2023-ի սեպտեմբերի 19-ին Սառնաղբյուրում զոհված Դավիթը կդառնար 18 տարեկան

  • 07:07 28.05.2026

«Դավիթ դեպի լույս» խորագիրն էր կրում Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կազմակերպված հիշատակի միջոցառումը, որը նվիրված էր 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմում Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղում զոհ դարձած Դավիթ Ալեքսանյանի ծննդյան օրվան։ Նա կդառնար 18 տարեկան։

Ցերեկույթին ներկա էին Դավիթի հարազատները, ուսուցիչները, դասընկերները, Նախիջևանիկի ձորակի բնակիչները, 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմում զոհվածների ծնողներ։ Միջոցառումը կյանքի է կոչվել Ռիմա Եղիազարյանի աջակցությամբ, ով Դավիթի հետ պատահական ծանոթությունից հետո դարձել է Ալեքսանյանների ընտանիքի հարազատ մարդ։

Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմներում նահատակված հերոսների ու անմեղ զոհերի հիշատակը։

Ցերեկույթը վարում էր Հունան Թադևոսյանը

– 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Սառնաղբյուր գյուղում թշնամու հրթիռակոծության հետևանքով զոհվեցին՝ 15-ամյա Դավիթ Ալեքսանյանը, նրա պապիկը՝ Ալեքսանդր Ալեքսանյանը, տատիկը՝ Գոհար Գրիգորյանը, եղբայրներ՝ Նվեր և Միքայել Ղազարյանները։ Տասնյակ սառնաղբյուրցիներ վիրավորվեցին ու գերեվարվեցին։ Փոքրիկ գյուղը մեծ կորուստներ ունեցավ։

Միջոցառման ընթացքում ներկաները մասնակցեցին փոքրիկ «ճամփորդության», որը դեպի տուն՝ Սառնաղբյուր էր տանում։ Բոլորը Դավիթին համեմատում էին լույսի հետ, որը երբեք չի մարի։

Դասվար Ժաննա Գաբրիելյանը չէր կարողանում զսպել հուզմունքը

-Ինձ համար Դավիթը միշտ ներկա է։ Նա այսօր պետք է իր ծնունդը նշեր ու ավարտական քննություններին պատրաստվեր, քանի որ Վերջին զանգի արարողությունն արդեն եղել է։ Դավիթն անպայման կհանձներ քննություններն ու կմտածեր բանակ մեկնելու մասին, որովհետև դա իր երազանքն էր։ Նա շատ էր ուզում ծառայել հայրենիքին ու պաշտպաներ նրա սահմանները։

Դասղեկ Վարդիթեր Միրզոյանը, դասամատյանը ձեռքին, ներկա, բացակա է անում։ Երբ կարդում է Դավիթ Ալեքսանյանի անուն, ազգանունը, դասընկերները միաձայն պատասխանում են՝ ներկա

-Շնորհակալություն ծնողներին՝ Գարիկին ու Օքսաննային այդպիսի որդի դաստիարակելու համար, իսկ քրոջը՝ Դիանային ասում ենք՝ հպարտ եղիր, որ Դավիթի քույրն ես։

Դավիթի մասին պատմում են նրա դասընկերները։ Յուրաքանչյուրի խոսքում կարոտ կար, որ երբեք չի անցնի, լույս կար, որ երբեք չի հանգչի, սեր կար, որ երբեք չի մարի։ Ընկերների խոսքով՝ դասարանի պատմությունն անհնար է պատկերացնել առանց Դավիթի լուսավոր ներկայության։ Նա միշտ սեր ու ջերմություն էր սփռում իր շուրջը, իր կատակներով ամեն մի օրը դարձնում իսկական տոն։

Ելույթներ ունեցան Լիանա Սառաջյանը, ՊԲ մայոր Ալեքսանդր Սահակյանը, Նաիրա Պողոսյանը, Ալյոնա Գաբրիելյանը։ Բոլորի համար Դավիթը լուսավոր տղա է, որի հիշատակը միշտ վառ է մնալու ապրողների սրտերում։

Միջոցառման նախաձեռնող, միշտ Դավիթի ծնողների կողքին կանգնած Ռիմա Եղիազարյանն իր ու Դավիթի ծանոթությունը համարում է Աստծո կողմից տրված պարգև։

-Կյանքում կան հանդիպումներ, որոնք թվում են պատահական, բայց հետո հասկանում ես՝ դրանք ճակատագիր էին։ Մեր ծանոթությունը հենց այդպիսին էր։ Մի սովորական հանդիպում, որ ժամանակի ընթացքում դարձավ անկեղծ ու ջերմ ընկերություն։ Դավիթը մարդկանց հետ արագ էր մտերմանում, քանի որ նրա մեջ մի յուրահատուկ պարզություն կար։ Այսօր այս դահլիճը լույսով է ողողվել, և ես ուզում եմ, որ մենք մեր մեջ միշտ պահենք Դավիթի լույսը։

Նաիրա Սարուխանյանի գեղեցիկ ասմունքն ու երգը, ինչպես նաև ստեփանակերտցի ջութակահարի կատարումները ոգևորութուն, միաժամանակ թախիծ պարգևեցին ներկաներին։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ