«Ղարաբաղից տեղահանված 36 676 անձ արդեն ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն». նախարար

  • 16:12 16.04.2026

«Ղարաբաղից տեղահանված 36 676 անձ արդեն ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն»,- այսօր Ազգային ժողովի նիստում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նա նշեց, որ 2025 թվականին Հանրապետության նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 25 670 անձի, որից 19 367-ը եղել են Արցախից բռնի տեղահանվածները։

«Բազմաթիվ են շահարկումները, որ պետությունը հատուկ քաղաքացիություն չի շնորհում Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին։ Ես նշեցի, որ անցած տարվա կտրվածքով այդ թիվը եղել է 19 367, բայց ես ուզում եմ ամփոփել մինչ այս պահը եղած իրավիճակը եւ փաստել, որ Ղարաբաղից տեղահանված 36 676 անձ ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, որից մի մասը եղել է անձնագրավորման ռեժիմով, մնացածը՝ նախագահի հրամանագրով։  Տեղահանված անչափահասներն ընդհանուր առմամբ եղել են 28 հազարը, որից 12 հազարն արդեն անձնագրավորման եղանակով ստացել են ՀՀ քաղաքացիություն»,- ասաց նախարարը։

«Սա թույլ է տալիս փաստելու, որ ՀՀ-ն ավելի գրավիչ պետություն է դառնում թե ազգությամբ հայերի համար, ովքեր չունեին ՀՀ քաղաքացիություն եւ թե Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների ու օտարերկրյա այլ պետությունների ներկայացուցիչների համար»,- հավելեց նա։

Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հարցրեց՝ քանի՞ արցախցի է դիմել քաղաքացիություն ստանալու համար, բայց մինչ այս պահը չեն ստացել։ «Ես դիմումներ եմ ստանում, որ մարդիկ ամիսներ շարունակ սպասում են իրենց օրվան։ Դուք ունե՞ք տվյաներ, թե քանի մարդ է սպասում, եւ ի՞նչ ժամանակահատվածի մասին է խոսքը։ Այսինքն՝ մինչեւ ընտրական պրցեսն այդ մարդիկ հնարավորություն կունենա՞ն ստանալու անձնագրեր եւ մասնակցել համապետական ընտրություններին»,- հարցրեց պատգամավորը։

Արփինե Սարգսյանն ասաց, որ այս տարվա 3,5 ամսվա ընթացքում արցախցիներից շուրջ 7000 դիմում է ստացվել։ Իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում շուրջ 4000 դիմում էր ստացվել։ «Այս պահի դրությամբ ունենք պրոցեսի մեջ գտնվող շուրջ 4-5 հազար վարույթներ, որոնք ընթացքավորված են։ Եվ առաջիկայում մեծ խմբաքանակ կուղարկենք նախագահի աշխատակազմ։ Մի կողմից ես շատ ուրախ եմ, որ մեր հայրենակիցները որոշել են շարունակել իրենց կենսագործունեությունը ՀՀ-ում եւ պետության հետ ավելի ամուր կապ ձեւավորել՝ որպես քաղաքացի, մյուս կողմից, սա նաեւ մարտահրավեր է մեզ համար, որովհետեւ ավելի եծ հոսքեր կան։ Մի փոքր երկար է տեւում, բայց փորձագիտական նոր անձնակազմ ունենք ներգրավված, որպեսզի այս գործերը եւս արագ ուղարկենք նախագահի աշխատակազմ։ Ես որեւէ պրոցես չեմ կապում ընտրական գործընթացների հետ, որեւէ ձեւով հարցին չեմ անդրադառնում որպես ընտրությանը հասցնել-չհասցնելու թեմա։ Մենք ունենք հանձնառություն այն հայրենակիցների մասով, ովքեր ուզում են ստանալ ՀՀ քաղաքացիություն եւ ըստ այդ պրոցեսը կազմակերպել։ Մինչ այս պահն ունեցել ենք զրո մերժման դեպք»,- ասաց Արփինե Սարգսյանը։