
Էրեբունիում շրջելու ընթացքում Գագիկ Ծառուկյանը նշել է, որ հենց այդ պահին մտքով անցել է իր ընկերոջ՝ Ադրբեջանում գերության մեջ գտնվող բարերար, գործարար, Ռուբեն Վարդանյանի նախաձեռնություններից մեկը։
«Հենց իմ մտքով անցնում էր Ռուբեն Վարդանյանի ծրագիրը, որ Երևանում մի քանի տեղ ճոպանուղիներ բացվեն՝ մեկը Էրեբունիում, մեկը Կասկադում, մեկը Նորքում։ Հույս ունեմ, որ մոտ ժամանակներս հնարավորություն կլինի այդ ծրագիրը կյանքի կոչելու»,– ասել է Ծառուկյանը։
Առաջիկայում կստեղծվի հայ գերիների հայրենադարձման հատուկ խումբ։ Դրա ներկայացուցիչները կաշխատեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ այս հարցի շուրջ։ Այս մասին հայտարարել է «Հզոր Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
«Այս մարդիկ պայքարել են մեր հայրենիքի համար։ Մենք ամեն ինչ կանենք այս հարցը հնարավորինս շուտ լուծելու համար», – հայտարարել է նա։
Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Ադրբեջանում պահվող գերիների հարցին, ասաց, որ հնարավորն անում են անազատության մեջ գտնվող անձանց խնդիրը շուտափույթ լուծելու, միևնույն ժամանակ ընդգծելով՝ «այն խոսույթը, որ օգտագործում են ընդդիմադիր ուժերը, չի նպաստում խնդրի լուծմանը:
«Ադրբեջանում տեսնում են Իշխանյանի [խոսքը Ադրբեջանում պահվող Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի մասին է-խմբ.] կուսակիցները (ՀՅԴ) Հայաստանում ինչ խոսույթով են հանդես գալիս, հիմա դա ազդո՞ւմ է ընդհանուր պրոցեսի վրա, իհարկե, ազդում է: Կամ պարոն Բաբայանի [ խոսքը Ադրբեջանում պահվող Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի մասին է-խմբ.] թիմակիցները և համախոհները Հայաստանում ինչ խոսույթով են հանդես գալիս: Այսինքն՝ եթե նույն Դաշնակցությունը զարգացնում է այն միտքը, որ Ղարաբաղը հետ ենք բերելու, տրամաբանական է, որ նույն քաղաքական ուժի ներկայացուցչին Ադրբեջանը փորձի րոպե առաջ ազատ արձակի, որ գնա միանա այդ պրոցեսի՞ն, պարզ է չէ՞, որ դա կոնֆլիկտի խոսույթ է և բերելու է ինչ-որ պահի ինչ-որ մի դրսևորման»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Փաշինյանը:
Դավիթ Բաբայանը, Դավիթ Իշխանյանը և Ռուբեն Վարդանյանը ուղերձներ են հղել բանտից, մատնացույց անելով իրավադատական ֆարսը և խնդրելով ապահովել իրենց իրավունքները։ Նրանք պահանջում էին, որ Հայաստանի ՄԻՊ-ը այցելի իրենց, կազմակերպի իրենց ու ընտանիքների հանդիպումը։ Անահիտ Մանասյանն արդեն հայտնել է, որ իր լիազորությունները սահմանափակվում են Հայաստանի Հանրապետությունով։