
Եղվարդ քաղաքում գործող Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում պաշտոնապես մեկնարկել է ջրաբուժության ծառայությունը, ինչը ևս մեկ կարևոր քայլ է համայնքում հասանելի և որակյալ վերականգնողական ծառայությունների զարգացման ուղղությամբ։
“Ջրաբուժությունը վերականգնողական բուժման արդյունավետ մեթոդներից է, որն օգնում է բարելավել շարժունակությունը, մկանային ուժն ու բալանսը, նվազեցնել ցավը և նպաստել ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեհուզական վիճակի բարելավմանը։ Ջրի միջավայրում իրականացվող վարժությունները հնարավորություն են տալիս առավել անվտանգ և արդյունավետ աշխատել տարբեր խնդիրներ ունեցող երեխաների և մեծահասակների հետ։
Մեզ համար կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր շահառու իր համայնքում ստանա ժամանակակից, մասնագիտական և արժանապատիվ վերականգնողական աջակցություն։ Կենտրոնը շարունակելու է անել հնարավոր ամեն բան՝ ծառայությունները առավել հասանելի և արդյունավետ դարձնելու համար”, ասում են նախկինում Ստեփանակերտի Վերականգնողական կենտրոնի աշխատակիցները։
Միջոցառմանը ներկա էին կենտրոնի բարեկամները, աջակիցները, շահառուները և նրանց ընտանիքների անդամները: Ծառայությունից կկարողանան օգտվել տարբեր խնդիրներ ունեցող մեր հայրենակիցները Հայաստանից ու Արցախից: