14 անձի բերման են ենթարկել «Ուժեղ Հայաստանից», չգիտենք՝ մեղադրանքը որն է

  • 12:43 16.04.2026

Այսօր վաղ առավոտից Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացրել է խուզարկություններ Արտաշատի «Ուժեղ Հայաստան» կուսակցության  տարբեր գրասենյակներում և այս պահի դրությամբ արդեն շուրջ 14 անձ բերման է ենթարկվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16–ին, լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Յուրա Դիլանյանը՝ հավելելով, որ բերման ենթարկվածների թիվն անընդհատ աճում է։

«Առավոտվանից փորձում ենք ճշտել, թե այդ անձանց որտեղ են տարել, ինչ կարգավիճակով, ինչի համար, որևէ ձևով ինֆորմացիա մեզ չի տրվում։ Առավոտից փորձում ենք մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտեի շենք, փորձել իրականացնել մեր վստահորդների պաշտպանությունը, սակայն մինչև այս պահը դարձյալ արգելվում են մեր մուտքը և չեն թողնում, որպեսզի բարձրանանք, իրականացնենք անձանց պաշտպանությունը։

Որևէ տեղեկություն չունենք՝ ինչի համար են անձանց տարել, ի՞նչ մեղադրանքով, ի՞նչ կասկածանքով։ Քիչ առաջ ճշտեցինք, որ վստահորդներից մեկը գտնվում է այս պահին այս շենքում, իրականացնում են հարցաքննություն։ Նրա հարազատները դիմել են փաստաբանին, որպեսզի գնա, մասնակցի, իրականացնի պաշտպանություն, սակայն դարձյալ արգելում են փաստաբանի մուտքը։ Անձը իրավունք ունի հարցաքննվել փաստաբանի, պաշտպանի ներկայությամբ, դա ևս արգելվում ու խոչընդոտվում է։

Համատարած խախտումներ, համատարած խոչընդոտներ են ստեղծում, ոտնահարվում է պաշտպան ունենալու, իրավական օգնություն ստանալու իրավունքը»,–ասաց նա։

Հարցին՝ բերման ենթարկված 14 անձանցից միայն մե՞կն է Հակակոռուպցիոն կոմիտեում, փաստաբանը պատասխանեց. «Ես չեմ կարող կոնկրետ ասել, թե բոլորն էլ այստեղ են։ Հնարավոր է մի մասն այստեղ է, մի մասն էլ անհայտ ուղղությամբ այլ  վարչական շենքում է, որևէ տեղեկություն չունենք»։

Անդրադառնալով վարկածին, որ բարեգործության արգելքի վերաբերյալ դրույթն է խախտվել, Յուրա Դիլանյանն ասաց. «Այս պահին ես չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ մեղադրանք է, ի՞նչ մեղադրանքով են անձանց ձերբակալել, բերման ենթարկել։  Ցանկացած բան կարող են ասել։ Իհարկե, տեսնում ենք, որ համարյա բոլոր բերման ենթարկված, ձերբակալվածները մեկ մեղադրանքով են, որ իբր բարեգործության արգելք են խախտում, իբր ընտրակաշառք են բաժանում, իբր այսպես կոչված պայմանավորվածություններ են ձեռք բերում»։

news.am