուղի շրջակայքում։  Դժբախտաբար գյուղի տարածքում պատմամշակութային ամբողջական հուշարձաններ չեն պահպանվել, որովհետև, դեռ 18-րդ դարում այստեղ հաստատված խաշնարածները, ովքեր հետագայում դարձան ադրբեջանցի, դրանք ոչնչացրել էին դեռ խորհդային տարիներին, բեկորատելով օգտագործել զանազան շինարարական նպատակներով։ Կոնկրետ այս խաչքարը հայտնաբերվել է Նոր Բրաջուրի ձախափնյա թաղամասում, որը շրջված դիրքով օգտագործվել է իբրև սեղան, ինչն էլ պատճառ է հանդիսացել նրա ամբողջական մնալուն։

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հավաստմամբ՝ խաչքարն ինքնատիպ է գրչության ձեռագրային առանձնահատկություններով․ «Այստեղ տեղին է նշել, որ սույն խաչքարի կողին առկա արձանագրության գրչաոճը հար և նման է Դադի վանքում գտնվող 1182 թ. կերտված Հասան Վախտանգյանի հանրահայտ խաչքարի հյուսիսային կողի պատգամ-արձանագրությանը: Սրանով կարելի է ասել՝ բացահայտվում է այն, որ, ի դեմս գրչագրության «ձեռագրային» խնդրո առարկա տեսակի, փաստորեն մենք գործ ունենք զարգացած միջնադարում առնվազն Արցախում տարածում գտած արձանագրությունների փորագրման ձեռագրային տարբերակի հետ։ Այն, ի դեպ, կիրառվել է նաև ուշ միջնադարում (համեմատե՛լ Կուսանաց վանքի ածխագիր հիշատակագրությունների հետ)»:

Դեռ 12-րդ դարում կանգնեցված այս խաչքարը, մեր ազգային հիշողության մի յուրօրինակ կրիչ է, որը հավաստում է, թե ադրբեջանցի հորջորջվող ժողովուրդը Քարվաճառի տեղն իսկ չգիտեր, երբ այնտեղ ապրում ու արարում էր բնիկ հայ ժողովուրդը։ Եվ այս քարե վկաների դերը հասկանալով է, որ Ադրբեջանի բռնակալ Ալիևը, պատերազմելով հայ ինքնության դեմ, թիրախավորում է հենց այս հիշողությունը։

Արմինե Հայրապետյան

Արցախցիները պետք է մասսայական հայցեր ներկայացնեն միջազգային դատարաններ

Նազելի Վարդանյան, իրավաբան, իրավապաշտպան

-Սեպտեմբերյան պատերազմից և արցախահայության տեղահանումից գրեթե մեկ տարի է անցել, բայց դեռևս ոչ մի սոցիալական հարց չի լուծվել, նաև խնդիրներ կան արցախցիների իրավունքների իրացման մասով: Ովքե՞ր պետք է զբաղվեն այդ իրավունքերի պաշտպանությամբ, և իհարկե ի՞նչ պետք է անեն մեր տեղահանված հայրենակիցները այդ խնդիրները լուծելու համար:

 -Արցախի բնակչությունը ինքը պետք է բարձրացնի այդ հարցերը, յուրաքանչյուրն առանձին–առանձին։ Այստեղ պետք է նկատենք, որ խախտվել է և՛ սեփականության իրավունքը, և՛ ազատ տեղաշարժման իրավունքը՝ շրջափակման ժամանակ, իհարկե կյանքի իրավունքը: Առհասարակ սրանք այն հիմնարար իրավունքներն են, որոնք անկախ ամեն ինչից պաշտպանվում են, թե՛ ՄԱԿ-ի կանոնադրությամբ, թե՛ եվրոպական կոնվեցիաներով: Նաև սրանք իրավունքի խախտումներն են, որոնք չեն կարող չբավարարվել եվրոպական դատարաններում: Որպես մասնագետ գտնում եմ, որ արցախցիները մասսայական պետք է դիմեն եվրոպական դատարաններ։ Ընդ որում նրանք կարող են դիմել մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների կոնվենցիաների ներքո եվրոպական դատարաններ, ագրեսիայի փաստով Հաագայի դատարան:

Եվ իրոք Ալիևի կողմից սանձազերծած պատերազմը ագրեսիայի դրսևորում էր, որը ըստ ՄԱԿ-ի կոնվեցիայի համարվում է մարդկության հանդեպ իրականացված հանցագործություն, և սրանով Հաագայի դատարանը պետք է Ալիևին ճանաչի որպես հանցագործ և միջազգային հետապնդում սկսի, բայց դրա պահանջը պետք է լինի հենց արցախցիների կողմից: Հայաստանը և Հայաստանի բնակիչը դա չի կարող անել, քանի որ դա նրանց իրավասության շրջանակներից դուրս է: Այդ հայցերը առհասարակ ոչ մի պետության հետ կապ չունեն, դա յուրաքանչյուրի իրավունքն է և պահանջը, որը արցախցիներին հնարավորություն է տալիս գնալ մինչև վերջ:

Ես որպես մասնագետ 90% վստահ եմ, որ վերջնաարդյունքը դրական է լինելու, եթե համապատասխան ապացույցներ ներկայացվեն՝ սեփականության իրավունք, նկարներ։ Այդ պատճառով պատերազմի ժամանակ անընդհատ ասվում էր, որ բոլոր փաստաթղթերը նկարվեն և ուղարկվեն ինչ-որ մեկին։ Նույնիսկ ֆոսֆորի  օգտագործման ժամանակ ես պնդում էի, որ պետք է այդ հողից նմուշ վերցնել, երբեք չես իմանա, թե հետո ինչ կլինի, արդյոք կստացվի վերցնել, թե չէ։ Փաստահավաքությունը առհասարակ պետք է միանգամից անել, այս իրավիճակում հենց պատերազմի ժամանակ, և այն մարդիկ, ովքեր հնարավորություն ունեն ներկայացնել փաստեր, օրինակ՝ սեփականության իրավունքի վկայական, նկարներ, կարող են դիմել դատարան և կարծում եմ կլինի թե՛ միջազգային աջակցություն, թե՛ ֆոնդեր, որոնք կաջակցեն, որ մարդիկ իրավական պաշտպանություն ստանան, որովհետև ցանկացած անձ, ով չունի գումար իրավական պաշտպանության համար, պետությունը տալիս է հանրային պաշտպան, այդպիսով կարելի է դիմել։

Պետք է նշել, որ այս ամենը չպետք է սահմանափակվի մեկ կամ երկու հայցով, այլ պետք է մասսայական բնույթ կրի և տեղեկատվական մեծ արձագանք, որովհետև մենք կարծում ենք, որ քանի որ ապրում ենք այս ցավը, ուրեմն բոլորը գիտեն դրա մասին, բայց  ինչ-որ բան արդյո՞ք արել ենք, որ իմանան դրա մասին։ Ինչ եմ ուզում ասել․ եթե մենք մեր ցավը չբարձրաձայնենք, ոչ մեկը չի իմանա, օրինակ հիմա մենք արդյո՞ք գիտենք, թե ինչ է կատարվում պաղեստինցիների հետ, բացի նրանից, ինչ տեսնում ենք հեռուստացույցով, կամ Աֆրիկայում ինչ է կատարվում։ Նրանք պետք է խոսեն դրա մասին, որպեսզի միջազգային հանրությունը սատարի, ապրումակցի։

Այս մասով մենք ևս պետք է ավելի շատ տեղեկատվություն հաղորդենք, պետք է կարողանանք ճիշտ մատուցել այդ տեղեկատվությունը, և իհարկե չնեղանանք, որ ինչ-որ բան չեն անում։ Այս մասով Ադրբեջանը շատ գրագետ աշխատում է ու իր օգտին է դա անում, շատ մեծ գումարներ է ներդնում։ Կան նույնիսկ դեպքեր, երբ մենք հանդիպում ենք մեր միջազգային գործընկերների հետ, նրանք զարմանում են, ասելով, որ նրանք դրա մասին չգիտեին, քանի որ լրիվ այլ տեղեկություն ունեն։

Երբ մեծ թվով գործեր լինեն դատարանում, իհարկե անհնար է դա չլուսաբանվի, եթե երկու գործ ունենաք, կլինի այն, ինչ եղավ անցած պատերազմի ժամանակ, այսինքն Ադրբեջանը ևս հայտ կներկայացնի և հավասարության նշան կդրվի։ Պայմանականորեն եթե 50 հազար արցախցի հայց ներկայացնի, անհնար է, որ հավասարություն նշան դրվի․ այն, ինչ տեղի է ունեցել, սանձարձակ ագրեսիա էր արցախահայության նկատմամբ, Ալիևի ցանկացած հարցազրույց վերցնեք ու կցեք ձեր հայցին, երևալու են նրա ագրեսիայի դրսևորումները։

Մինչև մենք նրան միջազգային դատարանի առաջ չկանգնեցնենք, նրա ախորժակը չի նվազելու։ Մենք պետք է մեր ուժը ցույց տանք, որը իրավական դաշտում է, դիվանագիտության մեջ է։ Նրանք այնքան պարարտ հող են ստեղծել մեր իրավունքները պաշտպանելու համար, բայց մենք ոչինչ չենք անում դրա համար, ցավը մեր մեջ խեղդելու, մեկս մյուսից բողոքելու փոխարեն պետք է ակտիվ աշխատենք հենց այդ ուղղությամբ։

– Ուղղակի ինչ-որ անհասկանալի է, որոշ պարագայում նաև անբացատրելի բան է, որ մեկ տարվա ընթացքում ոչ մի հայց չկա։

 -Գիտեք ես ոչ մեկին չեմ կարող բացատրել, մարդիկ կան, որոնք երեսուն տարվա ընթացքում 3-րդ անգամ են տեղահանվում՝ Բաքվից, Սումգայիթից սկսված, զրկանքները, որոնք արցախահայությունը ստիպված էր կրել, և սա միայն նյութականը չէ, մեծ ցավ են մարդկային կորուստները․ եթե նյութականը ինչ-որ տեղ կարող ես նորից ստեղծել, ապա մարդիկ, գերեզմաները անվերադարձ են։ Պետք է հասկանալ, որ չնայած թե՛ Հայաստանը, թե՛ Հայաստանի բնակչությունը արել են առավելագույնը, սակայն արցախահայությունը դեռևս գտնվում է հոգեբանական ծանր վիճակում, նրանց ժամանակ է պետք։ Այս պարագայում մեղադրել, թե ինչու նրանք հայց չեն ներկայացնում, ճիշտ չէ։

Բացի դրանից, դա ևս պետք է կազմակերպված լինի, գուցե ինչ-որ հասարակական կազմակերպություն ստեղծվի հենց արցախցիների իրավունքների պաշտպանության մասով, որը կկարողանա նաև գումարներ գտնել՝ ոչ մեկն անվճար այդպիսի ահռելի աշխատանք չի իրականացնի։ Պետք է պրոֆեսիոնալ խմբեր ստեղծվեն, գուցե նաև արտասահմանյան իրավաբանների ներգրավմամբ, որ ավելի անկախ լինեն, բայց այդ ամենը պետք է համակարգվի։ Մարդուն, ով մի կերպ իր «յուղի մեջ տապակվում է», փորձում է օրվա հացը գտնել, գնաս և ասես, որ մի հատ էլ իրավաբան գտնի, հայց ներկայացնի, բնականաբար մեղմ ասած ճիշտ չէ։

Եթե այդպիսի համակարգող խմբեր լինեն, շատ մարդիկ կդիմեն, ուղղակի ճանապարհը ցույց տալ է պետք այդ մարդկանց։ Արցախը ունի ներկայացուցչություն, որտեղ մարդիկ աշխատավարձ են ստանում, նրանք պետք է ունենան իրավաբանների խումբ, ովքեր կզբաղվեն հենց նման խնդիրներով։

Երբեմն թվում է, որ Ադրբեջանն է վտարանդի կառավարություն ստեղծում, այն դեպքում, երբ հենց արցախցիները պետք է Արցախի վտարանդի կառավարություն ստեղծեն, չէ որ Արցախը 30 տարի դեմոկրատական երկիր է եղել, իհարկե որոշակի խախտումներ եղել են, բայց իրավական առումով, այո՛, դեմոկրատական էր, աշխարհին օրինակ է ցույց տվել, թե ինչպես կարելի է պետություն ստեղծել, ու եղել է շատ ավելի դեմոկրատական, քան շատ այլ երկրներ։ Նույնիսկ ընտրությունները հնարավոր է ավելի դեմոկրատական են եղել քան Ադրբեջանում և գուցե Հայաստանում։

Դրա համար այժմ այդքանը կորցնելը գտնում եմ, որ սխալ է, և վտարանդի կառավարություն ունենալը, յուրաքանչյուրի իրավունքների պաշտպանությունը, մասսայական հայցերի ներկայացումը եվրոպական դատարաններ, Հաագայի դատարան և ՄԱԿ-ի կոմիսարներին անհրաժեշտություն է։ Այդ ամենը պետք է անել ժամանակին, իհարկե, կարող ենք ասել, որ իրավունքը դրանից չի կորչում, բայց էֆեկտը ավելի է քչանում արձագանքի տեսանկյունից։ Մեր թերություններից մեկն էլ այն է, որ մենք ժամանակին չենք անում, իսկ հետո երբ անում ենք, արդեն նույն արձագանքը չենք ստանում։ Քաղաքականության և իրավաբանության մեջ պետք է միշտ ամեն ինչ ասել և անել ճիշտ ժամանակին։

Ես կարծում եմ, որ թևաթափ չպետք է լինել, ճանապարհներ կան, մենք ունենք մեր իրավունքները, և եթե մենք այն ունենք, պետք է կիրառել։ Հողը կորցնելով, մենք այն կարող ենք վերադաձնել իրավունքով, բայց կորցնելով իրավունքը ոչ մի կերպ հետ բերել չենք կարող։ Իրավունքն ամենակարևորն է։

Ալվարդ Գրիգորյան

“Արցախի էջով փորձել են փակել ՀՀ էջը”․ Ալենը կհետեւի, որ փորձը հաջող լինի

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ակնարկեց, որ Երեւանում Արցախի ներկայացուցչությունը չպետք է գործի։

«Այո՛, մենք ամեն ինչ արել ենք, որ Արցախն ապագա ունենար, բայց Արցախի նորեկ իշխանություններն այդ ապագան սկուտեղի վրա դրեցին, հանձնեցին, դրեցին ուղղաթիռը եւ փախան Հայաստան։ Արցախի էջը փակել է Արցախի իշխանությունը, ՀՀ իշխանությունը մինչեւ վերջին րոպեն, քթից արյուն գալով, իրենից ամեն ինչ կտրելով, ամեն ինչ արել է։ Եվ եկել են հիմա այստեղ, Արցախի ներկայացուցչությունում հավաքներ են անում եւ փորձում են այդ մեղքն իրենց վրայից մաքրել։ Չեն կարողանալու մաքրել, երկրորդը, ես կարծում եմ, որ արդեն այդ շենքի իմաստը մենք պետք է նույնպես վերանայենք։ Այդ շենքը կարծում եմ, որ այլեւս չպետք է նման բաների ծառայի»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Երբ լրագրողները հիշեցրին, որ Հայաստանի իշխանությունն է Արցախը հանձնել՝ այդ թվում՝ նախորդ տարվա սեպտեմբերյան պատերազմի ժամանակ չեզոք դիրք ընդունելով, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Դուք հասկանո՞ւմ եք, որ վերջին սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ նպատակը եղել է Հայաստանի Հանրապետությունից տարածքներ գրավելը, Հայաստանը որպես պետություն ոչնչացնելը եւ բռնակցելը միութենական որեւէ կառույցի: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է մտնեի՞ն այդ խաղի մեջ, որը մեզ պարտադրված էր, որ ՀՀ-ն այլևս գոյություն չունենա՞ր: Այսինքն՝ կա՞ այստեղ որեւէ մեկը, որ համարում է, որ Հայաստանի ինքնիշխանությունը պետք է դրվեր սակարկման։ Արցախի էջով փորձել են փակել ՀՀ էջը, դուք իրոք ընկալո՞ւմ եք դա»։

Ալեն Սիմոնյանը կարեւոր բան է ասում․ իրոք Արցախի էջը չէր փակվում, այլ Հայաստանի էջը, եւ փորձը, ըստ էության, հաջողվում է։ Ալեն Սիմոնյանը կհետեւի։

Մեղրիում և Երասխում կլինի Հայաստանի Հանրապետության նույն «ինքնիշխանությունը», ինչ Մարգարայում

Տարածաշրջանում տիրող իրավիճակը և հայ-իրանական հարաբերությունները քննարկել են Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին և ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ասվում է դիվանագիտական ​​առաքելության X սոցիալական ցանցի էջում։

Հանդիպման առանցքային թեման հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքի բացման անթույլատրելիությունն էր։

Ինչպես նշեց Գրիգորյանը, Հայաստանի տարածքով ցանկացած հաղորդակցություն պետք է լինի իր վերահսկողության և ազգային ինքնիշխանության ներքո, և Երևանը դեմ է ցանկացած «միջանցքային» տրամաբանության։

Գրիգորյանը Հայաստանի և Իրանի սահմանն անվանեց խաղաղության և բարեկամության սահման՝ հավելելով, որ ոչ մի ուժ ի վիճակի չէ դա խախտել։

Իր հերթին Իրանի դեսպանը կրկին հիշեցրել է Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը, որը դեմ է տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխության։

Հայ պաշտոնյան շնորհակալություն է հայտնել դիվանագետին նման դիրքորոշման համար՝ նշելով Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների կարևորությունը։

Ինչպիսի՞ն է լինելու ՀՀ «ինքնիշխանությունը», խորհրդարանում պարզաբանեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը.
Սյունիքի տարածքով Նախիջևանի և Ադրբեջանի միջև ապագա կապի հնարավոր փոխանցումը մասնավոր ընկերության չի խախտի Հայաստանի ինքնիշխանությունը, ասաց Սիմոնյանը։ Բոլոր կետերը, ըստ Սիմոնյանի, այժմ քննարկվում են «հայելային» ձևաչափով։

Արդյո՞ք սա նշանակում է, որ «մասնավոր ընկերությունները» “հայելային” վերահսկելու են նաև Հայաստանից դուրս հաղորդակցությունները։

Ասենք, եթե վերահսկողությունը փոխանցվի ռուսական մասնավոր ընկերություններին, օրինակ՝ «Ախմատին», ապա չեչեն գրոհայինները հաճույքով կվերահսկեն Մեղրիի միջանցքի մուտքը թե՛ Զանգիլանի կողմից, թե՛ Ջերմուկի, Մեղրիի ու Երասխի կողմից։

Ինչու ոչ, ասում է Սիմոնյանը, քանի որ հակամարտության թեժ փուլը վերջերս ավարտվեց, հարմար կլիներ, որ երրորդ կողմը կատարեր վերահսկողությունը։ Ըստ ամենայնի, ինչպես 2020 թվականին, երբ ռուսական զորքերը հանկարծ հայտնվեցին Արցախում։

Սիմոնյանը Հայաստանի ինքնիշխանության հետ կապված խնդիրներ չի տեսնում, քանի որ ամեն ինչ ընթանալու է «Հայաստանի դրոշի ներքո և օրենքների շրջանակներում»։

Որպես օրինակ՝ նա մատնանշեց ռուս սահմանապահների առկայությունը Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանին՝ նշելով, որ «այս հարցում նույնպես մտածելու բան ունենք»։

Հայաստանը թերեւս միակ երկիրն է աշխարհում, որի սահմանները պահպանում են մեկ այլ երկրի սահմանապահները, ընդ որում, երկրի, որը չի թաքցնում թշնամական մտադրությունները Հայաստանի նկատմամբ։ Իսկ եթե ռուսները կանգնած են Մարգարայում, ապա ինչու չպիտի կանգնում լինեն Ջերմուկում, Մեղրիում, Երասխում։

Գորիսում և Վայքում VIVA-ի կետերից օգտվել են ավելի քան 70 հազար արցախցիներ

VIVA հիմնադրամը ստեղծվել է 2016 թվականի ապրիլի 7-ին։ Առաջին իրական օգնությունը ցուցաբերվել է հիմնադրման 4-րդ օրը։ Դրանք բժշկական պարագաներ և շտապօգնության մեքենա էին, որոնք ուղարկվել են Արցախ։

2023թ. պատերազմից հետո VIVA հիմնադրամը դիմավորել է Արցախում իրենց տները լքելու հարկադրված տեղահանվածներին։ Բժիշկները, բուժքույրերը, կամավորները աջակցում էին, օգնում, ապահովում անհրաժեշտ իրերով։ Գորիսում և Վայքում հիմնադրամի կետերից օգտվել են ավելի քան 70 հազար արցախցիներ։

Հիմնադրամը նաև եռօրյա այց է կազմակերպել Տավուշի Արծվաբերդ և Այգեձոր գյուղերում՝ տեղահանվածներին և տեղացիներին աջակցության նպատակով։ Միևնույն ժամանակ, հիմնադրամը իրականացնում է բժշկական զննումներ և այցելություններ։

Յուրաքանչյուրը կարող է միանալ օգնությանը։ Ի՞նչ կարելի է անել.

  1. Ֆինանսապես աջակցել: Նույնիսկ փոքր գումարը կարող է մեծ նշանակություն ունենալ։ Հիմնադրամի կայքում հասանելի են բոլոր անհրաժեշտ տվյալները։
  2. Դառնալ կամավոր: Անհրաժեշտ են մարդիկ՝ օգնության բաշխման, միջոցառումների կազմակերպման և տեղահանվածներին աջակցելու համար։
  3. Տարածել տեղեկատվությունը: Որքան շատ մարդիկ իմանան, այնքան ավելի շատ օգնություն կարող է ցուցաբերվել։ Կիսվեք այս տեղեկությամբ ձեր ընկերների, գործընկերների հետ և սոցիալական ցանցերում։

Տաթև Ազիզյան

Ասում եք՝ արցախցինե՞րն են յուղը վրեն զենքերը հանձնել, բա Քարվաճառը ո՞վ հանձնեց

«Միայն Ադրբեջանն է ասում, որ չի եղել Արցախի էթնիկ զտում եւ մեկ էլ դուք այսօր ասացիք»,- ԱԺ նիստում, դիմելով ՔՊ-ականներին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Հետաքրքիր արտահայտություն հնչեց Արթուր Հովհաննիսյանի ելույթում, ասում է՝ Սամվել Շահրամանյանի ստորագրության արդյունքում Արցախը հայաթափվեց։ Փաստորեն Արցախը հայաթափվեց ոչ թե Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական, էթնիկ զտման եւ զինված կոնֆլիկտի հետեւանքով, այլ Արցախը հայաթափվեց, որովհետեւ ստորագրվել է մի թուղթ, որը ո՛չ պարոն Հովհաննիսյանն է տեսել, ո՛չ էլ ուրիշ մեկն է տեսել։ Հասկանո՞ւմ եք, չէ, որ միայն Ադրբեջանն է ասում, որ չի եղել էթնիկ զտում, որ արցախցիներն են դուրս եկել, մեկ էլ դուք նոր ասացիք»,- նշեց Արթուր Խաչատրյանը։

«Ասում եք՝ արցախցիները յուղը վրեն զենքերը հանձնեցին։ Դա որեւէ մեկի համար գաղտնիք չէ՝ Պաշտպանության բանակը ենթարկվում էր Հայաստանի իշխանություններին։ Եթե չէ, դիմեք Սամվել Բաբայանին, դատի տվեք։ Այլապես ինձ բացատրեք՝ եթե չէր ենթարկվում Հայաստանի իշխանություններին, ապա ինչպես եղավ, որ նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանը փաստաթուղթ է ստորագրում, ասում է՝ Քարվաճառից պետք է զորքերը դուրս գան։ Իրեն չենթակվող զորքե՞ր, դե ուրեմն մի հատ էլ թող թուղթ ստորագրի, որ Իսրայելը Գազայի հատվածից դուրս գա»,- հավելեց Արթուր Խաչատրյանը։

Ռոզա Հովհաննիսյան

 

ՀՀ իշխանությունն առանց իրավունք ունենալու ստորագրեց փաստաթուղթ՝ Արցախի տարածքների հանձնման մասին

«Մենք, ցավոք սրտի, ՀՀ օրենսդիր բարձրագույն մարմնի այս ամբիոնից եւս մեկ անգամ ականատես ենք լինում հերթական ուրացման դեպքին։ Օրվա իշխանությունն իսկապես վարում է հակաարցախյան քաղաքականություն»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նա հավելեց․ «Արցախի հանձնման մեջ մեղադրում է մի ուժ, որը ոչ միայն պատերազմ բերեց, ոչ միայն կոտորած բերեց, որը, առանց դրա իրավունքն ունենալու, ստորագրում էր փաստաթուղթ եւ հանձնում էր Արցախի Հանրապետության օրինական վերահսկողության ներքո գտնվող տարածքները, հրաժարվում էր Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը լինելու հանգամանքից, հիմա էլ փաստացի ու փաստորեն հրաժարվում է Արցախի ժողովրդի՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտի իրավունքները բարձրաձայնելուց»։

«Ավելին, անգամ այս մարդիկ չեն ուզում տեսնել, որ ժողովուրդը, որը բռնի տեղահանվեց ու ենթարկվեց ցեղասպանության, իր իրավունքը պաշտպանելու պարտականությունն իրացնում է իր օրինական ընտրված մարմինների միջոցով։ Ինչի՞ց եք վախենում, ինչի՞ց եք խուսափում, Հայաստանի օրենսդրության համաձայն, միջազգային իրավունքի համաձայն՝ Արցախի Հանրապետությունը ներկայացնող անձինք, ժողովրդի կողմից ընտրված անձինք կան եւ նրանք պետք է իրացնեն իրենց իրավունքը։ Դուք չէ, որ պետք է որոշեք այդ ժողովրդի փոխարեն»,- հայտարարեց Մինասյանը։

Ռոզա Հովհաննիսյան