Փաշինյանը Ստեփանակերտի քանդված եկեղեցիների մասին

  • 16:41 23.04.2026

Նիկոլ Փաշինյանը «չի կարծում», թե Ստեփանակերտի Մայր տաճարի հարցը պետական մակարդակով միզազգային քննարկումների առարկա կդառնա:

Եկեղեցու քանդման մասին ահազանգերից երեք օր անց Հայաստանի վարչապետն ասել է.- «Այս թեմաների նկատմամբ առավելևս հիմա պետք է լինել շրջահայաց, որովհետև նման թեմաները երկսայրի սուր են: Ինչպես Նոր Կտակարանն է ասում ՝ դատվելու եք այն նույն դատով, ինչ դատով, որ դատելու եք և չափվելու եք այն նույն չափով, ինչ չափով, որ չափելու եք: Մենք կնայենք, կվերլուծենք: Չեմ կարծում, թե մեր նախորդ փորձը հաշվի առնելով՝ դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով: Եվ սա մի իրավիճակ է, որ մենք պետք է ամբողջությամբ հասկանանք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետը:

Մի քանի օր է, ինչ ահազանգ է հնչում՝ Ստեփանակերտի Մայր տաճարն անցել է ադրբեջանական բուլդոզերի տակ, ավերվել: «Ազատության» Պրահայի գործընկերներից ստացված արբանյակային լուսանկարներում պատկերը հստակ չէ, բայց հստակ է այն, որ մարտին եկեղեցին տեղում է եղել, իսկ հիմա արդեն՝ ոչ: Կարմիր տուֆով կառուցված հսկա եկեղեցու տեղում հիմա սպիտակ դատարկ տարածք է:

Ադրբեջանցի խորհրդարանականը Ստեփանակերտի Մայր տաճարի քանդման փաստը չի հաստատել, ասել է՝ դա դեռ պիտի ճշտվի: Ըստ նրա՝ «հայերն են քանդել իրենց մզկիթները օկուպացիայի» 30 տարիների ընթացքում:

Արցախում մի քանի մզկիթներ կային Շուշիյում և Ակնայում, և նրանք կանգուն էին 2020 թ․ դրությամբ։ Ոչ մի հայելային հարց չի կարող առաջանալ, եթե Հայաստանը բարձրացնի Ստեփանակերտի և այլ եկեղեցիների հարցը։ Սուրբ Էջմիածինը, որը Արցախում մնացած եկեղեցիների սեփականատերն է, պետք է հայց ներկայացնի միջազգային դատարան, և կառավարությունը պետք է միանա այդ հայցին։