Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ ու հավաքածուներ հայտնվել են գnյաբանական uպառնալիքի պայմաններում

  • 11:05 18.05.2026

Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ ու հավաքածուներ հայտնվել են գnյաբանական uպառնալիքի պայմաններում։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։

Նա, մասնավորապես, նշել է. ««Այս տարվա Թանգարանների միջազգային օրվա պաշտոնական խորագիրն է՝ «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը»։ Սակայն այդ միավորող առաքելությունը կարող է լիարժեք իրագործվել միայն այն դեպքում, երբ միջազգային հանրությունը գործնականորեն արձագանքի այն իրավիճակներին, որտեղ մշակութային ժառանգությունը գտնվում է համակարգված ոչնչացման և ամբողջական կորստի վտանգի տակ՝ ինչպես ներկայումս Արցախում։

Յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին աշխարհում նշվում է Թանգարանների միջազգային օրը՝ որպես կարևոր միջազգային հարթակ, որի նպատակն է ընդգծել թանգարանների դերը հասարակությունների կրթական, գիտական և մշակութային զարգացման գործընթացներում, ինչպես նաև՝ մարդկության մշակութային ժառանգության պահպանման, ուսումնասիրության և հանրահռչակման գործում։ Այս նախաձեռնությունը հաստատվել է 1977 թվականի մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) 11-րդ գլխավոր համաժողովի ընթացքում, իսկ 1978 թվականից ի վեր այն նշվում է աշխարհի ավելի քան 150 երկրում, այդ թվում՝ Հայաստանում։

Առանձնահատուկ մտահոգության առարկա է բռնազավթված Արցախում ստեղծված իրավիճակը, որտեղ Ադրբեջանի կողմից իրականացվող պետական քաղաքականության հետևանքով Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է լիակատար և համակարգված ոչնչացման, աղավաղման և յուրացման իրական ու շարունակական վտանգի տակ։ Այս գործընթացները վտանգում են ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակութային ժառանգության անփոխարինելի արժեքներ։

Արցախը՝ հազարամյակների պատմություն ունեցող և համաշխարհային քաղաքակրթության կարևորագույն օջախներից մեկը, երկար տարիներ ակտիվորեն մասնակցել է Թանգարանների միջազգային օրվան՝ կազմակերպելով ցուցահանդեսներ, գիտաժողովներ, կրթական և մշակութային ծրագրեր, որոնց նպատակն էր ներկայացնել տարածաշրջանի բացառիկ պատմամշակութային ժառանգությունը։ Արցախի թանգարաններն ու մշակութային հաստատությունները եղել են ոչ միայն հիշողության պահպանման կենտրոններ, այլև գիտական ուսումնասիրությունների և մշակութային ինքնության պահպանման առանցքային հենասյուներ։

2023 թվականի իրադարձություններից հետո Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ ու հավաքածուներ՝ իրենց հնագիտական, պատմական, ազգագրական և գեղարվեստական բացառիկ նմուշներով, հայտնվել են գոյաբանական սպառնալիքի պայմաններում։ Այսօր դրանք զրկված են բնականոն գործունեությունից, իսկ դրանց հավաքածուները կանգնած են ամբողջական ոչնչացման, ապամոնտաժման, կեղծման և նպատակային յուրացման բարձր ռիսկի ներքո։

Արցախի մշակութային ժառանգությունը, որն ունի ոչ միայն ազգային, այլև համամարդկային արժեք, ենթարկվում է համակարգված քաղաքականության, որի նպատակը պատմական հիշողության խեղաթյուրումն է, մշակութային ինքնության ջնջումը և պատմաճարտարապետական արժեքների վերագրումը կամ ֆիզիկական ոչնչացումը։ Այս իրավիճակը պահանջում է միջազգային հանրության առավել հետևողական և հասցեական ուշադրություն՝ որպես մշակութային ժառանգության պաշտպանության հրատապ խնդիր։

Այս պայմաններում Թանգարանների միջազգային օրը պետք է դիտարկվի ոչ միայն որպես խորհրդանշական տոն, այլև որպես միջազգային հանրության համար պատասխանատվության օր՝ ուղղված մշակութային ժառանգության պաշտպանության, վտանգների բարձրաձայնման և կանխարգելման գործողությունների խթանմանը»։

2026 թվականը հոբելյանական է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) համար․ կազմակերպությունը նշում է իր հիմնադրման 80-ամյակը՝ ութ տասնամյակ շարունակ միավորելով համաշխարհային թանգարանային հանրույթը և նպաստելով մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանը։