«Սարից այն կողմ» ներկայացումը պատմություն է մի ժողովրդի մասին, որի համար հողը պարզապես տարածք չէ, այլ ինքնություն, հիշողություն և հոգու անքակտելի մաս։ Պիեսը պատմում է Արցախի ժողովրդի մասին՝ նրանց ցանկության, կամքի ու հավատքի մասին՝ ապրել սեփական հողում, պահել այն ամեն գնով։ Ներկայացման կերպարներից շատերն ունեն իրական նախատիպեր․ բեմում հանդես եկող արցախցի դերասանները ներկայացնում են իրենց իսկ ապրածը, տեսածն ու զգացածը: Դեպքերը ծավալվում են 44-օրյա պատերազմից 5-6 ամիս անց, երբ վերքը դեռ թարմ է, բայց բայց հույսը՝ կենդանի: Պիեսի հեղինակ և բեմադրիչ Կարինե Քոչարյանը բեմ է բարձրացրել այն իրականությունը, որը տեսել է սեփական աչքով։
«Սարից այն կողմ»-ը ուղերձ է՝ Արցախը չմոռանալու մասին։ Հեղինակը համոզված է՝ սերունդներին պետք է դաստիարակել այդ հիշողությամբ, այդ կապով, որպեսզի հնարավոր լինի վերադարձնել կորցրածը։
Առաջնախաղը տեղի կունենա ապրիլի 22-ին։ Ներկայացումը կցուցադրվի նաև մայիսի 5-ին՝ ժամը 19:30-ին, Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում։