
Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ Հայաստան կատարած այցից հետո Ֆրանսիայի ԱԳ նախարարը Սենատում հայտարարություն արեց Արցախի մշակութային ժառանգության պահպանության անհրաժեշտության մասին եւ կոչ արեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկել Արցախ։ Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե Ֆրանսիան ակտիվանո՞ւմ է այս ուղղությամբ, հետագա ի՞նչ քայլեր ու նախաձեռնություններ կարող են լինել Արցախի հարցում։
«Ցավոք, ես չեմ կարող լավատես լինել այս հարցում, քանի որ դեռևս 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո Ֆրանսիան փորձել է թույլ չտալ, որ Արցախի հարցը ամբողջությամբ դուրս մղվի միջազգային օրակարգից՝ հատկապես մշակութային ժառանգության, բռնի տեղահանված արցախահայության իրավունքների և միջազգային իրավունքի հարցերի միջոցով։
2020 թ. նոյեմբերի 19-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան պատրաստ է ՅՈւՆԵՍԿՕ-ի շրջանակում աջակցել Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությանը և խոսել էր «մշակութային հրադադարի» անհրաժեշտության մասին։ Դրանից հետո ՅՈւՆԵՍԿՕ-ն առաջարկեց միջազգային առաքելություն ուղարկել Արցախ՝ մշակութային ժառանգության վիճակը գնահատելու համար։ Իսկ, 2024 թ. փետրվարի 22-ին Ֆրանսիայի ԱԳ Նախարարն արդեն Ֆրանսիայի Սենատում հայտարարեց, որ շարունակում է աջակցել ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության ուղարկմանը և հիշեցրեց Արդարադատության միջազգային դատարանի որոշումները՝ հայկական ժառանգության պաշտպանության և արցախահայերի վերադարձի իրավունքի վերաբերյալ»,- ասաց Հովհաննես Գեւորգյանը։
Նրա խոսքով, սակայն, այս դիրքորոշման և հայտարարություների սահմանափակ ացդեցությունն էլ ակնհայտ է․ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությունը մինչ այսօր չի իրականացվել՝ Ադրբեջանի մերժման պատճառով, և որևէ իրական միջազգային պաշտպանական մեխանիզմ տեղում չի ստեղծվել։ Այսինքն՝ Փարիզը չի կարողացել դա վերածել գործնական ու պարտադրող քայլերի։
«Կուզենայի նաև կարծիք հայտնել, որ որևէ արտաքին ուժ երբեք չի սիրելու Հայաստանն ու Արցախն ավելի, քան մենք՝ հայերս և չի պաշտպանելու հայկական շահերը այնպես, ինչպես մենք կցանկանայինք։ Հաճախ մենք իդեալականացնում ենք մեր այս կամ այն «պաշտպանին», հետո հիասթափություն ենք ապրում»,- հավելեց Գեւորգյանը։