
Հայաստանը չպետք է որևէ փաստաթուղթ ստորագրի տարածաշրջանային հաղորդակցությունների վերաբերյալ, քանի դեռ հստակ սահմանների քարտեզը չի ամրագրվել, և չի լուծվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հարցը։ Այս մասին մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
Նա ընդգծեց, որ իր քաղաքական ուժն ունի հստակ ու անսասան դիրքորոշում. «Չկա Ղարաբաղ՝ չկա միջանցք»։
«Հիմա առկա է խաղաղության երկու կոնցեպտ, և մեկը փաշինյանական խաղաղության կոնցեպտն է, որը ենթադրում է, որ մենք կհասնենք խաղաղության, եթե Ադրբեջանը դառնա Հայաստանի տերն ու տիրակալը: Սա կեղծ խաղաղություն է և վտանգավոր բանաձև: Եւ դրա դրսևորումները մենք արդեն տեսնում ենք. մեզանից պահանջում են Անկախության հռչակագիրը հանել մեր երկրի գլխավոր փաստաթղթից՝ Սահմանադրությունից, շատ լավ հասկանալով, որ դրանով խարլում են մեր անկախ պետականության վերսկսման հիմքերը»,- այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահը Լևոն Զուրաբյանը:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, գործարար և բարերար Սամվել Կարապետյանը մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պահանջել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից փարատի 300 հազար ադրբեջանցիներին Հայաստանի տարածքում վերաբնակեցնելու համար առաջացած մտահոգությունները։
«Ես պայմանավորվածությունների մասին տեղեկություններ չունեմ, բայց տեսնելով այս ամենը՝ վստահ եմ, որ ադրբեջանցիները շատ լուրջ են տրամադրված։ Եթե մենք չկանգնեցնենք այս գործընթացը, ապա Հայաստանում կտեսնենք 300 հազար, 500 հազար, իսկ հաշվի առնելով նրանց բազմացման տեմպերը՝ թերևս նույնիսկ մեկ միլիոն ադրբեջանցի։ Կա երկու կարևոր խնդիր՝ Սյունիքի կորուստը և Հայաստանի տարածքում իրենց լավ զգացող ադրբեջանցիները», – նշել է Կարապետյանը։