
«Ի՞նչ են զգում արցախցիներն այսպես կոչված խաղաղության գործընթացի մասին խոսելիս՝ առաջինը միանշանակ դավաճանվածությունն է։ Դավաճանություն ոչ թե իր հայրենիքում ապրելու ցանկությամբ պայքարած ժողովրդի նկատմամբ, այլ առաջին հերթին մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ համամարդկային արժեքների նկատմամբ, որի մասին այս օրերին Մարզահամերգային համալիրի շենքում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում շատ-շատ է խոսվելու եւ փառաբանվելու է այն խաղաղությունը, որն ըստ էության ոչ թե արդարության կամ համամարդկայի արժեքների վրա հիմնված արդարություն է, այլ՝ էթնիկ ցտման, ցեղասպանության, մշակութային արժեքների ոչնչացման ամրագրում է»,- այսօր Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած «Հայաստանի ձայները/Voices of Armenia» կոնֆերանսի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Արցախցիներին այսօր ասվում է՝ մոռացիր այն, ինչ եղել է, թե որտեղից ես եկել, ինչ կյանքով ես ապրել եւ հանկարծ չխոսես վերադարձի իրավունքի մասին, որովհետեւ դու դրանով խանգարում ես նորին մեծություն խաղաղությանը։ Եվ երբ փորձում ես հակադրվել դրան, հնչում են մեղադրանքներ։ Սրանից մի քայլ այն կողմ են գնում, ասում են՝ այդ 30 տարին, որ դու ապրել ես Արցախում, դա ոչ թե երջանիկ կյանք էր, այլ քաղաքական պատանդառություն էր, եւ դու պարզապես չես հասկացել դա։ Այսինքն՝ այն երջանիկ, հպարտ ու արժանապատիվ կյանքը, որը դու ունեցել ես, դա պատանդառություն էր, եւ ուրախ եղիր, որ քո հայրենազրկման, քո հայրենիքի կործանման արդյունքում դու ազատություն ես ձեռք բերել։ Ապրիր, վայելիր այդ ձեռք բերած ազատությունը եւ հանկարծ չմտածես խոսել վերադարձի մասին, որովհետեւ դու խանգարում ես նորին մեծություն խաղաղությանը։ Երբ խոսում ես վերադարձի մասին, ասում են՝ դրանով դու վտանգում ես մայր հայրենիքի անվտանգությունը։ Եվ այս մանիպուլյացիաներով քեզ լռեցնում են կամ փորձում են լռեցնել»,- հավելեց նա։
Գեղամ Ստեփանյանն ասաց, որ այս «խաղաղությունը» ունի պղծված եղեկեցիների եւ գերեզմանների, անտեր մնացած տների, ոչնչացվող գույքի տեսք։ Եվ ստեղծվել է մի իրավիճակ, որ արցախցիներն իրավունք չունենք խոսել այն մասին, որ իրենց հոգեւոր ժառանգությունը ոչնչացվում է, որովհետեւ դրանով էլի խանգարելու «խաղաղության» գործընթացին։ «Ոչ միայն պետք չէ խոսել, այլ հակառակը՝ ամեն գնով իշխանության մակարդակով արդարացվում է։ Վերջին օրինակը Ստեփանակերտի մայր տաճարի ոչնչացման արդարացումն էր՝ Արծվաշենի հետ բերված մանիպուլյատիվ եւ կեղծ անալոգիայի միջոցով»,- նշեց նա։
«Ասում ես՝ լավ, գոնե իմ իրավունքները պետք է միջազգային ատյաններում, հատկապես միջազգային դատական ատյաններում պաշտպանվեն։ Ասում են՝ ոչ, նախաստորագրված փաստաթուղթն ասում է, որ հետ պետք է կանչվեն այդ հայցերը, եւ որեւէ պահանջ չպետք է ներկայացվի։ Հետեւաբար, դու նաեւ դրա մասին չպետք է խոսես, որովհետեւ դրանով էլի խանգարում ես նորին մեծություն խաղաղությանը։ Խոսում ես արցախցիների սոցիալական իրավունքների մասին, ասում են՝ Ղարաբաղյան կլանը գլուխ է բարձրացնում։ Միջազգային իրավունքում կա փախստականի կամ տեղահանվածի համար առաջին ապահով երկիր ասվածը։ Եվ այդ առաջին ապահով երկիրը ոչ թե սոցիալական կամ այլ ապահովության մասին է, այլ առաջին հերթին փախստականին հոգեական ապահովություն է պետք, չթիրախավորել է պետք։ Եվ այսօր ես սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Հայաստանում ամենաթիրախավորվածն արցախցիներն են։ Արցախի մասին ցանկացած խոսքը թիրախավորվում է, վերադարձը թիրախավորվում է՝ փախածներ, մնայիք կռվեիք, 30 տարի պահեցինք, Արցախը բեռ էր, հազիվ պրծանք։ Մանիպուլյատիվ թեզեր, որոնք պետության վերեւից ներքեւ իրականացվող քաղաքականություն է, որի ամենավառ օրինակը մեզ բոլորիս հայտնի մետրոյի դեպքն է, որը պարզապես բացահայտեց, թե որտեղից է այդ ատելությունը, ով է կանգնած այս բուրգի գագաթնակետին եւ ինչ նպատակով է այդ ամեն արվում»,- ասաց նա։
Ստեփանյանը նաեւ նշեց, որ Հայաստան այցելած եվրոպական պաշտոնյաներին ուզում է հարցնել, թե իրենցից ո՞ր մեկը կուզենար, որ իր երկրի նկատմամբ այսպիսի խաղաղություն կիրառվեր։ Երբ իրենք այս հարցին պատասխանեն, այն ժամանակ այդ երեսպաշտությունը ջրի երես դուրս կգա։
«Բայց ես չեմ եկեղ բողոքելու, այլ եկել եմ ասելու, որ այդ մթնոլորտը ոչ մեր հիշողությունն է ջնջնելու, ոչ մեր խոսքն է լռեցնելու եւ ոչ էլ վերադարձի իրավունքն է սպանելու մեր մեջ։ Այլ հակառակը՝ այդ անարդարությունը մեզ մղելու է անընդհատ պայքարելու արդարության համար, եւ ի վերջո մի օր երեւի լինելու է այդ արդարությունը։ Եվ այն ժամանակ միգուցե կարող ենք խոսել այլեւս իրական խաղաղության մասին»,- հավելեց նա։