
Այսօր՝ մայիսի 22–ին, վաղ առավոտյան դիմակավորված ԱԱԾ–ականները ներխուժել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ։ Կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը Facebook–ի իր էջում «լայվ» է մտել, որտեղ նա պահանջում է իրավապահներից նախ ծանուցագիր ներկայացնել, նոր սկսել քննչական գործողությունները, որից հետո միայն ինքը կանջատի հեռախոսը։
Իրավապահները պահանջում են անջատել հեռախոսը, քանի որ սա գաղտնի քննչական գործողություն է։ Այնտեղ է նաև Անդրանիկ Թևանյանը։ Այս մասին հայտնում է news.am-ը։
Մայիսի 21-ին ՔԿ–ն հաղորդագրություն է տարածել, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։
Անդրանիկ Թևանյանը ԲՀԿ նախընտրական ցուցակում երկրորդն է։
Խոսքը 2024 թվականի իրադարձությունների մասին է․ ըստ ՔԿ-ի, Թևանյանը “622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց փոխանցել է պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ»:
Թևանյանը պնդում է, որ 2023-ին վայր է դրել պատգամավորական մանդատը և չէր կարող մասնակցել 2024-ի փակ նիստին։