Հրապարակ թերթի տեղեկություններով, Ալիեւն ուզում է մինչեւ ՀՀ ընտրությունները գերիների 2 խմբի վերադարձնել Հայաստանին: Մի խմբում կլինեն 8 հոգի, մյուսում` 3: Բացառությամբ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, 19 գերիներից 11-ը, որոնց մեծ մասը 2020 թվականից ի վեր Բաքվի բանտում տառապում էր, կվերադառնա հայրենիք:
Month: Ապրիլ 2026
Ապրիլի 28-ին և 29-ին օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ օդերևութաբանները կանխատեսում են օդի ջերմաստիճանի անկում ամբողջ Հայաստանում։
Ապրիլի 28-ից 30-ը որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ՝ ամպրոպով, հնարավոր է կարկուտ, իսկ լեռներում՝ ձյուն։
Ապրիլի 28-ին և 29-ին ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով։
Ապրիլի 28-ին ջերմաստիճանը կլինի՝ +14°C Շիրակում, +16°C Կոտայքում, +12°C Գեղարքունիքում, +15°C Լոռիում, իսկ Տավուշում և Արագածոտնում +18°C։ Արֆրֆտում, Արմավիրում և Վայոց ձորում ջերմաստիճանը կլինի +20°C, իսկ Սյունիքում՝ +15°C։
Երևանում նույնպես սպասվում են կարճատև անձրևներ՝ ամպրոպով, ինչպես նաև փոթորկային քամի (16-19 մ/վ)։ Ջերմաստիճանը կբարձրանա մինչև +18°C։
Բարևներ Հորմուզից․ հեղուկ գազը Հայաստանում կտրուկ թանկացել է և անհետացել
Հայաստանում հեղուկ գազի սուր դեֆիցիտ է առաջացել: Գազալցակայանների մեծ մասը կա՛մ ընդհանրապես չի աշխատում, կա՛մ վառելիքը տրամադրում է սահմանափակ քանակությամբ և կտրուկ բարձրացած գներով: Եթե դեռ մեկ շաբաթ առաջ հեղուկ գազի մեկ լիտրի միջին արժեքը 190 դրամ էր, ապա այսօր Արմավիրում և Հրազդանում այն հասել է 270 դրամի, իսկ առանձին դեպքերում՝ նույնիսկ 300 դրամի:
Տնտեսագետները նշում են, որ պատերազմը Իրանում, նաև Հորմուզի փակումը գրեթե զրոյացրել են Իրանից և Իրաքից Հայաստան եկող հեղուկ գազի մատակարարումները։ Վերջին օրերին փակ էր նաև Վերին Լարսը, այսինքն, չկան նաև Ռուսաստանից մատակարարումներ, և դա միանգամից բերեց կրիզիսի։
«Վերին Լարսի» բացումը մասամբ կթուլացնի լարվածությունը, սակայն համակարգային խնդիրները չի լուծի, ասում են փորձագետները։
Որ խոսքերի համար են ձեռբակալել Արթուր Ավանեսյանին ու ևս երեք հոգու․ ծիծաղելի էլ չի
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված ապացուցողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք, որպիսի խոստումն ընդունվել է վերջիններիս կողմից։
Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել չորս անձի նկատմամբ, ովքեր ձերբակալվել են։
Կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի կողմից հրապարակված հեռախոսազրույցների ձայնագրություններում Արթուր Ավանեսյանը (Կանդազ) խոսում է երեք արցախցիների հետ՝ կոչ անելով նրանց մասնակցել ընտրություններին և քվեարկել «Հզոր Հայաստանի» օգտին։ Ձայնագրություններում կաշառքի մասին որևէ խոսք չկա. զրույցներում Ավանեսյանը խոսում է արցախյան բարբառով. «Եթե մեզ ձայն տաք, կունենաք և աշխատանք, և հող, և տուն»։
«Հզոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը գրել է, որ Կանդազը ձերբակալվել է իր վերջին երեք բառերի համար, չնայած այդ «խոստումները» ներառված են կուսակցության նախընտրական ծրագրում.
Համ աշխատանք ենք ունենալու (300.000 աշխատատեղ) ,
Համ հողն ենք մեր ունենալու (Ուժեղ խաղաղություն) ,
Համ մեր տունն ենք ունենալու – (20.000 մատչելի բնակարան):
Եթե այսպես գնա, հունիսի 7-ին կձեռբակալեն բոլոր ընտրողներին, որոնք հեռախոս ունեն։
Գերմանիայի կանցլեր. Իրանը նվաստացնում է ամերիկացիներին, իսկ Ուկրաինան կկորցնի տարածքներ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի խոսքով՝ Միացյալ Նահանգները «ակնհայտորեն» չունի Իրանի դեմ պատերազմի ռազմավարություն, այդ թվում տեսլական՝ թե ինչպես այն պետք է ավարտվի։ «Այս պահին ես չեմ հասկանում, թե ինչ ռազմավարական տարբերակ կընտրեն ամերիկացիները, հատկապես որ իրանցիները ակնհայտորեն շատ հմուտ են բանակցություններում, կամ, ավելի ճիշտ, շատ հմուտ են չբանակցելու հարցում», – ասաց նա երկուշաբթի՝ ապրիլի 27-ին, Գերմանիայի արևմտյան Մարսբերգ քաղաքի մարզադահլիճում աշակերտների հետ հանդիպման ժամանակ։
Հետևաբար, ասաց նա, Իրանի դեմ պատերազմ սկսելու որոշումը անմտածված էր։ Նա հույս հայտնեց, որ այն արագ կավարտի։ Այնուամենայնիվ, Մերցը չի կարծում, որ Իրանում պատերազմը, հավանաբար, շուտով կավարտվի։
«Իրանցիները, ակնհայտորեն, ավելի ուժեղ են, քան մենք կարծում էինք, և ամերիկացիները չունեն իսկապես համոզիչ բանակցային ռազմավարություն», – բացատրեց նա։ Միևնույն ժամանակ, ռազմական հակամարտության ընթացքում Իրանի ղեկավարությունը, մասնավորապես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), «նվաստացնում» է ամերիկյան ազգին, կարծում է Մերցը։
Նա նաև կրկնեց, որ ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ են սկսել Իրանի դեմ՝ առանց եվրոպացիների հետ նախնական խորհրդակցությունների: Կանցլերը նշեց, որ արդեն երկու անգամ իր կասկածամտությունն է հայտնել այդ գործողությունների նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: «Եթե ես իմանայի, որ սա կտևի հինգ կամ վեց շաբաթ և միայն կվատանա, ես նրան ավելի կտրականապես կասեի դա», – հավելեց նա: Այդ մասին հայտնում է DW-ն։
Ուկրաինան, հավանաբար, կկորցնի որոշ տարածքներ Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման շրջանակներում, բայց միևնույն ժամանակ պետք է ունենա Եվրամիությանը միանալու հեռանկար, ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, հաղորդում է Reuters-ը:
«Որոշ պահի Ուկրաինան կստորագրի հրադադար, որոշ պահի, հուսով եմ, նաև խաղաղության պայմանագիր Ռուսաստանի հետ: Այդ դեպքում, հնարավոր է, Ուկրաինայի տարածքի մի մասը դադարի լինել ուկրաինական», – ասաց Մերցը:
Նրա կարծիքով, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այդ մասին հայտարարի բնակչությանը և փորձի ապահովել աջակցություն հանրաքվե անցկացնելով, նա պետք է կարողանա նաև ժողովրդին ասել. «Ես ձեզ համար բացել եմ Եվրոպա տանող ճանապարհը»:
ԵՄ-ն հերքում է Հայաստանին տրվելիք օգնության ուշացումը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը կտրականապես հերքել է հայկական լրատվամիջոցների հրապարակումները այն մասին, թե ԵՄ ֆինանսական օգնությունը Հայաստանին հետաձգվում է Եվրոպական միության բյուջետային դեֆիցիտի և Ուկրաինայի համար ծախսերի առաջնահերթության պատճառով։ Այս մասին ասվում է պատվիրակության՝ NEWS.am-ի հարցման պաշտոնական պատասխանում։
«Հրապարակ» թերթը գրել էր, որ ապրիլի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտնել էր, որ Հայաստանին խոստացված 50 միլիոն եվրոյի օժանդակության տրամադրումը հետաձգվում է։ ԵՄ-ն Հայաստանին խոստացել է տրամադրել այդ գումարը՝ այդ թվում խորհրդարանական ընտրություններից առաջ «ապատեղեկատվության եւ արտաքին ազդեցության դեմ պայքարի» համար։
NEWS.am-ի հարցմանն ի պատասխան ԵՄ պատվիրակությունից վստահեցրել են, որ նման հարց չի քննարկվում։
«Կցանկանայինք կտրականապես հերքել նման մեղադրանքները: Հայաստանի համար նախատեսված ԵՄ օգնության որևէ ուշացում կամ վերաբաշխում չի եղել: Ընդհակառակը, մենք ամրապնդում ենք մեր համագործակցությունը»,– ասվում է պատասխանում։
Որպես հաստատում՝ պատվիրակությունը վկայակոչել է Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի՝ մարտին կայացած այցը։
«Հայաստանի ֆինանսական աջակցության փաթեթը վերջին անգամ քննարկվել է հանձնակատար Մարթա Կոսի մարտ ամսին այցի ժամանակ, որի ընթացքում նախատեսվածի համաձայն տեղի է ունեցել Հայաստանի համար ԵՄ 270 մլն եվրո արժողությամբ «Դիմակայունության և աճի ծրագրի» երկրորդ փուլի ստորագրումը:
Այլ ներդրումային նախագծեր նույնպես ընթացքի մեջ են, այդ թվում՝ մասնավոր հատվածի, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների ոլորտներում, և այդ ներդրումների և ԵՄ կողմից ֆինանսավորվող բոլոր ընթացիկ նախագծերի մասին տեղեկատվությունը հասանելի է, մասնավորապես, մեր կայքում :
Մայիսի 5-ին Երևանում կայանալիք ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ էներգետիկայի, տրանսպորտի, թվային տեխնոլոգիաների կապակցվածության ոլորտներում, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ուղղությամբ»,- նշված է NEWS.am–ի հարցման պատասխանում:
Ադրբեջանցիներն են խնդրել քանդել Ստեփանակերտի եկեղեցին. հայի դեմք չտեսնենք
Այսպես կոչված Կովկասի մուսուլմանական վարչությունը արձագանքել է Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում գտնվող Սուրբ Աստվածածին և Սուրբ Հակոբ եկեղեցիների քանդման վերաբերյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությանը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանական կողմն իր գործողություններն արդարացրել է նրանով, թե իբր այդ կառույցների քանդումը «կրոնական կամ մշակութային ժառանգության ոչնչացում չէ»։ Մայր Աթոռի հայտարարությունն էլ որակել են որպես «հարցը քաղաքականացնելու փորձ»։
Վարչությունից պնդել են, թե այդ կառույցների «ապամոնտաժումն» իրականացվել է ադրբեջանցիների դիմումի հիման վրա։
Փաստորեն, Ստեփանակերտում չգիտես որ տեղից բերված և վերաբնակեցրած ադրբեջանցիները չեն ցանկանում ամեն օր անցնել հայկական եկեղեցու կողքով, սակայն հանգիստ ապրում են հայերի տներում, սովորում Արցախի համալսարանում և օգտվում հայերի կողմից ստեղծված բարիքներից։
Մինչև Բաքվի մուսուլմանական վարչության հայտարարությունը Ալիևը, խոսելով «Զանգեզուրի միջանցքի» մասին, ասել է, որ հայ-իրանական սահմանով ճանապարհորդող Ադրբեջանի քաղաքացիները «չպետք է հայի դեմք տեսնեն»։ Եվ ամենատարօրինակն այն է, որ այս «պայմանը» ընդունվել է Հայաստանի կողմից․ ՀՀ կառավարությունը վազելով համաձայնվել է էլեկտրոնային հեռահար մաքսային ապառատներ տեղադրել՝ Ալիևի՝ հայերին չտեսնելու ցանկությանը բավարարելու համար։ Էլ ավելի տարօրանակն այն է, որ այս պայմանը ընդունվում է Հայաստանի արևմտյան գործընկերների կողմից, որոնք Ալիևին չեն ասում՝ դու չես որոշում, թե ով կստուգի ձեր փաստաթղթերը օտար երկրի մաքստանը։
Այս «ըմբռնումը» հանգեցրել է նրան, որ հիմա «ադրբեջանցիները խնդրում են հեռացնել» Ստեփանակերտում ամեն ինչ, ինչը նրանց հիշեցնում է հայերի մասին։
Ինչո՞ւ 44-օրյայի ժամանակ ճեղքումը տեղի ունեցավ միայն մեկ ուղղությամբ
Հադրութ
Սոցիալական ցանցերում շարունակեւմ են քննարկել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերջերս արված հայտարարությունը․ նա փաստացի պնդում էր, որ 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ 283 կիլոմետրանոց շփման գծից 265 կիլոմետրը պահպանվել է մեկ ամիս։ Աղդամի, Մարտակերտի և Քելբաջարի ուղղությունները մնացել են հայկական վերահսկողության տակ մինչև վերջ։ Փլուզում տեղի է ունեցել միայն մեկ հատվածում՝ հարավայինում՝ Ջաբրայիլից մինչև Հորադիզ։ Նշվում է, որ այս հատվածը գտնվում էր Հայաստանի գլխավոր շտաբի հրամանատարության ներքո։ Այս ուղղությամբ զորքերի կիրառման վերաբերյալ հիմնական որոշումները անձամբ հաստատվել են Նիկոլ Փաշինյանի կողմից։
Հենց այս ուղղությամբ է տեղի ունեցել ճեղքումը, որը հանգեցրել է ոչ միայն Արցախի հարավի և Հադրութի, այլև Շուշիի կորստին։ Քարվաճառը, Ակնան և Քաշաթաղը, ինչպես հայտնի է, ռուսական զորքերի մուտքից հետո են անցել Ադրբեջանի վերահսկողությանը՝ ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության։ Ավելի ուշ Ալիևը խոստովանեց, որ եթե հայկական կողմը ռուսների վերահսկողությամբ չհանձներ Քաշաթաղը և Քարվաճառը, Ադրբեջանը կարող էր չունենալ բավական ուժ դրանք գրավելու համար։
Այսպիսով, 2020 թվականի նոյեմբերից հետո մնաց միայն մի փոքր միջանցք, որը կապում էր Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ, ինչն արդեն իսկ կանխորոշում էր Արցախում ցեղասպանությունը՝ կամ բնիկ հայ բնակչության լիակատար ոչնչացմամբ, կամ բռնի տեղահանության միջոցով: Ըստ երևույթին, այն ժամանակ միջանցքը բաց էր թողնվել, որպեսզի արցախցիների մեծ մասը կարողանար հեռանալ, իսկ մնացածը հետագայում ընդուներ Ադրբեջանի իրավասությունը։
Սակայն ամեն ինչ այլ կերպ դասավորվեց. արցախցիները չհեռացան, և նույնիսկ 2023 թվականի իննամսյա շրջափակման պայմաններում նրանք պատրաստվւմ էին դժվարին ձմռանը և դիմադրությանը: Արցախցիները հեռացան միայն 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ագրեսիայից հետո, երբ պարզ դարձավ, որ Արցախը քաղաքականապես հանձնվել է։
Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանին, նա “պայամանավորված պարտության” մեջ մեղադրում է Նիկոլ Փաշինյանին, որը դավադրություն մեջ էր մտել Ալիևի հետ: Արևմտամետ փորձագետները խոսում են Ալիևի և Փաշինյանի՝ Ռուսաստանի հետ հանցավոր պայմանավորվածության մասին․ չէ որ Մոսկվայի հսկողության ներքո էր 2023 թվականին տեղի ունեցել Արցախի լիակատար հայաթափումը։
Հարցը, թե արդյոք Արցախի հանձնումը պայմանավորված պարտություն էր, և թե ովքեր էին այս հանցավոր դավադրության կողմերը, դառնում է արդիական և մի օր կհանգեցնի քրեական մեղադրանքների: Դավադրության կողմերի մասին կարելի է դատել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրողների (Փաշինյան, Ալիև, Պուտին) և 2023 թվականի սեպտեմբերի 17-ին Պոլսում տեղի ունեցած գաղտնի հանդիպման մասնակիցների (ԱՄՆ, Ռուսաստան և ԵՄ) ցանկով:
Քննարկում․ աշխատունակ արցախցիների միայն 30%-ն է աշխատում
Արցախից բռնի տեղահանվածների համար զբաղվածության երկու պետական ծրագրեր են գործում։ Այս մասին այսօր հրավիրած քննարկման ժամանակ ասաց Միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ապահովման եւ աշխատանքային ներուժի զարգացման վարչության զբաղվածության ծրագրերի համակարգման բաժնի պետ Նվարդ Սարգսյանը։
«Առաջինը 2023 թվականից ԼՂ-ից տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսման դասընթացի կազմակերպման եւ աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիրն է։ Ծրագրին կարող են դիմել կառավարության որոշման պահանջներին համապատասխանող անձինք։ Ծրագիիրը եռաբաղադրիչ է՝ առաջինը մասնագիտական ուսուցումն է, երկրորդ բաղադրիչը վերաբերում է աշխատանքային փորձի ձեռքբերմանը, իսկ երրորդ բաղադրիչը համադրում է այս երկու ուղղությունները՝ նախ ուսուցում, ապա աշխատանքային փորձ եւ աշխատանքի տեղավորում։ Ծրագիրը մեկնարկել է 2024 թվականի փետրվարից եւ գործում է մինչ այսօր։ Մինչեւ 2026 թվականի ապրիլի 23-ը շահառուների թիվը կազմել է 2901»,- ասաց նա։
Նվարդ Սարգսյանի խոսքով՝ երկրորդ ծրագիրը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ինքնազվաղվածության խթանման ծրագիրն է։ Այս ծրագրի մեկնարկը տրվել է մոտ մեկ ամիս առաջ, 153 անձ արդեն բավարարել են որոշման պահանջներին ու դարձել ծրագրի շահառու։ «Այս ծրագրի նպատակը ոչ միայն աջակցություն տրամադրելն է, այլեւ ձեւավորել կայուն եկամուտ, ստեղծել կարողություն՝ հնարավորություն տալով շահառուներին ստեղծել սեփական բիզնեսը եւ զարգացնել այն։ Ծրագրի շրջանակներում շահառուին տրամադրվում է դրամաշնորհ՝ գործարար ծրագրով նախատեսված ծախսերի 70 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի, քան 2 մլն դրամը։ Իսկ գործարար ծրագրի շարունակական լինելու դեպքում, եթե տարեկան շրջանառությունը կազմի առնվազն 3 մլն դրամ, ապա շահառուին տրամադրվում է հիմնական ծախսերի փոխհատուցում մինչեւ 1 մլն-ի չափով»,- հավելեց նա։ Այս ծրագրի շահառու դառնալու համար արցախցին պետք է բնակապահովման ծրագրի շահառու լինի եւ հավաստագրով արդեն բնակարան ձեռք բերած լինի։
Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանն էլ ասաց, որ Արցախում տնտեսապես ակտիվ բնակչության թիվը 72 հազար էր, իսկ ընդհանրապես աշխատունակ բնաչության թիվը 105 հազար էր, այսինքն՝ դրա մեջ մտնում էր 16-63 տարեկան բնակչությունը։ «Սա բավականին մեծ թիվ է՝ հաշվի առնելով, որ ընդամենը 25 հազար զբաղված արցախցի ունենք այսօր Հայաստանում։ Այսինքն՝ Արցախի տնտեսապես ակտիվ բնակչության մոտավորապես 30 տոկոսն է այսօր ներառված աշխատաշուկայում։ Մի ուրիշ խնդիր էլ ունենք՝ Արցախում բնակչության մոտ 60 տոկոսը գյուղական բնակչությունն էր եւ ինքն ուներ իր սեփական հողը, զբաղմունքը, իր այգին ու անասունները։ Իսկ Հայաստանում տեղահանված բնակչությունը սեփական գյուղատնտեսական հող չունի։ Եվ սա նույնպես պատճառ է, որ գյուղական բնակչության զգալի մասը, որն ուրիշ զբաղվածություն ուներ, ամբողջովին փոխվել է։ Եվ հնարավոր է՝ այս գյուղական բնակչությունն այսօր դարձել է քաղաքային բնակչություն՝ քաղաքային բնակչությանը հարիր խնդիրներով եւ զբաղվածության լրացուցիչ խնդիրներով»,- ասաց նա։
Հայկ Խանումյանը բարձրացրեց նաեւ պահեստազորում գտնվող սպաների հարցը, ասաց, որ նրանց հետո լրացուցիչ աշխատանք չի կատարվում, որպեսզի նրանք հարմարվեն աշխատաշուկային։
Ձերբակալվել է Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը
Քիչ առաջ հակակոռուպցիոն կոմիտե բերման է ենթարկվել Սամվել Կարապետյանի թիմակից, հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ Նա ձերբակալվել է։
Թե ինչ գործի շրջանակներում է նա ձերբակալվել, առայժմ չեն կարող իֆորմացիա տալ։
Իրանը առաջարկել է եռաստիճան կարգավորման ծրագիր
Իրանը Միացյալ Նահանգներին նոր առաջարկ է ներկայացրել, որով կոչ է անում բացել Հորմուզի նեղուցը նավագնացության համար և դադարեցնել պատերազմը։ Իսկ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները հետաձգվում են երրորդ ռաունդ։ Այս մասին հայտնել է Axios-ը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի և իրավիճակին ծանոթ երկու աղբյուրների։
Առաջարկը փոխանցվել է պակիստանցի միջնորդների միջոցով։ Այն ենթադրում է հրադադարի երկարաժամկետ երկարաձգում կամ պատերազմն ավարտող լիարժեք համաձայնագիր։ Axios-ը նշել է, որ Սպիտակ տունը ստացել է այն, բայց դրա պատասխանը պարզ չէ։
Հայաստանը մերժում է ազգայինը, մինչդեռ Իսրայելը զարգացնում է սիոնիզմը
Իսրայելի նախկին վարչապետներ Նաֆթալի Բենեթը և Յաիր Լապիդը հայտարարեցին «Բի-Յահադ» («Միասին») խորհրդանշական անվամբ միասնական քաղաքական հարթակի ստեղծման մասին: Այս դաշինքը, որը ձևավորվել է «Եշ Աթիդ» և «Բենեթ 2026» կուսակցությունների կողմից, ունի հավակնոտ նպատակ՝ հոկտեմբերին կայանալիք ընտրություններում վերջ դնել Բենյամին Նեթանյահուի երկարատև կառավարմանը: «Այսօր մենք միավորվում ենք՝ ստեղծելու ուժեղ և կայուն սիոնիստական կառավարություն», – հայտարարեց Լապիդը։
«Սիոնիստական կառավարություն»՝ ահա սրանք են բանալի բառերը. Իսրայելը վարում է ակնհայտորեն ազգայնական քաղաքականություն՝ չթաքցնելով իր հանձնառությունը՝ օգտագործելու ամբողջ հրեա ժողովրդի ներուժը ազգային նպատակներին հասնելու համար: Փխրուն եզրին, երբ քննարկվում է Իսրայել պետության գոյությունը՝ Իրանի դիմադրողականության ֆոնին, սիոնիզմը որպես ազգային միասնություն դառնում է հրեական ազգի միակ հենասյունը։
Հայաստանում ամեն ինչ հակառակ ուղղությամբ է ընթանում: Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրում «ազգային» բառը հիշատակվում է ընդամենը երեք անգամ՝ «Ազգային ժողով», «ազգային մարզադաշտ» և «ազգային չափանիշներ» ԵԱՏՄ-ում։ «Ազգային» բառը հեռացվում է նույնիսկ ազգային թատրոնների անվանումներից՝ փոխարինվելով այն «պետական» բառով։
Հայաստանի կառավարության քաղաքականությունը նպատակաուղղված անջատում է Հայաստանը սփյուռքից, ճնշում ազգային եկեղեցին և ազգային պատմությունը՝ նպատակ ունենալով քայքայել ազգային իրավունքների և պահանջների հիմքը։
Հրեաները իրենց ազգային գաղափարախոսությունն անվանում են սիոնիզմ՝ միավորվելով Սիոն լեռան շուրջ։ Հայաստանի կառավարությունը հեռացնում է Արարատ լեռան պատկերը իր ազգային խորհրդանիշներից։
Իսրայելը բացահայտ խոսում է իր սահմանները «գետից մինչև ծով» ընդլայնելու մասին՝ նկտի առնելով Լիբանանի և Սիրիայի որոշ հատվածների օկուպացիան, մինչդեռ Հայաստանի կառավարությունն ասում է. «Մոռացեք Արցախի, Նախիջևանի և Կարսի մասին»։
Տարիներ շարունակ Իսրայելը հրեաներին գրավել է իրենց պատմական հայրենիք՝ առաջարկելով նրանց արտոնություններ, մինչդեռ Հայաստանի կառավարությունը վանում է 150,000 արցախցիներին՝ նախընտրելով ներգրավել «ավելի էժան» օտարերկրացիների։