Մենք գլխավոր մեսիջն այն է, որ մենք չենք հանդուրժում այս իրավիճակը․ Արտակ Բեգլարյան

  • 09:31 04.05.2026

Երեւանում այսօր անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին զուգահեռ արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում։

Ակցիայի մասնակցիները «Արցախը Հայաստան է», «Ազատություն հայ գերիներին» եւ այլ կարգախոսներով միջազգային հանրությունից պահանջում են քայլեր ձեռնարկել արցախցիների իրավունքների պաշտպանության, հայ գերիների ազատության, Արցախի մշակութային ժառանգության պահպանության հարցերում։

Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հավաքվել են պահանջներ ներկայացնելու։ «Իրականությունն այսպիսին է՝ մինչ գործող իշխանությունները խոսում են ժողովրդավարության մասին, ժողովրդավարության սկզբունքները ոտնահարվում են՝ քաղբանտարկյալներ, բռնաճնշուներ, ատելության խոսք, եկեղեցու դեմ ոտնձգություններ։ Եվ մինչ նրանք խոսում են խաղաղության ու արցախցիների իրավունքների պաշտպանության մասին, իրականությունն այնպիսին է, որ մեր բոլոր իրավունքները ոտնահարվում են, ոտնահարված են, եւ իշխանություններն էլ դրա հեղինակներն են կամ աջակցում են ադրբեջանական խախտումներին։ Մեր պահանջն այն է, որ պաշտաճ ուշադրության կենտրոնում պահեն այդ խնդիրները՝ առնվազն տեղյակ լինեն, թե ինչ է կատավում։ Մեր պահանջն է, որ արցախցիների իրավունքները հնարավորինս պաշտպանվեն, գերիների վերադարձ, մշակության ժառանգության ու մեր մասնավոր սեփականության պաշտպանություն, վերջին հաշվով՝ Արցախի ժողովրդի վերադարձ։ Այս բոլոր հարցրեը մենք պետք է բարձրաձայնենք»,- ասաց նա։

Արտակ Բեգլարյանը նշեց, որ չի ակնկալում, որ մեկ ակցիայով հասնելու են որեւէ հաջողության, բայց պետք է լինել հետեւողական, նաեւ այսպիսի հնարավորություններն օգտագործել։ Արտակ Բեգլարյանն ասաց, որ Ֆրանսիայի օգնությամբ որոշակի հաջողություններ աձանագրելու հնարավորություններ կան, բայց գլխավոր խնդիրը Հայաստանի Հանրապետության իշխանություններն են։

«Քանի դեռ ՀՀ-ն՝ ի դեմս այս իշխանությունների, բոլոր ձեւերով ոտնահարում է մեր իրավունքները, բնականաբար, ոչ մի այլ երկիր, ընդհուպ Ֆրանսիան, ավելին չեն անելու, քան ՀՀ-ն պետք է անի արցախցիների իրավունքների պաշտպանության հարցում։ Էլ չասեմ, որ ժողովրդավարության սկզբունքների խախտումները հենց Հայաստանի իշխանություններն են անում։ Հետեւաբար, մեր գլխավոր պատկերացումն այն է, որ այս բոլոր ակցիաներով, ջանքերով մենք նաեւ ՀՀ քաղաքացիներին էլ ենք այդ ուղերձը տալիս, որ մենք չենք հանդուրժում այս իրավիճակը։ Իսկ եվրոպացի առաջնորդներին ուղղակի ուզում ենք ցույց տալ այն իրականույությունը, որն առկա է եւ հնարավորինս նվազեցնելու նրանց աջակցությունը Նիկոլ Փաշինյանին։ Ակնհայտ է, որ նրանք Փաշինյանին աջակցում են երկու հարցում էլ՝ թե ներքին բռնաճնշումների հարցում՝ առնվազն աչք են փակում, թե Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների ու մեր դեմ տեղի ունեցած միջազգային հանցագործությունների լեգիտիմացման հարցում։ Մենք գլխավոր մեսիջն այն է, որ մենք չենք հանդուրժում այս իրավիճակը»,- նշեց նա։