Առանց փողոցային պայքարի. Քոչարյանի ուժը կարող է վիճարկել ընտրությունները

  • 19:12 08.06.2026

Հունիսի 8-ին հայերը անքուն գիշերից հետո խաղաղ գնացին աշխատանքի։ Փողոցային բախումներ կամ բողոքի ցույցեր չեղան, միայն մի շարք դժգոհություններ հնչեցին։ Խորհրդարանում տեղեր ստացած կուսակցությունները չեն հայտարարել, որ չեն վերցնի մանդատները։ Սակայն «Հայաստան» ընդդիմադիր դաշինքը կվիճարկի խորհրդարանական ընտրությունների արդյունքները և կքննարկի իր հաջորդ քայլերը մյուս ընդդիմադիր ուժերի հետ։ Այս մասին հայտարարել է դաշինքի առաջնորդ, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ֆեյսբուքում։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 120 ձայնով պակաս է ստացել չորս ընտրատեղամասերում անցկացված ստուգումների արդյունքում։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։ Հիմա կատարվում է վերահաշվարկ։ ։

Հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունները անցել են վարչական ռեսուրսի համատարած և համակարգված կիրառմամբ, ընտրակաշառքի, սպառնալիքի, ատելության խոսքի, հասարակության ծայրահեղ բևեռացման մթնոլորտում: Այս մասին հայտարարություն է տարածել «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը։

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ ցանկալի արդյունքին հասնել հնարավոր է միայն հեղափոխական փոփոխություններ բերելով, ասված է կուսակցության հայտարարության մեջ։

Հայաստանի շնորհապետական կուսակցության հիմնադիր նախագահ Գուրգեն Սիմոնյանը հայտարարել է, որ ընտրությունները համարում է ոչ լեգիտիմ՝ վկայակոչելով անհավասար մրցակցային պայմանները, ընտրակաշառքների, վարչական ռեսուրսի կիրառման և արտաքին միջամտությունների մասին պնդումները։

Նա Նկատեց, որ ի հեճուկս Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հանրության արևմտամետ ակնկալիքների, 9-րդ գումարման Ազգային Ժողովում ներկայացված են լինելու բացառապես ռուսամետ քաղաքական ուժերը։

«Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է, թե ընտրական գործընթացի ընթացքում դաշինքը գործել է «աննախադեպ ու զանգվածային ճնշումների և հետապնդումների պայմաններում» և, որ այսպիսով ԿԸՀ հրապարակած թվերը «չեն կարող արտացոլել իրական պատկերը»:

«Նախընտրական փուլը ուղեկցվել է մեր առաջնորդի, թեկնածուների, համակիրների և թիմակիցների նկատմամբ նպատակային գործողություններով, զանգվածային ապօրինի ձերբակալություններով ու քրեական հետապնդումներով, որոնք միտված էին սահմանափակել քաղաքական մրցակցությունն ու ազդել ընտրողների ազատ կամարտահայտության վրա»,- գրել է «Ուժեղ Հայաստանի» խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը:

Դաշինքից պնդում են, թե քվեարկության օրը կիրառվել է վարչական ռեսուրս:

«Բացի այս, տեղի է ունեցել աննախադեպ երևույթ. մինչև ԿԸՀ-ի կողմից բոլոր ընտրատեղամասերի արդյունքների մշակումը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «հաղթանակի և միանձնյա իշխանություն ձևավորելու» մասին, ինչն ուղիղ հրահանգ ու ազդակ էր ԿԸՀ-ին»,- ասված է կուսակցության խոսնակի հայտարարությունում:

Նշվում է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը ներկայումս զբաղված է «իրավիճակի վերլուծությամբ»:

«Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը նշել է, որ «մեր հայրենիքի համար աննահանջ պայքարը մենք շարունակելու ենք մինչև հաղթանակ: Հետագա անելիքների մասին ավելի համապարփակ կխոսենք առաջիկայում»։