Օրբանը ճանաչեց Հունգարիայի ընտրություններում պարտությունը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ճանաչել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում իր պարտությունը։ «Անկախ նրանից, թե ինչ կպատահի, մենք կծառայենք երկրին, նույնիսկ ընդդիմության մեջ», – ասել է նա իր կողմնակիցներին Բուդապեշտում կիրակի՝ ապրիլի 12-ի երեկոյան։

«Խնդիրը պարզ է. այժմ, երբ կառավարման բեռը այլևս մեր ուսերին չէ, մենք պետք է ամրապնդենք մեր սեփական հասարակությունը», – հավելել է Օրբանը։

Ընտրական հանձնաժողովը ընտրատեղամասերի 84.91%-ում ձայների հաշվարկից հետո հայտարարել է, որ ընդդիմության առաջնորդ Պետեր Մագյարը և նրա կենտրոնամետ «Տիսա» կուսակցությունը կարող են ստանալ 199 տեղերից 138-ը՝ նոր խորհրդարանի ձայների երկու երրորդից ավելին։ Ընտրողների մասնակցությունը հասել է ռեկորդային բարձրակետի՝ հասնելով 77.8%-ի ընտրատեղամասերի փակվելուց կես ժամ առաջ։

Ապրիլի 12-ին ավելի վաղ Մագյարը հայտնել էր, որ Օրբանը հեռախոսով շնորհավորել է իրեն ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ «Վարչապետ Վիկտոր Օրբանը հենց նոր զանգահարեց մեզ շնորհավորելու մեր հաղթանակի կապակցությամբ», – գրել է քաղաքական գործիչը իր X էջում։

Ստեփանակերտում հիմնահատակ ավերել են Սուրբ Հակոբ եկեղեցին. Արցախի թեմ

Սրտի խորը ցավով և խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմի կողմից Ստեփանակերտում Սուրբ Հակոբ եկեղեցու հիմնահատակ ավերման փաստը: Այս մասին հայտնում են Արցախի թեմից։

«Տարիներ շարունակ սուրբ Հակոբ եկեղեցին եղել է Ստեփանակերտի հոգևոր կյանքի կենտրոնը՝ որտեղ հազարավոր արցախցիներ իրենց սրտաբուխ աղոթքներն են բարձրացրել առ Աստված, և որտեղ ամեն կիրակի բաշխվել են մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Մարմինն ու Արյունը։

Համակարգված, նպատակային և պետական մակարդակով իրականացվող մշակութային այս ցեղասպանությունը շարունակվում է ողջ աշխարհի աչքերի առաջ, որի խոսուն վկաներն են նաև հիմնովին ավերված Շուշիի ս. Հովհաննես Մկրտիչ, Տանձատափի, Մոխրենես գյուղի ս. Սարգիս, Բերձորի ս. Համբարձման, Մեխակավանի Զորավոր ս. Աստվածածին եկեղեցիներն ու բազմաթիվ այլ սրբավայրեր։
Ինչքան էլ անարձագանք մնան մեր արդար դատապարտումներն ուղղված մշակութային եղեռնի հետևողական շարունակությունը չկանխող համաշխարհային կառույցներին, որոնք ստանձնել են այդ պարտականությունը, մենք ավետարանական այրի կնոջ պես անընդհատ պահանջելու ենք մեր արդար դատն ու իրավունքը:
Ուստի, վերստին կոչ ենք անում միջազգային համապաստասխան կառույցներին միջամտելու դադարեցնել այս ակնհայտ վանդալիզմը և կանխել համաքրիստոնեական արժեք հանդիսացող Արցախյան հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը»։

Կորեացին Ղարաբաղում տեսնում է անհետացող հայկական հետքերով ուրվական քաղաքներ

Մինչև 2020 թվականը Արցախ ուղևորությունը գրեթե նույնքան հեշտ էր, որքան Հայաստանի ցանկացած շրջան այցելելը: 2020 թվականի պատերազմից և 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողություններից հետո, որը հանգեցրեց տարածաշրջանի էթնիկ հայ բնակչության տեղահանմանը, մուտքը սահմանափակվել է։

Վերջերս տարածաշրջան այցելած հարավկորեացի ճանապարհորդ բլոգերը նկարագրել է հիմնականում դատարկ բնակավայրեր, հայկական տեսարժան վայրերի սահմանափակ մուտք և լանդշաֆտի տեսանելի փոփոխություններ:

ՅանգՄինը (YoungMin) մեկնել է Ստեփանակերտ՝ Լեռնային Ղարաբաղի նախկին վարչական կենտրոն, այն բանից հետո, երբ Ադրբեջանի իշխանությունները մեղմացրել են որոշ ճանապարհորդական սահմանափակումներ: Նա ասել է, որ չի մտադիրվում հակամարտության մեջ կողմեր ​​​​գրավել և նախկինում այցելել է այլ հակամարտության գոտիներ, այդ թվում՝ Իրաք:

«Ես պլանավորեցի ուղևորությունը, ապա պարզեցի, որ կա թույլտվությունների համակարգ», – ասել է ՅանգՄինը։

Թույլտվության գործողության սկզբունքն այն է, որ այցելուն պետք է ներկայացնի իր մեքենայի տվյալները, եթե պլանավորում է մեքենայով գնալ Ղարաբաղ։ Քանի որ մեքենան պետք է վարձակալվի Ադրբեջանում, զբոսաշրջիկը չի կարող ներկայացնել այս տվյալները մինչև ժամանումը։

«Նրանք ասացին, որ համապատասխանություն չկա։ Համակարգում խափանում կար, անկախ նրանից, թե որքան փորձեցի», – ասաց նա։ Վերջիվերջո, նա միացավ ուղեկցվող շրջագայությանը՝ ինքնուրույն ճանապարհորդելու փոխարեն։

Այցը կարճ էր՝ մոտ 16 ժամ, ներառյալ Բաքվից և հետդարձի ճանապարհը մեկ օրում։

Ստեփանակերտ տանող ճանապարհին խումբն անցավ Աղդամով, որտեղ ընթանում են լայնածավալ շինարարություններ։ «Նրանք կառուցում են քաղաք 100,000 մարդու համար», – ասաց նա։

«Ինչքան ես տեսա, այնտեղ շատ քիչ մարդիկ էին ապրում, և կարծում եմ՝ նրանք հիմնականում շինարարներ էին», – ասաց նա՝ նկատի ունենալով Արցախի նախկինում հայաբնակ բնակավայրերը։

Ստեփանակերտում նա մթնոլորտը նկարագրեց որպես «սարսափելի», նշելով վնասված շենքերը և փակված փողոցները։ ՅանգՄինն ասաց, որ չի կարող որոշել, թե արդյոք տարածաշրջանում հայեր են մնացել։

Խմբին ցույց տվեցին «Մենք ենք մեր լեռները» անունով հայտնի հուշարձանը, որը տարածաշրջանի հայկական ժառանգության հետ կապված նշանավոր տեսարժան վայր է։

Երբ նա տեսավ այս նշանավոր հուշարձանը, նրա առաջին արձագանքը զարմանքն էր. «Դա Արցախի գլխավոր խորհրդանիշն է, այնպես չէ՞։ Բայց ես շուտով պարզեցի, որ այն այնտեղ է միայն այն պատճառով, որ կառավարությունը ցանկանում էր այդպես տեսք ունենալ, նրանք պահպանում են հայկական մշակույթը, բայց դրա հետևում շատ բան է ջնջվում»։ Նա նշեց մոտակայքում բազմաթիվ ադրբեջանական դրոշների առկայությունը և ասաց, որ հուշարձանի վրա գրաֆիտի են արել։

Բնօրինակը  The Armenian Mirror-Spectator-ում

Թրամփը հայտարարում է՝ ԱՄՆ-ն կշրջափակի Հորմուզը

Միացյալ Նահանգների նավատորմը կշրջափակի Հորմուզի նեղուցը՝ արգելափակելով մուտք կամ ելք գործել փորձող բոլոր նավերի ճանապարհը, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։

Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնել էր, որ 21 ժամ ձգված ԱՄՆ-Իրան բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել։

Նախագահ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում, մասնավորապես, գրել է․ «Եվ այսպես․ հանդիպումը լավ է ընթացել, կետերից մեծ մասի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, բացի այն միակ կետից, որն իրոք կարևոր էր՝ միջուկային հարցը։ Այս պահից սկսած, Միացյալ Նահանգների նավատորմը՝ լավագույնը աշխարհում, կսկսի Հորմուզի նեղուց մտնել կամ այնտեղից դուրս գալ փորձող բոլոր նավերը շրջափակելու գործընթացը»։

Նա նշել է, որ ինչ-որ պահի «կհասնենք «բոլորին թույլատրվում է մուտք գործել, բոլորին թույլատրվում է դուրս գալ» վիճակի, բայց Իրանը թույլ չի տվել, որ սա իրականություն դառնա՝ պարզապես հայտարարելով․ «Այնտեղ, մի տեղ, կարող է ական լինել»»։

Թեհրանի այս գործելակերպը ԱՄՆ նախագահը «աշխարհից շորթում» է որակել։

Թրամփը վերահաստատել է, որ ԱՄՆ-ն Հորմուզը ականազերծելու գործողություն է սկսելու։

«Եթե մի իրանցի մեզ կամ խաղաղ նպատակներով այնտեղ գտնվող նավի հարվածի, կհայտնվի դժոխքում», – ասել է նա։

«Ես Արցախում երեք շիրիմ եմ թողել, խնդրում եմ օգնեք տեղափոխել Հայաստան»

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին արցախցի մի կին դիմեց Արցախում մնացած շիրիմները Հայաստան տեղափոխելու խնդրանքով։

«Ես Արցախում երեք շիրիմ եմ թողել, խնդրում եմ օգնեք տեղափոխել Հայաստան»,– Փաշինյանին դիմեց արցախցի կինը։

«Տեսախցիկների առջեւ եկեք այդ թեմայով չխոսենք, նրբություններ կան, թողեք ձեր կորդինատը իմ օգնականին»,– պատասխանեց Փաշինյանը։

Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով

Հյուսիս-արևելքից ցուրտ օդային հոսանքների ներթանցմամբ պայմանավորված ապրիլի 13-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ․ լեռնային և բոլոր նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Լեռնային շրջաններում պասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, առանձին ավտոճանապարհներին նաև մերկասառույց։

Ապրիլի 13-ին մայրաքաղաք Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրև, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով։ Երևան քաղաքում ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրև, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 14-ին հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. առանձին վայրերում՝ առատ։ Տեղումները ապրիլի 13-ին լեռնային և բոլոր նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։ Ապրիլի 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը և 14-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 15-17-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով։

Սփյուռքի զորաշարժի խորհրդաժողովի կոչ-հայտարարությունը

Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովը կայացաւ Ապրիլի 11-12, 2026-ին, Փարիզի մէջ, Հայաստանէն, Արցախէն եւ Սփիւռքի 26 երկիրներէ ժամանած աւելի քան 150 հեղինակաւոր մտաւորական, քաղաքական, հանրային եւ համայնքային գործիչներու մասնակցութեամբ։

Խորհրդաժողովը հանգամանօրէն քննեց համազգային մարտահրաւէրներու եւ աշխարհաքաղաքական նոր իրողութիւններու պայմաններուն մէջ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններու ներկայ պարզած պատկերը եւ համահայկական օրակարգերու շուրջ զօրաշարժի անհրաժեշտութիւնը։

Խորհրդաժողովի բացման նիստին իրենց ողջոյնի խօսքերը յղեցին Գարեգին Բ. եւ Արամ Ա. Վեհափառները, Արցախի Հանրապետութեան խորհրդարանի նախագահ, Արցախի Հանրապետութեան նախագահի պաշտօնակատար Աշոտ Դանիէլեանը։ Խորհրդաժողովին յաջողութեան մաղթանք փոխանցեց Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը:

Չորս կէտերէ բաղկացած օրակարգերուն շուրջ քննարկումներէ վերջ, խորհրդաժողովը կատարեց համապատասխան հաստատումներ, ընդգծեց առաջնահերթութիւններն ու այդ ուղղութեամբ ձեռնարկուելիք քայլերը։

Ա. ՍՓԻՒՌՔԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԵՐԸ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ

Սփիւռքի դերը հայութեան առջեւ ծառացած հիմնահարցերու լուծման մէջ ունի ռազմավարական կարեւոր նշանակութիւն։ Այսօր, երբ հայկական պետականութիւնը կը գտնուի անվտանգային լուրջ սպառնալիքներու առջեւ եւ կը թիրախաւորուին ազգային ինքնութեան հիմնասիւները, հրամայական է ազգային օրակարգերու շուրջ համահայկական զօրաշարժը։ Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերի ու նպատակների անքակտելիություն…

Ներկայ հանգրուանին, Սփիւռքի քաղաքական օրակարգի առաջնահերթութիւններն են.

– Հայաստանի պետականութեան հզօրացում. Հայաստանի Հանրապետութեան հզօրացման եւ անվտանգութեան ամրապնդմանն ուղղուած ծրագրային համապարփակ ռազմավարութեան մշակում եւ գործադրում։

– Հայոց Ցեղասպանութեան ճանաչում եւ հատուցում. Հակառակ Հայաստանի ներկայ իշխանութիւններու վարած քաղաքականութեան, Ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ հատուցման գործընթացը կը մնայ հրամայական։

– Արցախեան հիմնահարց. Արցախի հարցը կը շարունակէ մնալ օրակարգի վրայ՝ ընդգրկելով հետեւեալ գործնական քայլերը.

Գերիներու անյապաղ ազատ արձակման հարցի հետապնդում։

Արցախի ժողովուրդի իրաւունքներու պաշտպանութիւն եւ հաւաքական վերադարձի իրաւունքի միջազգայնացում։

Բռնագրաւուած Արցախի հայկական մշակութային ժառանգութեան պաշտպանութիւն։

Արցախի պետական կառոյցներու գործունէութեան լիարժէք աջակցութիւն։

Արցախի Հանրապետութենէն բռնի տեղահանուած հայրենակիցներու՝ ՀՀ-ի մէջ քաղաքացիական իրաւունքներու պաշտպանութեան եւ ընկերային-տնտեսական խնդիրներու լուծման ուղղութեամբ աշխատանքներ։

Բ. ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԷՔՆԵՐՈՒ ԵՒ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՒՈՅ ԴԵՐԸ ՍՓԻՒՌՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹԵԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԷՋ

Հայկական ինքնութիւնը խարսխուած է հայոց պատմութեան, Հայց. եկեղեցւոյ, լեզուի, մշակոյթի եւ ազգային արժէքներու վրայ, որոնք սփիւռքահայութեան գոյութեան հիմնական յենասիւներն են։ Ներկայ օրհասական պայմաններուն մէջ, Հայց. եկեղեցին, ինչպէս անցեալին, այսօր եւս կը շարունակէ մնալ ոչ միայն հոգեւոր խարիսխ, այլ նաեւ հայ ժողովուրդի ազգային եւ հոգեւոր ինքնութեան հիմնաքար։

Դատապարտելով ՀՀ իշխանութիւններու սանձազերծած պայքարը հայկական արժէքներու եւ Հայց. Առաքելական եկեղեցւոյ դէմ՝ անհրաժեշտ է նկատի ունենալ հետեւեալ առաջնահերթութիւնները.

– Դիմադրութիւն. ազգային ինքնութեան դէմ ուղղուած որեւէ քայլ եւ գործողութիւն պէտք է արժանանայ կազմակերպուած եւ միասնական հակազդեցութեան։

– Համախմբում. կանխել պառակտումը եւ ստեղծել ամուր համախմբում Եկեղեցւոյ շուրջ։

– Կրթութիւն եւ դաստիարակութիւն. ամրապնդել եւ ընդլայնել սփիւռքահայ կրթական, մշակութային ու հոգեւոր համակարգը՝ ի խնդիր աւելի մեծ թիւով նոր սերունդներու հայեցի ինքնութեան եւ դաստիարակութեան։ Նոր սերունդին մօտ պիտի զարգացնել ազգային ընդհանուր շահերուն գիտակցելու ու ատոնց տիրութիւն ընելու կամքը։

Գ. ՀԱՅԱՍՏԱՆ–ՍՓԻՒՌՔ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ ԵՒ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ.

Ազգային արժէքային համակարգը Հայաստանի Հանրապետութեան եւ ամբողջ հայ ազգի ուժի հիմնական աղբիւրն է: Զայն պէտք է համարել Հայաստան-սփիւռք յարաբերութիւններու մշակման եւ համահայկական օրակարգի անփոխարինելի հիմքը: 44-օրեայ, ինչպէս նաեւ Արցախի վերջին պատերազմներէն եւ հայաթափումէն ետք, Հայաստանի իշխանութիւններու վարած քաղաքականութիւնը սփիւռքահայութեան մօտ ստեղծած է խորունկ հիասթափութիւն եւ յուսախաբութիւն, որուն հետեւանքով անոր մօտ կը նկատուին հայրենիքէն ներքնապէս հեռանալու մտահոգիչ միտումներ: Խիստ դատապարտելի է ՀՀ ներկայ իշխանութիւններուն կողմէ՝ կազմակերպուած սփիւռքը անտեսելու, պառակտելու եւ հայրենիքին նկատմամբ անոր զօրակցութիւնը արհամարհելու վնասակար քաղաքականութիւնը: Մտահոգիչ է նաեւ ՀՀ իշխանութիւններու ձեռնածալ մնալը՝ Միջին Արեւելքի գոյութենական վտանգներ ապրող հայկական գաղութներուն նկատմամբ: Առ այդ, Հայաստան-սփիւռք յարաբերութիւններու առաջնահերթութիւններն են.

– Հայաստան-սփիւռք ռազմավարական գործակցութիւն. վերականգնել եւ որակական նոր մակարդակի բարձրացնել համակարգային (ինստիտուցիոնալ) կապերը սփիւռքի հետ։

– Համահայկական կարողականութեան եւ ցանցային հնարաւորութիւններու օգտագործման արդիւնաւէտ մեքանիզմներու ստեղծում. ապահովել Սփիւռքի մասնագիտական մարդուժի առաւելագոյն մասնակցութիւնը պետական զանազան նախագիծերու եւ օղակներու մէջ՝ պատասխանատուութիւններ ստանձնելու հեռանկարով։

– Հայաստան-սփիւռք միասնական տարածքի ձեւաւորում. քաղաքական, դիւանագիտական, տնտեսական, գիտական, ռազմարդիւնաբերական, տեղեկատուական եւ կրթա-մշակութային միասնական քաղաքականութեան մշակում եւ գործադրում։ Այս իմաստով, մեծ է սփիւռքի մասնագիտական մարդուժին դերը հայկական փափուկ ուժի կիրառումին մէջ։

– Արեւմտահայերէնը վտանգուած է. արեւմտահայերէնի պաշտպանութեան ու զարգացման գործը կ՚ենթադրէ ոչ միայն Սփիւռքի, այլ նաեւ Հայաստանի Հանրապետութեան ներգործօն դեր:

– Սփիւռքի դերակատարութեան բարձրացում. մասնագիտական քննարկումի նիւթ դարձնել Հայաստանի Հանրապետութեան պետական կառավարման եւ համահայկական հարցերու հետապնդման մէջ սփիւռքահայութեան դերակատարութեան հնարաւոր տարբերակները՝ հասնելու համար համազգային համախոհութեան եւ ՀՀ-ի քաղաքական համարգէն ներս իրաւական լուծումներու։

Դ. ՍՓԻՒՌՔԻ ԶՕՐԱՇԱՐԺ ԵՒ ՎԵՐԱՇԽՈՒԺԱՑՈՒՄ ՅԱՆՈՒՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՒ

Համահայկական օրակարգերու նկատմամբ Սփիւռքի միասնականութեան, հզօրացման եւ վերակազմակերպման անհրաժեշտութիւնը աներկբայ է:

Հրամայական է սփիւռքահայութեան համախմբումը համազգային նպատակներու շուրջ, սփիւռքեան կառոյցներու եւ առահասարակ գործելակերպի արդիականացումը, գաղութներու միջեւ ուղղակի համագործակցութիւնը եւ ներուժի հետեւողական ամրապնդումը:

Սփիւռքի վերակազմակերպման գործընթացին մէջ յատկապես կենսական է երիտասարդութեան լիարժէք ներգրաւումը:

Սփիւռքի զօրաշարժը պէտք է կատարուի ռազմավարական ծրագիրներու շուրջ՝ նկատի ունենալով հետեւեալ առաջնահերթութիւնները.

Աշխարհասփիւռ հայ ժողովուրդի եւ Հայաստանի Հանրապետութեան հզօրացում՝ իբրեւ մէկ ազգի երկու բաղադրամասեր։

Ազգային պետութիւն կերտելու գործընթացի սատարում։

Հայ Դատի եւ համազգային նպատակներու հետապնդում:

Վերոնիշյալ հաստատումներու եւ մատնանշուած առաջնահերթութիւններու լոյսին տակ Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովը կը շեշտէ, որ ներկայ աշխարհաքաղաքական բարդ պայմաններուն մէջ, սփիւռքի կենսունակութիւնն ու հզօրութիւնը անքակտելիօրէն կապուած են մայր հայրենիքին։

Մեր միասնականութիւնը պէտք է խարսխուի յաւերժական ազգային արժէքներու եւ պետականութեան ամրապնդման տեսլականին վրայ՝ իբրեւ համընդհանուր օրակարգ։ Հայաստանի, Արցախի և հայ ժողովուրդի ազգային-պետական շահերը եւ նպատակները անքակտելի են։

Մենք կը մերժենք ՀՀ ներկայ իշխանութիւններու որդեգրած պառակտիչ եւ վանողական մօտեցումները։

Փոխարէնը, կոչ կ՚ուղղենք ստեղծելու առողջ, համակարգուած եւ հաւասարակշռուած յարաբերութիւններ, որոնք միակ երաշխիքն են հզօրացնելու հայ ազգը եւ անսասան պահելու հայկական պետականութիւնը։ Համազգային պատասխանատուութեան գիտակցութեամբ, եւ, մեր ներուժը պէտք է ծառայէ բացառապէս համազգային նպատակներու՝ ապահովելով հայութեան անվտանգ եւ երաշխաւորուած ապագան։

Այս նպատակով կը կարեւորենք ՀՀ բոլոր քաղաքացիներու—անկախ իրենց գտնուած վայրէն—մասնակցութիւնը ՀՀ Ազգային ժողովի ընտրութիւններուն, առ այդ կոչ կ՚ընենք, Հայաստանի Հանրապետութեան բոլոր քաղաքացիներուն—ներառեալ արտերկիր գտնուողներուն, իրենց միջոցներով երթալ Հայաստան—մասնակցիլ ընտրութիւններուն։

Անհրաժեշտութիւն է փոխել ՀՀ գործող իշխանութիւններու ապազգային ուղեգիծը եւ հաստատել պետութեան զարգացման ազգային-պետական ուղեգիծ։

ՍՓԻՒՌՔԻ ԶՕՐԱՇԱՐԺԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ

Սուրբ Աննա եկեղեցու բակում լուռ ակցիա` ի պաշտպանություն Դավիթ Մինասյանի

Երեւանի Սուրբ Աննա եկեղեցու բակում այսօր լուռ բողոքի ակցիա է իրականացվում՝ ի պաշտպանություն այս եկեղեցում տեղի ունեցած միջադեպով կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանի։

Իսկ ի՞նչ անեն 70,000 ՀՀ անձնագրերի տեր արցախցիները, որոնք զրկված են ընտրելու իրավունքից

«Սպուտնիկ Արմենիայի» հետ հարցազրույցում Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը պատասխանեց հարցին, որ արցախցիներին ՀՀ քաղաքացիություն տրամադրելու գործընթացը միտումնավոր հետաձգվում է ընտրություններից առաջ՝ նրանց ընդդիմադիր հայացքների պատճառով։

Նելլի Դավթյանը նշել է. «Այո, կա որոշակի ուշացում։ Սակայն դա, բնականաբար, պայմանավորված չէ նախընտրական շրջանով, այլ նրանով, որ մենք հունվարի 1-ին գործարկեցինք նոր ծրագիր։ Օբյեկտիվորեն մեր համակարգը խիստ գերծանրաբեռնված է. չորս ամսում մենք արդեն ստացել ենք այնքան դիմում, որքան կմշակեինք մեկ տարվա ընթացքում։ Բայց մենք արդեն մոտ ենք արագացված գործընթացին վերադառնալուն, և ես չեմ բացառում, որ նույնիսկ եթե տեղահանված անձը որոշի այսօր դառնալ ՀՀ քաղաքացի, նա ժամանակ կունենա ՀՀ անձնագիր ստանալու և ընտրություններին մասնակցելու։ Այժմ մեր իրավասության ներքո գտնվող բոլոր գործերի արդյունքները կստացվեն ընտրություններից առաջ, և մենք ոչ մի մերժում չենք գրանցել»։

Նելլի Դավթյանի խոսքով՝ 36,000 արցախցիներ ստացել են նոր անձնագրեր, որոնցից 12,000-ը անչափահասներ են, 6700 դիմումներ ընթացքի մեջ են։

Սա նշանակում է, որ միայն 24,000 արցախցիներ, գումարած մի քանի հազար անձինք, ովքեր ընտրություններից առաջ կստանան անձնագրեր, կկարողանան քվեարկել։ Իսկ ի՞նչ անել ավելի քան մնացած 70,000 չափահաս արցախցիների հետ, ովքեր ունեն հայկական անձնագրեր, բայց չեն կարող քվեարկել։

Ի վերջո, ոչ ոք 070 կոդով անձնագրերը կամ փախստականի այլ կոդերով ՀՀ անձնագրերը «անվավեր» չի հայտարարել: Ճիշտ է, «ժամանակավոր պաշտպանության վկայականի» համար դիմելիս արցախցիները ստիպված են եղել դիմումի մեջ նշել «Ես որևէ պետության քաղաքացի չեմ» բառերը, բայց դա չի կարող ընկալվել որպես ՀՀ քաղաքացիությունից հրաժարում։

ՀՀ կառավարությունը չի կարողացել լուծել Հայաստանում բնակվող և սեփական կառավարություն ընտրելու հիմնարար իրավունքից զրկված 070 կոդով անձնագրեր ունեցող 70,000 քաղաքացիների քաղաքական իրավունքները։

Հայկական Սփյուռքի համաժողով Փարիզում․ որտեղ է Արցախը

Փարիզում երեկ մեկնարկել է աշխարհի 25 երկրների ավելի քան 150 ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդաժողովը, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին և նպաստել ազգային ներուժի զորաշարժին։ Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Մեր երկրի առջև ծառացած օրհասական մարտահրավերների պայմաններում Սփյուռքի ռազմավարական դերը դառնում է անփոխարինելի։ Այս օրերին քննարկումների կենտրոնում են լինելու՝ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների նոր հորիզոններն ու առկա ճգնաժամի հաղթահարումը, Հայկական ինքնությանը սպառնացող մարտահրավերների հաղթահարման գործում ազգային կառույների և Հայ Առաքելական եկեղեցու դերակատարությունը, Համահայկական միասնական օրակարգի ձևավորումը»։

Հայաստան-Արցախ-Սփյուռք երկար տարիներ գործող կարգախոսի իմստազրկելուց հետո չի գործում նույնիսկ Հայաստան-Սփյուռք կապը, որը 1980-ականների վերջին վերականգնվել և կայացել է հենց Արցախյան հարցի շուրջ՝ որպես դարերի ընթացքում ազգային իրավունքների վերականգնման եզակի օրինակի։

Արդեն 2018-ի հեղափոխությունից հետո Հայաստան-Սփյուռք կապը սկսվել է վերանայվել։ Եթե մինչ այդ Հայաստանի կառավարությունը գործ էր ուննում պայմանական “դաշնակցական”՝ առավել հզոր և ազդեցիկ սթյուռքային կազմակերպությունների հետ, ապա 2018-ից հետո՝ “հակադաշնակցական”։ Սփյուռքի հետ աշխատանքի պետկոմիսար է նշանակվել մի մարդ, որը չի թաքցնում “դաշնակցական” մասի հանդեպ անհանդորժաղականությունը։

Մինչդեռ “դաշնակցական” լոբբին շարունակում է գործել Հայաստանից դուրս։ Մի կողմից, իր ազդեցության շնորհիվ, այն կարողանում է Արցախի հարցը պահել միջազգային օրակարգի մեջ, հասնելով Եվրոպական և շատ երկրների խորհրդարաններում հայանպաստ բանաձևերի ընդունմանը։ Մյուս կողմից, այդ երկրների վրա հակազդում է Հայաստանի կառավարությունը, որը տվյալ երկրներում հայ համայնքի պահվածքը համարում է ռևանշիզմ՝ “խաղաղության” դեմ ուղղված։ Շատ երկրներ վերանայել են իրենց վերաբերմունքը հայ համայնքի վերաբերյալ։ Միայն Կանադան է միանշանակ պնդում, որ “Արցախյան էջը փակված չէ”։

Այս ազդեցության տակ Սթյուռքի նույնիսկ “դաշնակցական” հատվածի խոսույթում Արցախի իրավաքաղաքական հարցը աննկատ վերածվել է “արցախցիների Արցախ վերադառնալու, գերիների ազատման և Արցախում հուշարձանների պահպանման” պահանջի։

Սակայն անցած տարվա մայիսից սկսած, երբ Շվեյցարիայում Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն բարձրացրեց Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող՝ Արցախում մնացած եկեղեցիների սեփականության իրավունքը, Եկեղեցու դեմ արշավանք սկսվեց Հայաստանում, որին լուռ աջակցում էին դրսից։ Արդյունքում Գարեգին Բ-ի ուղերձներից անհետացավ Արցախում մնացած եկեղեցիների հարցը։ Իսկ Փարիզյան համաժողովին ուղղված Գարեգին Բ-ի խոսքում Արցախը չի հիշատակվում։

“Արցախ վերադառալու” հարցը ևս հանվել է օրակարգից՝ ի սկզբանե անիմաստ լինելու պատճառով։

Մնում է միայն գերիների վերադա՞րձը։ Համաժողովի որոշումներից կերևա, Սփյուռքը համարո՞ւմ է Արցախյան և ազգային իրավունքների հարցը փակված։

Այնուամենայնիվ, համաժողովին հանդես է եկել Արցախի Ազգային ժողովի նախագահը Աշոտ Դանիելյանը։

“Արցախի էջը փակված չէ։ Սա միայն խոսքեր չեն. սա անշրջելի պարտավորություն է։ Եռամիասնությունը՝ Արցախ- Հայաստան- Սփյուռք, չի եղել և չի կարող լինել ձևական կարգախոս։ Արցախը, որպես հաղթանակի խորհրդանիշ, այս եռամիասնությունը հիմնական առանցքն է”, ասել է Աշոտ Դանիելյանը։

“Երբ պետական քաղաքականությունը անտեսում կամ թերագնահատում է մեր ազգային արժեքները, երբ կրոնական, մշակութային և ավանդական ժառանգության պահպանությունը հարցականի տակ է դրվում, հատկապես սփյուռքում առաջանում է հուսահատություն և անվստահություն, ինչը աղետաբեր է մեր բոլորի համար։ Այդ քաղաքականությունը ոչ միայն քայքայում է համազգային միասնությունը, այլև թույլ է տալիս թշնամական ուժերին շարունակել ազգային արժանապատվության ոտնահարման, նվաստացման և ժողովրդի կրած պարտության շղթայի հարատևումը”, ասել է Աշոտ Դանիլյանը։

“Ոչ մի հայ իրավունք չունի լռել, երբ մեր հայրենիքը և մեր պատմական ժառանգությունը՝ Մեսրոպ Մաշտոցի հիմնած առաջին դպրոցը Ամարասում, Գանձասարը, Շուշին, Դադիվանքը և այլ սրբավայրեր գերեվարված են կամ անտարբերության և չպայքարելու հետևանքով դառնում են միայն հիշողություններ։ Սա ոչ միայն քաղաքական հարց է. սա գոյաբանական հարց է՝ մեր ինքնության պահպանման համար”, ասել է նա։

Վենսն ասաց, որ Իրանի հետ գործարք չի հաջողվել կնքել

РБК

ԱՄՆ-ն և Իրանը չկարողացան համաձայնության գալ Պակիստանում կայացած բանակցությունների ժամանակ, ասաց փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։

«Մենք վերադառնում ենք Միացյալ Նահանգներ, քանի որ համաձայնության չհասանք», – ասաց նա։

Վենսը սա անվանեց «վատ լուր» ավելի շատ Իրանի, քան Միացյալ Նահանգների համար։

Նա ասաց, որ ամերիկյան կողմը «շատ հստակ ուրվագծել է» իր «կարմիր գծերը». ինչ էր Վաշինգտոնը պատրաստ համաձայնել և ինչ՝ ոչ։

«Սակայն նրանք որոշեցին չընդունել մեր պայմանները», – ասաց փոխնախագահը։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ասաց, որ բանակցությունները ընդգրկել են Հորմուզի նեղուցը, միջուկային հարցը, փոխհատուցումները և պատժամիջոցների վերացումը։ Նա դրանք բնութագրեց որպես լարված։

Բանակցությունների հաջողությունը կախված է ԱՄՆ մտադրությունների լրջությունից, չափազանց պահանջներից հրաժարվելուց և իրանական շահերի ճանաչումից, պնդեց Բաղային։

Մակրոնը պատրաստվում է Երևանում կայանալիք գագաթնաժողովին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր էջում հայտնել է, որ քննարկել են Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։

Մակրոնը նշել է, որ զրույցի ընթացքում կողմերը կոչ են արել հարգել և պահպանել Լիբանանում հրադադարը, ապահովել Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը և ընդգծել են երկարատև դիվանագիտական լուծման անհրաժեշտությունը։

Անդրադառնալով Ուկրաինային՝ նա նշել է, որ քննարկվել են «Կամավորների կոալիցիայի» շրջանակում իրականացվող համատեղ ջանքերը՝ արդար և կայուն խաղաղության հասնելու նպատակով՝ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան և Ուկրաինայի համար հուսալի անվտանգության երաշխիքներով։

Մակրոնը նաև նշել է, որ Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի համատեքստում վերահաստատում է Ֆրանսիայի աջակցությունը խաղաղության գործընթացին, որը նպատակ ունի նպաստել բաց սահմաններին և Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։

Նա հավելել է, որ կողմերը կարևորել են երկխոսության և երկկողմ համագործակցության հետագա խորացումը։