
Եվրամիության արտաքին գործերի նախարարներն այսօր «կանաչ լույս» վառեցին Հայաստանում նոր քաղաքացիական առաքելության մեկնարկին, որը պետք է օգնի Երևանին պայքարել հիբրիդային սպառնալիքների՝ ընտրական գործընթացների օտարերկրյա մանիպուլյացիաների, կիբեռհարձակումների և անօրինական քաղաքական ֆինանսավորման դեմ։ Առաքելությունը կսկսի գործել առաջիկա ամիսներին, կունենա երկու տարվա մանդատ և կկոչվի «Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության գործընկերության առաքելություն» (EUPM Armenia)։
Այն գործուղելու համար Հայաստանը Եվրամիությանը խնդրանքով դիմել էր դեռ անցյալ տարվա դեկտեմբերին։ Բրյուսելում և Հայաստանում տեղի ունեցած քննարկումներից հետո դաշինքի դեսպաններն անցյալ շաբաթ միաձայն կողմ քվեարկեցին առաքելությունը ստեղծելու առաջարկին: