
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, գործարար և բարերար Սամվել Կարապետյանը մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել է հալյուցինագեն սնկեր օգտագործելու մեջ։
Պատասխանելով Կարապետյանի հասցեին Փաշինյանի «քաղաքական բոմժ» ոճի հայտարարությունների և ունեցվածքը խլելու խոստումների մասին հարցին՝ Կարապետյանը նշել է, որ Փաշինյանն արդեն 8 տարի է, ինչ նման կարգավիճակով ղեկավարում է երկիրը։ «Ես ուզում եմ գաղտնիք բացել, որ շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին։ Անցյալ տարի երբ նա գնացել էր Չինաստան, դուք գիտեք, այնտեղ կան հատուկ սնկերի ռեստորաններ, որոնք մարդկանց մոտ հալյուցինացիաներ են առաջացնում։ Նա այնտեղ փորձել էր, դուրը եկել էր։ Իմ տեղեկություններով՝ նա իր հետ բերել է 1 տոննա», – հայտնել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանն այս սնկերն օգտագործում է մամուլի հետ հանդիպումներից և Ազգային ժողովում ելույթներից առաջ, իսկ հետո բացահայտում է իր բոլոր երազանքներն ու ֆանտազիաները։ «Դա սնկերի շնորհքն է։ Դրա համար շատ լուրջ մի ընդունեք, ամեն ինչ գնում է իր հունով, ինքն արդեն ցայտնոտի մեջ կանի հայտարարություններ, մեր ժողովուրդը կտա իր գնահատկանը։ Նա 30 օր դրանք պատմելու է, ես ի՞նչ է, ամեն օր պիտի մեկնաբանե՞մ։ Ամեն օր կուլ է տալու ու խոսի», – նշել է Կարապետյանը։
Սնկերի ազդեցության ժամկետների վերաբերյալ հարցին ի պատասխան քաղաքական գործիչը պատասխանել է, որ չի փորձել և չգիտի։ Սակայն սրացումները սկսվում են կուլ տալուց անմիջապես հետո, հավելել է Կարապետյանը։
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան խոստացել է դատի տալ Սամվել Կարապետյանին։