Ֆրանսիան զորքեր կտեղակայի Կիպրոսում։ Politico

  • 18:37 07.06.2026

Ֆրանսիան և Կիպրոսը երկուշաբթի օրը կստորագրեն համաձայնագիր, որը թույլ կտա ֆրանսիական զորքերի տեղակայումը կղզում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Politico թերթին և Կիպրոսի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին։

Ապրիլի վերջին Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսը հայտարարել է, որ Ֆրանսիան զորքեր կտեղակայի Կիպրոսում «մարդասիրական նպատակներով»։

«Ֆրանսիան և Կիպրոսը երկուշաբթի օրը կստորագրեն ուժերի կարգավիճակի մասին համաձայնագիր, որը թույլ կտա Փարիզին զորքեր տեղակայել Միջերկրածովյան կղզում», – հաղորդում է թերթը՝ հղում անելով բարձրաստիճան պաշտոնյաներին։

Պարբերականը շեշտում է, որ փաստաթուղթը կստորագրեն Ֆրանսիայի և Կիպրոսի պաշտպանության նախարարներ Կատրին Վոտրինը և Վասիլիս Պալմասը նույն օրը, երբ նրանք կմասնակցեն Եվրոպական արտաքին գործերի խորհրդի ոչ պաշտոնական հանդիպմանը։ Համաձայնագիրը կսահմանի այն պայմանները, որոնց համաձայն ֆրանսիական զորքերը կտեղակայվեն կղզում և այնտեղ կանցկացնեն զորավարժություններ, այդ թվում՝ համատեղ, ինչպես նաև պաշտպանական գործընկերության մի շարք այլ ասպեկտներ։