Ընդդիմությունը ցանկանում է ռազմական ճանապարհո՞վ վերադարձնել Ղարաբաղը

  • 20:10 18.04.2026

Չնայած Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղյան շարժումը անվանում է «ավարտված», նա այնուամենայնիվ ընդունում է, որ «խաղաղությունը» շրջելի է, և եթե «ոմանք» իշխանության գան, «խաղաղությունը» հեշտությամբ կարող է վերանայվել: Ահա թե ինչու Հայաստանում նախընտրական քարոզարշավը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հրահրմամբ, կառուցված է Ղարաբաղյան շարժումը, «Միացում»-ի գաղափարը մերժելու հռետորաբանության վրա։

Իշխանությունները հաջողությամբ հրահրում են ընդդիմությանը հրաժարվել Արցախյան հարցից՝ մեղադրելով պատերազմի քարոզչության մեջ և ստիպելով հայտարարել տարածքային և այլ պահանջների բացակայության մասին։ Ընդդիմությունն էլ հեշտությամբ հրաժարվում է։

«Ազատություն» ռադիոկայանը կարճ «հետաքննություն» է անցկացրել նախընտրական քարոզարշավում Արցախյան հարցի տեղի վերաբերյալ։

Ինչպես նշում է «Ազատությունը», չնայած Փաշինյանի մեղադրանքներին, որ Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժերը «պատերազմի եռագլուխ վիշապ» են, տվյալ քաղաքական կուսակցություններից ոչ մեկը երբեք ռազմատենչ հայտարարություններ չի արել։ Երեք կուսակցություններն էլ չեն պահանջում վերանայել Փաշինյանի կառավարության կողմից կնքված համաձայնագրերը, և միակ տարբերությունն այն է, որ իշխանությունները Ադրբեջանին է անվանում Հայաստանի անվտանգության երաշխավոր, իսկ ընդդիմությունը պահանջում է արտաքին երաշխավորներ։

Ոչ ոք չի խոսում Արցախի անկախության մասին. նույնիսկ Դաշնակցությունը տարածքային պահանջներ չի ներկայացնում: Արծվիկ Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ նման պահանջներ երբեք չեն էլ ներկայացվել, և որ միակ խնդիրը արցախցիների երաշխավորված վերադարձն է։

Սամվել Կարապետյանի կուսակցությունները և Ռոբերտ Քոչարյանը նույնպես խոսում են միայն արցախցիների վերադարձի իրավունքը ճանաչելու մասին: Նարեկ Կարապետյանը նույիսկ պնդում է, որ արցախցիների համար պայմաններ ստեղծվեն Հայաստանում: Գագիկ Ծառուկյանը ընդհանրապես չի անդրադառնում այս թեմային։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը մերժում է նույիսկ վերադարձի պահանջը՝ նշելով, որ տեղահանությունից առաջ «մենք առաջարկել էինք ավելի բարենպաստ պայմաններ ղարաբաղցիների համար՝ իրենց հայրենիքում մնալու համար, առաջարկել ենք իջեցնել պահանջների շեմը», բայց նրանք հրաժարվել են: Հիմա ի՞նչ պայմաններուվ է ընդդիմությունը պահանջում վերադարձ։

Չնայած ընդդիմության կողմից պատերազմի կամ «խաղաղությունը» վերանայելու որևէ մտադրության մասին հայտարարությունների բացակայությանը, Փաշինյանը ամեն օր սրում է մեղադրանքները. այսօր նա ասել է, որ ընդդիմադիր ուժերը մտադիր են ռազմական ճանապարհով վերադարձնել Ղարաբաղը։

Սակայն այս ամենը` մեղադրանքներ, հրաժարումներ և այլն, տեղի է ունենում վիրտուալ, քարոզչական Հայաստանում: Իրականում Արցախյան շարժումը մնում է քաղաքական գործընթացների առանցքը և հայկական պետության գոյության միակ հիմքը։

Մինչ Արցախը լայնորեն մերժվում է Հայաստանում, Բելգիայի Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունում, որում շեշտվում են արցախցի ժողովրդի իրավունքները: Պուտինը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Ղարաբաղի հարցը անվանում է «ամենացավոտը», ապա իր փոխվարչապետին ուղարկում օկուպացված Արցախը «վերականգնելու» համար, ակնարկելով, որ առանց Ղարաբաղի Հայաստանը կորցնում է իր ողնաշարը: