«Ռոսպոտրեբնադզորը» ժամանակավոր սանիտարական միջոց է կիրառել՝ կասեցնելով «Ջերմուկ» ջրի բոլոր խմբաքանակների ներկրումն ու շրջանառությունը ՌԴ տարածքում։ Այս մասին գերատեսչությունը հայտնել է MAX հարթակի իր ալիքում:
«2026 թվականի մայիսի 22-ից «Ռոսպոտրեբնադզորը» ժամանակավոր սանիտարական միջոց է կիրառել Ռուսաստանի Դաշնության տարածք սննդամթերքի ներկրման և շրջանառության կասեցման վերաբերյալ։ Խոսքը «Ջերմուկ» բնական բուժիչ-սեղանի հանքային խմելու գազավորված ջրի մասին է, արտադրող՝ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ»,-ասված է հաղորդագրության մեջ:
«Ռոսպոտրեբնադզորը» համապատասխան ծանուցումներ է ուղարկել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողով և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմիններին:
Գերատեսչությունից պարզաբանել են, որ նշված արտադրանքը չի համապատասխանում մակնշման մեջ նշված տեղեկատվությանը, ինչը խախտում է ԵԱՏՄ ՏԿ 044/2017 «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի 3-րդ բաժնի 10-րդ կետի պահանջները:
«Ջրում հայտնաբերվել է հիդրոկարբոնատ-իոնի, քլորիդների և սուլֆատների պարունակության գերազանցում։ Արտադրանքի բուժիչ հատկությունների վերաբերյալ մոլորության մեջ գցելը կարող է հանգեցնել ոչ արդյունավետ բուժման, առողջության վատթարացման։ «Ռոսպոտրեբնադզորը» համապատասխան ծանուցումներ է ուղարկել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողով, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմիններին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ ռուսական շուկա հայկական ծիրանի և «Ջերմուկ» հանքային ջրի արտահանման հետ կապված խնդիրներ չկան և չեն կանխատեսվում։
Նշենք, որ 2025 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստանը Ռուսաստան է արտահանել շուրջ 12,6 մլն լիտր հանքային ջուր, ինչը մոտավորապես հավասար է 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշին։