Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար Հայաստանի Հանրապետությունը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ դրամաշնորհային համաձայնագրեր կստորագրի։ Համապատասխան որոշումն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
«Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական և դրամաշնորհային համաձայնագրերով նախատեսվում է ապահովել շուրջ 109 հազար փախստականների համար երկարաժամկետ բնակարանային լուծումներ։
Որոշման մեջ նշվում է, որ ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է ՎԶԵԲ–ի և Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի (GCFF) միջոցների հաշվին։ Ֆինանսավորման գումարը կազմում է 264.4 մլն դոլար։
Ինչպես նախկինում հաղորդվել էր, ծրագիրը կներառի 240 միլիոն դոլարի վարկ և 24.4 միլիոն դոլարի դրամաշնորհ։