Փոփոխություններ զինծառայություն անցած արցախցիների համար ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգում

  • 15:51 11.05.2026
ԼՂ–ից բռնի տեղահանված, 27 տարին լրացած անձինք այլևս խնդիր չեն ունենա ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցում, եթե տեղահանման հետևանքով կորցրել են կամ չեն վերցրել ծառայությունը փաստող փաստաթղթերը։ Այսօր Ազգային ժողովում այդ մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Արման Սարգսյանը` ներկայացնելով «Զինվորական ծառայության, զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
2024 թ. հունվարի 16–ին ԱԺ–ն ընդունեց օրենսդրական փոփոխություններ, ըստ որոնց` 27 տարին լրացած և ծառայություն չանցած անձինք, կարող են վերադառնալ Հայաստան, մուծել կոնկրետ գումար, այս կամ այն չափով ծառայել կամ չծառայել` արդյունքում ազատվելով քրեական պատասխանատվությունից։
Պաշտպանության փոխնախարարը նշեց, որ այս կարգավորումը որոշակի խնդիրներ էր ստեղծել ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց համար։
«Սա խոչընդոտում էր ՀՀ քաղաքացիություն ստանալը, քանի որ բռնի տեղահանման ժամանակ շատ դեպքերում չեն պահպանվել այդ անձանց` զինվորական ծառայություն անցած լինելու փաստաթղթերը։ Նոր փոփոխություններով ԼՂ–ից բռնի տեղահանվածների վրա 2024 թ. ընդունված կարգավորումները չեն գործի»,– հայտարարեց նա։